Փարաջանովի որդին հոր նույնասեռական կապերը հավանական է համարում

29-09-2015

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին` Սուրեն Փարաջանովը, չի բացառում, որ իր հայրը հարաբերություններ ունեցել է տղամարդկանց հետ, այդ մասին նա ասել է ուկրաինական «ԳՈՐԴՈՆ» առցանց թերթին:

«Համաձայնությամբ գուցե եղել է: Բազմաթիվ կանայք և տղամարդիկ, որոնք ցանկանում են նկարահանվել մեծ ռեժիսորի ֆիլմերում, ամեն ինչի պատրաստ են: Հորս մոտ այնքա՜ն այդպիսի մարդիկ են եկել: Նույնիսկ ինձ են այդպիսի խնդրանքով դիմել», – պատմել է Փարաջանովի որդին, որը նույնպես ռեժիսոր է:

Նա ընգծել է, որ եթե համաձայնությամբ է եղել, ապա դա հանցանք չէ. «Իսկ եթե ստիպողաբար, ապա այո [հանցանք է], բայց հայրս այդպիսի ուժ չուներ, որ առանց համաձայնության աներ դա», – ասել է կրտսեր Փարաջանովը:

Սակայն նա ավելացրել է, որ Փարաջանովին նույնասեռականության հոդվածով ազատազրկելը շինծու է եղել. «Եթե ինչ-որ բանի մասին մտածում էր, ապա բարձրաձայն ասում էր: Այդ ամենը վերջացավ նրան բանտարկությամբ: Բայց ի՞նչ հոդվածներով կարելի էր նրան բանտարկել: 12 հոդված էին ներկայացրել ու դրանցից ընտրեցին ամենավատը, որով նստելն ամենածանրն է: Բայց հոդվածը, մեծ հաշվով, շինծու էր», – ասել է նա:

Լուսանկարում Սերգեյ և Սուրեն Փարաջանովները (լուսանկարը` «Гордон»-ից)