Դրսում համբուրվելը անընդունելի է. Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վերաբերմունքի հետազոտություն

14-06-2016

Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատամամբ վերաբերմունքի մասին ուսումնասիրություն է կատարել Փինք Արմենիան Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հետ համատեղ:

«Նախապաշարումներից հավասարություն» հետազոտությունը, որն անցկացվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, պարզել է, որ Հայաստանի բնակչության  90%-ը դեմ է ԼԳԲՏԻ անձանց` համաձայնելով, որ պետք է օրենքով սահմանափակվեն նրանց իրավունքները:

Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ եթե մարդիկ ԼԳԲՏԻ ծանոթ անձ ունեն, ավելի հանդուրժող են նրանց նկատմամբ, այսպես` 1017 հարցվածներից 91%-ը նշել է, որ ԼԳԲՏԻ ներկայացուցչի չի ճանաչում, իսկ ճանաչողներից 11%-ն ասել է, որ այդպիսի ընկեր ունի:

Հեռուսատեսությունը ԼԳԲՏԻ մարդկանց մասին տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրն է: Հարցվածներից 462-ը այդ տեղեկությունը ստանում են նորություններից ու լրատվական հաղորդաշարարերից, իսկ 151-ը` ժամանցային ծրարգերից: Հեռուստատեսությանը հաջորդում է սոցիալական ցանցերը, որտեղից տեղեկություն ստանում է 139 հոգի, իսկ առցանց լրատվամիջոցներից` 111-ը: ԼԳԲՏԻ անձանց մասին ամենաքիչ տեղեկությունը ստանում են ռադիոյից ու տպագիր թերթերից, երկուսի դեպքում էլ` 13-ը հոգի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում մեծ մասը կարծում է, որ նույնասեռականությունը սխալ դաստիարակման արդյունք է` 33%:

20.6%-ը պատասխանել է, որ գիտնականները դեռևս չունեն հստակ պատասխան, թե ինչպես է ձևավորվում մարդու սեռական կողմնորոշումը:

Այն, որ սեռական կողմնորոշումը պայմանավորված է իգական կամ արական հորմոնների ավելցուկով, վստահ է 14,8%-ը:

7,2%-ի համոզմամբ, կողմնորոշումը պայմանավորված է գենետիկական գործոններով, իսկ որ մարդն է ընտրում իր կողմնորոշումը` 11,8%-ն է այդպես կարծում:

Հարցվածների 5,1%-ի կարծիքով նույնասեռական են դառնում «գեյ պրոպագանդա»-ի արդյունքում: Ըստ 3,2%-ի, կրոնական ու սոցիալական բարոյականության մերժումն է մարդուն դարձնում նույնասեռական, և 2,2%-ը մտածում է, որ նույնասեռական են դառնում, երբ մարդուն դեռահաս տարիքում սեռական բռնության են ենթարկում:

Հայաստանի բնակչության զգալի մեծամասնությունը` 89%-ը, կարծում է, որ պետք է թույլ չտալ, որ նույնասեռականները` թե´ լեսբի, թե´ գեյ, աշխատեն երեխաների հետ, իսկ 83%-ի պնդմամբ, պետք է գեյերին թույլ չտալ, որպեսզի երեխա որդեգրեն, սակայն լեսբիների դեպքում 81%-ն է դեմ երեխայի որդգրմանը:

Լեսբիների և գեյերի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը երևում է նաև հարցից, թե արդյոք ընդունելի է, որ փողոցում նույնասեռական զույգերը ձեռքերը բռնած զբոսնեն: Գեյերի դեպքում 93,8%-ը անընդունելի է համարում, իսկ որ լեսբի զույգը ձեռք բռնած քայլեն անընդունելի է համարում 90,7%-ը, սակայն դրսում համբուրվելը երկու դեպքում էլ անընդունելի են համարում 97,5%-ը: Հետերոսեքսուալ զույգի ձեռք բռնելու հետ ոչ մի խնդիր չեն տեսնում 94,7%-ը, բայց եթե կին տղամարդ զույգը համբուրվեն դրսում, դա անընդունելի է 60,3% հարցվածների համար:

Այսուհանդերձ, Հայաստանում մեծամասնությունը` 40%-ը, կարծում է, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները պաշտպանված են:

Ամբողջ հետազոտությունը հնարավոր է կարդալ այստեղ: