Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը` ԼԳԲՏ անձանց մասով
Հայաստանում սեռական փոքրամասնությունները 2015թ. խտրականության են ենթարկվել զբաղվածության, առողջապահության, կրթության բնագավառներում, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում` մանրամասնելով, որ սեռական փոքրամասնությունները աշխատանք են փնտրում այն ոլորտներում, որտեղ հանդուրժողականություն կգտնեն: Որպես օրինակ ՄԻՊ-ը նշում է սննդի սպասարկման, վարսահարդարման, ծաղիկների ձևավորման ոլորտները:
Զեկույցում ասվում է, որ սեռական փոքրամասնությունները խտրականության են ենթարկվում նաև առողջապահական ծառայություններ ստանալիս, ու գրանցված դեպքեր կան, երբ մարդկանց բժշկական ծառայություն չեն տրամադրել` պայմանավորված նրանց սեռական կողմնորոշմամբ:
Ըստ ՄԻՊ-ի, 2015թ. հասարակության մեջ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության ցուցանիշն էական փոփոխություն չի կրել ու վերջիններիս նկատմամբ գրանցվել են բռնության գործադրման դեպքեր: Հղում անելով իրավապաշտպաններին` ասվում է, որ 2015թ. օգոստոսին Երևանի այգիներից մեկում 5 հոգի հարձակվել են 2 անձանց (տրանսգենդեր անձանց, խմբ.) վրա` պատճառելով լուրջ վնասվածքներ, մինչև անգամ` ուղեղի ցնցում: Տուժողները փորձել են օգնություն ստանալ անվտանգության աշխատակիցներից, որոնք հրաժարվել են օգնել նրանց
Ինչպես նախորդ տարիների մի շարք հետազոտություններում, ՄԻՊ-ի զեկույցում ևս նշվում է, որ նույնասեռականները առավել խոցելի են քրեակատարողական հիմնարկներում: Նրանք ներգրավված են քրեական մշակույթում «ոչ հարիր» համարվող աշխատանքներում` սանհանգույցների մաքրում, աղբահանություն: ՄԻՊ-ը խնդրահարույց է որակել, որ տարիներ շարունակ բարձրացվել է այս հարցը, բայց քրեակատարողական համակարգը որևէ միջոց չի ձեռնարկում այս մշակույթը վերացնելու ուղղությամբ:
Հղում անելով «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը` նշված է, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության, իսկ գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը չեն ներառվել խտրականությունն արգելող օրենսդրության մեջ (խտրականություն արգելող օրենսդրություն Հայաստանում առհասարակ չկա, խմբ.):
HRW-ն տվյալները ստացել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններից, սակայն ՄԻՊ-ը նախընտրել է զեկույցում տեղեկությունն ընդգրկել միջազգային կառույցից:
ՄԻՊ-ը նաև հիշեցնում է, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի զեկույցում Հայաստանին հանձնարարվել էր սեռական փոքրամասնություններին խտրականությունից արդյունավետ օրենսդրական և գործնական պաշտպանության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: