ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

04-04-2014

Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում:

Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:

Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները: