ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցն իրավապաշտպանների դրության մասին
Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների իշխանությունները իրավապաշտպանների խնդիրների հետ կապված ՄԱԿ-ի հարցումներին բավարար պատասխաններ չեն տալիս: Դրանք հաճախ ընդհանուր են, խուսափողական և հասկանալու համար հեշտ չեն, ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստի` իրավապաշտպանների դրությանը վերաբերող հաշվետվությունում:
Նա նշում է, որ երկրները աչք են փակում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա ու այդ դեպքերը չեն հետաքննվում կամ դրանց ուսումնասիրությունը ձգձգվում է:
Ֆորստի տեղեկություններով, իրավապաշտպաններին ահաբեկում են նրանց կամ նրանց ընտանիքներին սպառնալով, զրպարտիչ արշավներով, մահվան սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով, առևանգումներով, դատական հետպնդումներով, սպանություններով, ոստիկանական հետապնդումներով:
ՄԱԿ-ի անդամ երկրներին զեկուցողի առաջարկներից է`
- ապահովել իրավապաշտպանների գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայր և վերացնել ազգային օրենքներով սահմանված` իրավապաշտպանների գործունեությանն ուղղված խոչընդոտները:
- պայքարել իրավապաշտպանների նկատմամբ խախտումների և սպառնալիքների դեմ և հետևողական լինել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքի համաձայն, իսկ տուժողները փոխհատուցում ստանան:
- հատուկ զեկուցողի հարցումներին բավարար պատասխաններ ուղարկել` տրամադրելով պահանջվող տեղեկությունները:
- հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, դրանք են`բնապահպանները, ԼԳԲՏԻ մարդկանց և կանանց իրավունքները պաշտպանողները, բիզնեսի ոլորտում աշխատող իրավապաշտպանները, նրանք, որոնք զբաղվում են ներքին հակամարտության կամ բնական աղետի իրավական խնդիրներով, իրավապաշտպանները, որոնք ապրում են մեկուսացված վայրերում և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ուժի կիրառմամբ անհետացածների ընտանիքների հետ և այլն:
- ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ կամ բարեփոխումներ իրականացնել եղածներում:
- ապահովել իրավապաշտպանների առանց խոչընդոտների մասնակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների գործունեությանը: