ԼԳԲՏ անձանց զգալի մեծամասնությունը ուս. հաստատությունում ենթարկվում է բուլինգի. լռության օր` հանուն աշակերտների ապահով ուսման

20-04-2017

Վաղն` ապրիլի 21-ին, նշելու ենք ամենամյա Լռության օրը, որի նպատակն է, որ ուսումնական հաստատություններ ապահով դառնան երեխաների համար, վերացնել ու կանխել արժանապատվությունը նսեմացնող երևույթները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից։

Օրվան ընդառաջ Փինք Արմենիան առցանց հարցում է իրականացրել` ՀՀ կրթական հաստատություններում արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնության (bullying/բուլինգ) մասին պատկեր ստանալու համար:

49 հարցվածներից գրեթե 82%-ը նշել է, որ կրթական հաստատությունում ենթարկվել է բուլինգի, ընդորում, մոտ 35%-ը բազմիցս է ենթարկվել:

Մասնակիցներից 2-ը բուլինգի է ենթարկվել հարցումը լրացնելու հենց նախորդ օրը, ևս 2-ը` հարցումը լրացնելուց մեկ շաբաթ առաջ, մեկ ամիս առաջ բուլինգի է ենթարկվել 1 հոգի, նախորդ կիսամյակում նույնպես 2 հոգի է արժանացել նվաստացուցիչ վերաբերմունքի: Մեկ տարի առաջ բուլինգի ենթարկվածների թիվը 11 է, իսկ մի քանի տարի առաջ` 22:

Ուսումնասիրության մասնակիցները նշել են նաև, թե ինչ ձևով է արտահայտվել նրանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը: Ուրեմն, 30 հոգու վիրավորական արտահայտություններով են կանչել, 17-ին` հրել են կամ կմճտել, 25-ի մասին զզվելի պատմություններ են պատմել, 5 հոգուց գումար կամ անձնական իր են պահանջել, 7 հոգու տհաճ հաղորդագրություններ են ուղարկել, 4 հոգու ստիպել են անել մի բան, որն իրենք չեն ցանկացել անել, 29 հոգու արտաքինի, հագուստի վրա են ծիծաղել, 8 հոգու ծեծել են, բռնության ենթարկել, 26 հոգու հետևից գոռացել են «հոմո», «գեյ», «գալուբոյ», «գենդեր» և նման այլ բառեր:

33 հոգու արժանապատվությունը նսեմացրել են դասարանում կամ լսարանում, 31 հոգու` կրթական հաստատության միջանցքում, 12 հոգու` բուֆետում, 11 հոգու` մարզասենյակում, 23 հոգու` կրթական հաստատության բակում և 25 հոգու կրթական հաստատությունից տուն գնալու ճանապարհին:

Բուլինգի ենթարկվածներից 10-ը նախընտրել է ոչ ոքի չպատմել այդ մասին, 5 հոգի դիմել է կրթական հաստատությունում սովորղ իրենցից տարիքով մեծին, 22-ը` ապավինել են ընկերներին, 9 հոգի է, որ կիսվել է ընտանիքի անդամների հետ և միայն 6 հոգի է ուսուցչի կամ դասախոսի հետ խոսել այդ մասին:

Հարցվածներից 18-ը արական սեռի է, 28-ը` իգական, իսկ 3-ն այլ սեռի են:

Հարցման մասնակիցների տարիքը տատանվում է 15-34-ի միջև, որոնցից` 22 գեյ են, 10-ը` բիսեքսուալ, 6-ը` լեսբի, 4-ը` հետերոսեքսուալ, 1-ը` տրանսգենդեր, 1-ը` ասեքսուալ և 5 հոգի նշել է այլ սեռական կողմնորոշում:

Հարցումը ցույց է տալիս, որ ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ անձինք ապահով չեն: Հարցվածներից շատերը նշել են, որ միայն դասընկերներն ու կուրսեցիները չեն, որ վատ են վերաբերվում իրենց, այլև ուսուցիչների ու դասախոսների կողմից ևս նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում, և հոմոֆոբիան շատ հաճախ տարածվում է հենց նրանց պատճառով:

Այս իրավիճակին հակազդելու համար 2010թ.-ից Հայաստանում նշվում է Լռության օրը: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն ամեն տարի միջոցառումներ է իրականացնում ուղղված բուլինգի դեմ պայքարին, իսկ Լռության օրը չի պատասխանում հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:

Օրվա մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: