ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2015թ.

17-05-2016

2015թ. ԼԳԲՏ անձանց իրավունքների համար անկման տարի էր, քանի որ նոր ընդունված Սահմանադրությամբ ամուսնությունը սահմանվեց միություն` բացառապես կնոջ և տղամարդու միջև: Նույնասեռականների ամուսնության հարցը հատկապես լայնորեն արծարծվեց սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ, երբ հոմոֆոբ միավորումներն իշխանություններին մեղադրում էին նոր Սահմանադրությամբ նույնասեռականների ամուսությունները թույլատրելու մեջ, ինչի արդյունքում ամուսնության իրավունքի վերաբերյալ հոդվածը վերախմբավորվեց այնպես, որպեսզի նույնասեռականների համար հնարավոր չլինի ամուսնանալ:

ԼԳԲՏ անձանց ու նրանց աջակիցների դեմ ատելության մեկ այլ ալիք բարձրացավ, երբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Ծիածան» ֆորումը ու հրապարակվեցին մասնակիցների մի մասի նկարը: ԼԳԲՏ համայնքի նկատմամբ տելությունն այնքան ավելացավ, որ ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և «Ֆրոնթլայն դիֆենդերս» իրավապաշտպան կազմակերպությունը իրենց մտահոգությունը հայտնեցին հայտարարություններով:

2015թ. պետության ու հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ոչնչով չէր տարբերվում նախորդից: Նրանց նկատմամբ վիրավորական, զրպարտիչ տեղեկությունների տարածումը, խտրականությունը, բռնություններն ու բռնության կոչերը, ԶԼՄ-ներով ու համացանցով ատելության խոսքի տարածումը շարունակական բնույթ են կրել:

2015թ. նշանավորվեց նաև ԼԳԲՏ համայնքի դեմ ակտիվ պայքարող քաղաքական գործչի «աութինգով», որը Հայաստանում առաջին դեպքն էր, երբ բացահայտվեց հասարակությանը հայտնի հոմոֆոբ գործչի նույնասեռական լինելը:

2015թ. ևս ԼԳԲՏ անձինք ապավինել են հասարակական կազմակերպությունների օգնությանը` խուսափելով իրենց բողոքները ներկայացնել պետական մարմիններին: 2015թ. ընթացքում ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ է դիմել ընդամենը 2 հոգի:

Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (Փինք Արմենիա) 2015թ. արձանագրած և փաստաթղթավորված դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ անցկացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցում և ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները:

2015թ. իրավունքների ոտնահարման հարցով Փինք Արմենիա է դիմել 46 մարդ: Ստացված իրավունքների խախտումերի դեպքերն այս կամ այն կերպ կապված են դիմողների իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության կամ դրա ասոցացման հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչ բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ և ապահով միջավայրի ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումը զեկույցում ներկայացված է հետևյալ կառուցվածքով.

  1. Մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ազգային և միջազգային օրենսդրության այն հիմնական դրույթները, որոնք խախտվել կամ սահմանափակվել են արձանագրված դեպքերում:
  1. Կոնկրետ իրավունքների արձանագրված ոտնահարումների դեպքերի ընդհանուր նկարագրությունը;

Զեկույցի վերջում զետեղված են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի առաջարկությունները պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, որոնց իրականացումը հնարավորություն կտա ապահով միջավայր ստեղծել հասարակության մեջ ԼԳԲՏ անձանց համար, որտեղ նրանք հանդես կգան որպես հասարակության լիիրավ անդամներ և հնարավորություն կունենան արդյունավետ իրացնելու իրենց իրավունքները և ազատությունները:

Բեռնել զեկույցն այստեղ: