ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2012

19-06-2013

ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումների դեպքեր պատահում են նրանց կյանքի ցանկացած ոլորտում: Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, հոգեբանական և ֆիզիկական բռնությունը, ծառայությունների տրամադրման և շփման մերժումը այն վերաբերմունքն է, որ նրանք ստանում են իրենց առօրյա կյանքում: Հասարակական գործընթացների փոփոխման հետ միասին փոխվում է նաև ԼԳԲՏ անձանց տեսանելիության մակարդակը մեր կյանքում:

Հայաստանում մարդիկ խտրականության են ենթարկվում, խարանվում են և նույնիսկ բռնության զոհեր են դառնում իրենց իրական կամ ընկալվող սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով: Նրանք չեն կարողանում ամբողջությամբ օգտվել մարդու համընդհանուր իրավունքներից և հիմնարար ազատություններից: Շատ մարդկանց մոտ, ներառյալ քաղաքական առաջնորդների, առկա է զգալի դիմադրություն ԼԳԲՏ անձանց իրավունքների իրացման հարցը քննարկելիս:

Ներկայումս, Հայաստանում գոյություն չունի հասարակական կյանքի մի այնպիսի ոլորտ, որտեղ ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանված լինեն: Բոլոր ոլորտներում` զինված ուժեր, բանակ, ոստիկանություն, կրոն, կրթություն, առողջապահություն, զբաղվածություն, մինչև իսկ ընտանիք, ԼԳԲՏ անձիք, եթե բացահայտում են իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, առնչվում են բազմաթիվ  խնդիրների և իրավունքների ոտնահարումների հետ:

Սույն զեկույցն ամփոփում է 2012թ-ի ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների առավել հանրային և շատ լուսաբանված դեպքերն ու դրանց հաջորդած իրադարձությունները:

լուսանկարը` Օնիկ Կրիկորյանի

Դի-Այ-Ուայ ակումբի պայթեցում

2012 թ-ին տեղի ունեցած իրադարձությունները որոշակիորեն փոփոխեցին ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակի քննարկման դիսկուրսը: Նախկինում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրներն ընդհանրացվում էին միայն մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում: Այնուամենայնիվ, ԼԳԲՏ խմբին ահաբեկող գործողությունները նրանց հիմնախնդիրների ուսումնասիրությունը տեղակայեց նոր համատեքստում:

Դի-Այ-Ուայ ակումբը պայթեցվել է 2012 թ. մայսի 8-ին մի խումբ երիտասարդների կողմից, որոնք իրենց արարքը հիմնավորում են այն փաստով, որ ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան (հայտնի Ծոմակ արտիստիկ անունով) 2011թ-ին մեկնել է Թուրքիա և մասնակցել գեյ շքերթի, ինչպես նաև ակումբ հաճախում էին ԼԳԲՏ անձիք: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով՝ այն է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով: Հարկ է նշել, որ սա ամբողջությամբ չի որակում այս հանցագործությունը, քանի որ չի քննարկվում դրա կատարման ատելության հիմքը: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ներկայացրել է միջնորդություն դատախազություն՝ դեպքը որակելու որպես ահաբեկչություն, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: ՀՀ օրենսդրության մեջ բացակայում են իրավական դրույթներ, որոնք կնախատեսեն ատելության հիմքով կատարված հանցագործությունների հասկացությունը, կանխարգելումը, ինչպես նաև պատասխանատվությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության շարժառիթով կատարված հանցագործությունների համար:

Ոստիկանությունը հենց նույն օրը ձերբակալել է Ա. Խ և Հ. Խ. եղբայրներին, ովքեր հանդիսանում են «Հայաստանի սև ագռավները» խմբի անդամներ: Նրանք ազատ են արձակվել ստորագրության և գրավի դիմաց շնորհիվ ԱԺ պատգամավորներ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանի և Հրայր Կարապետյանի միջնորդության: Ակումբի պայթեցումը արդարացվել է նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ և Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև ՀՀԿ անդամ Համլետ Սահակյանի, Ռուբեն Հայրապետյանի կողմից, ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանի և Արթուր Աղաբեկյանի կողմից: Ստեղծված անպատժելիության մթնոլորտում Արմինե Օգանեզովան և նրան աջակցող բոլոր մարդիկ դարձան սպառնալիքների թիրախ ազգայնական ուժերի կողմից: Պայթեցված ակումբի պատերին ամեն օր ավելանում էին սպառնալիքներն ու զգուշացումները: Ոստիկանության կողմից չի ապահովվել Արմինե Օգանեզովայի և նրա հարազատների անվտանգությունը:

Մամլո հրապարակումները այս դեպքի շուրջ հիմնականում կրում էին սկանդալային բնույթ, որի արդյունքում երկար ժամանակ Արմինե Օգանեզովան և ԼԳԲՏ անձիք ներկայացվում էին ծայրահեղ բացասական համատեքստում, ինչն էլ իր հերթին նպաստում էր նրանց նկատմամբ ագրեսիայի դրսևորումների ուժգնացմանը: Սպառնալիքների  և պետության կողմից համապատասխան պաշտպանության չստանալու արդյունքում Արմինե Օգանեզովան և նրա քույրը, ով հեռացվել է աշխատանքից այս իրադարձությունների պատճառով, լքել են երկիրը:

լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

Բազմազանության երթի խափանում

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ները և մի շարք ակտիվիստներ կազմակերպեցին դեռևս երկու տարի առաջ պլանավորված «Բազմազանության երթ», որը պետք է  տեղի ունենար մայիսի 21-ին՝ ՄԱԿ-ի Մշակութային բազմազանության և երկխոսության միջազգային օրը: Միջոցառումը ծայրահեղական խմբերի կողմից որակվեց իբրև «գեյ շքերթ», և լրատվամիջոցների միջոցով արագ տարածվեց ապատեղեկատվությունը: Մայսի 21-ին վերոնշյալ ծայրահեղկական խմբերը հավաքվել էին Կասկադում, որտեղից պետք է սկսվեր երթը: Հակաերթի նախապես կազմակերպված լինելու մասին վկայում էին մասնակիցների մոտ առկա միանման պաստառները, և այն, որ որոշ անձիք հանդիսանում էին կարգադրություններ տվողներ: Երթի ողջ ընթացքում ազգայնամոլ խմբերը վիրավորում և անպատվում էին երթի մասնակիցներին: Պարբերաբար հարձակումների և ֆիզկական բռնության ենթարկվելուց մասնակցիներին ետ էին պահում ոստիկանության աշխատակիցները: Երթը ընթացավ մինչև Նկարիչների միություն, որտեղ պետք է տեղի ունենար «(ան)նման» ցուցահանդես, սակայն անվտնագության նկատառումներից ելնելով այն չեղյալ համարվեց: Երթի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկան շենքի ետնամասից՝ բախումներից խուսափելու նպատակով: Որից հետո ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է ծայրահեղականներին, որ երթի մասնակցիները լքել են տարածքն այլ մուտքից: Այն ընթացքում, երբ երթի մասնակիցների վրա հարձակվող անձիք կուտակված էին Նկարիչների միության առջև, Հայ առաքելական եկեղեցու քահանաները ժամանել են և օրհնել նրանց, ինչպես նաև լրատվամիջոցներին հարցազրույց տվել՝ նշելով, որ դեմ են սեռական փոքրամասնություններին:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը դիմում է ներկայացրել դատախազություն՝ համապատասխան հետաքննություն իրականացնելու և կազմակերպիչներին բացահայտելու նպատակով: Այնուամենայնիվ, դատախազության կողմից ոչ մի քայլ չի նախաձեռնվել այս ուղղությամբ: Լրատվամիջոցները իրենց ուրույն դերն ունեին ստեղված իրավիճակում ատելության քարոզչության իրականացման, իրավիճակի սրման և թեմայի շահարկման գործում: Այս ամենից հետո նկատվել են նաև հետապնդումներ երթի կազմակերպիչների նկատմամբ: Սպառնալիքներ, անձնական վիրավորանքներ և բռնության կոչեր են հնչեցվել նրանց նկատմամբ ինչպես բացահայտ, այնպես էլ այլ եղանակներով` սոցիալական ցանցերի միջոցով, նամակներով, երրորդ կողմ ներգրավելու միջոցով:

Սփյուռքի ներգավումը

Մայիսի 8-ի և 21-ի իրադարձություններից հետո Սփյուռքի ներկայացուցիչները հանդես են եկել ատելություն սերմանող խմբերի գործողությունները դատապարտող հայտարարություններով և նախաձեռնել են առցանց ստորագրահավաք, որը պահանջում է Հայաստանի իշխանություններին հարգել ԼԳԲՏ անձանց սահմանադրական իրավունքները և պաշտպանել դրանք:

Միջազգային կառույցների արձագանքը

Մի շարք միջազգային կազմակերպություններ և դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում հանդես են եկել հայտարարություններով՝ արտահայտելով իրենց անհանգստությունը և կոչ անելով Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պետությունը ոչ մի քայլ չի նախաձեռնել՝ երաշխավորելու ԼԳԲՏ անձանց անվտանգությունը:

2012 թ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 105-րդ նստաշրջանի ընթացքում ուսումնասիրել է Հայաստանի կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի իրականացումը: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն գործընկերների աջակցությամբ ներկայացրել է զեկույց Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, որի արդյունքում կոմիտեն իր եզրակացությունների մեջ հատուկ նշել է Հայաստանի պարտավորությունները իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

APP2012Ակտիվիստներին լռեցնելու փորձերը Հայաստանից դուրս

«Հայերը և առաջադեմ քաղաքականությունը» կոնֆերանսը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ մեկնարկելով Նյու-Յորք քաղաքում, այնուհետև շարունակվելով Սան-Ֆրանցիսկո, Բերկլի և Լոս Անջելես քաղաքներում: Քաղաքացիական հասարակության այլ ակտիվիստների հետ միասին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը ևս մասնակցել է որպես խոսնակ և ներկայացրել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը: Երեք քաղաքներում ելույթները հաջողություն են ունեցել, սակայն Լոս Անջելես քաղաքում կազմակերպիչները՝ Հայ հեղափոխական դաշնակցության արևմտյան ճյուղը թույլ չի տվել նրան հանդես գալ իր ներկայացմամբ, որի արդյունքում մասնակիցների մեծ մասը` այդ թվում ակտիվիստները ևս լքել են դահլիճը և կոնֆերանսի այդ հատվածը անցկացրել այլ վայրում: Կազմակերպիչները իրենց քայլը պատճառաբանել են անվտանգության նկատառումներով:

Տարածքը լքելու ժամանակ Մամիկոն Հովսեփյանին է մոտեցել ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եղբայր` Մարգար Մելքոնյանը, սեղմել նրա ձեռքը և ասել, որ աջակցում է նրան:

Ֆիլմի ցուցադրության խափանում

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Գերմանիայի դեսպանատունը ձախողեցին ցուցադրել «Պարադա» ֆիլմը, որը պատմում է Սերբիայում սեռական փոքրամասնությունների իրավունքների համար տարվող պայքարի մասին: Ֆիլմի ցուցադրությունը հյուրընկալելու նախնական համաձայնություն տված բոլոր վայրերը հրաժարվեցին, քանի որ կրկին ծայրահեղական խմբերը հանդես եկան սպառնալիքներով: Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով կառավարությունից տրամադրել տարածք և ապահովել անվտանգությունը, սակայն նրանց պահանջը մնաց առանց արձագանքի:

Օրենսդրական նախաձեռնություններ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռել է հակախտրական օրենսդրության մշակում: Նրանց կողմից ներկայացված նախնական տարբերակի մեջ ներառված էր «սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը», սակայն հետագայում այս կետը դուրս է բերվել խտրականության սահմանումից: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվում է որևէ բացատրություն ներկայացնել այս հարցի շուրջ: Հայաստանում դեռևս չկա որևէ օրենք, որն արգելում է խտրականությունը, ատելության քարոզչությունը, բռնությունը և այլ հանցագործություններ` անձի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով:

Եզրակացություն

Ամփոփելով ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը 2012 թ-ի փաստագրումը՝ հարկ է նշել, որ ԼԳԲՏ անձիք ներկայացվում են իբրև հասարակության թշնամիներ: Նման կարծիքի ձևավորմանը մեծապես աջակցում են նաև լրատվամիջոցները: Այս ամենի արդյունքում հասարակական կյանքի գործառնության ցանկացած ոլորտ հանդիսանում է խտրականության, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնության վայր: ԼԳԲՏ և նրանց աջակցող անձանց ահաբեկող գործողությունները հանդիսանում են որակապես նոր մարտահրավերներ, որին համընդգրկուն հակադարձ տեղի չի ունեցել: Պետական պաշտոնյաների հայտարարությունները նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումներին` ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: