Անցկացվեց 7-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը՝ «Ամրապնդելով ԼԳԲՏ+ շարժումը» խորագրով

02-11-2022

Այս տարի հոկտեմբերի 28-ից 30-ը կայացավ արդեն ավանդույթ դարձած 7-րդ «Ծիածան» ֆորումը։ Եռօրյա ֆորումին մասնակցելու համար գրանցվել էին ավելի քան 140 մասնակիցներ, որոնց թվում էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավաբաններ, առողջապահական և հարակից ոլորտի մասնագետներ։

Այս տարվա ֆորումի օրակարգը մասնակիցներին հնարավորություն տվեց ընտրելու ոչ միայն իրենց հետաքրքրող քննարկման թեմաները, այլ նաև առավել հարմարավետ ժամերը՝ աշխատարաններին և քննարկումներին մասնակցելու համար։ Այս անգամ ֆորումի խորագիրն էր «Ամրապնդելով ԼԳԲՏ+ շարժումը»։ Ֆորումի ընթացքում ԼԳԲՏ+ անձինք և աջակիցները քննարկեցին մի շարք թեմաներ՝ ԼԳԲՏ+ շարժման փոքր ու մեծ ձեռքբերումներն ու փոփոխությունները, ներկայումս ընթացող պատերազմները, սահմանային էսկալացիան, դրանց արձագանքներն ու հետևանքները և դրանց ազդեցությունը ֆեմինիստական ու ԼԳԲՏ+ շարժման վրա, մասնագիտական դաշտերի հետ ԼԳԲՏ+ անձանց առնչության փորձառությունը, հնարավորություններն ու խնդիրները, Հայաստան-սփյուռք կապն ու ներդրումը ԼԳԲՏ+ շարժման մեջ և այլն։

Քննարկումները, որոնք վարում էին տարբեր տեղացի ակտիվիստներ, կապված էին պատերազմի ժամանակ կանանց և ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրների, մասնագիտական այրման, անվտանգության և տեսանելիության մարտահրավերների հետ, որոնց բախվում են նույանսեռական և տրանս անձինք Հայաստանում: Ամփոփելով քննարկումները՝ խոսնակները փաստեցին, որ խոսակցությունները հաճախ զգացմունքային բնույթի էին` հղում անելով հոկտեմբերի 20-ին գեյ զույգի մահվան դեպքին:

Ֆորումի ընթացքում տարբեր քվիր արտիստներ հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց հեղինակած ֆիլմերը, որից հետո մասնակիցները քննարկեցին քվիր արվեստի կարևորությունը շարժման մեջ, խնդիրները, որոնց բախվում են քվիր մարդիկ ստեղծագործելիս, ինչպես նաև Հայաստանում քվիր արվեստը տարածելու հնարավորությունները։

Ներկաները նաև հնարավորություն ունեցան մասնակցել ՀԿ ցուցահանդեսին, որի ընթացքում ծանոթացան ոլորտային հասարակական կազմակերպություններին, նրանց աշխատանքին, նրանց կողմից մատուցվող ծառայություններին, ինչպես նաև շփվեցին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք մասնակիցներին ցուցադրեցին և բաժանեցին իրենց կազմակերպությունների գործունեության և տրամադրվող ծառայությունների մասին պատմող տեղեկատվական թերթիկներ, գրքեր, բացիկներ և այլ պարագաներ։

Հոկտեմբերի 29-ին՝ ֆորումի երկրորդ օրը, տեղի ունեցավ «Բերնեբերան» քվիր ներկայացումը, որի շրջանակներում ԼԳԲՏ+ անձինք և համախոհները հանդես եկան իրենց ելույթներով, մասնակիցների և հյուրերի հետ կիսվեցին իրենց պատմություններով, թախիծով, ուրախությամբ ու հպարտությամբ։

Ֆորումի վերջին օրը Փինքի հրավերով չպլանավորված այց կատարեց Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի Կարօ Փայլանը։ Նա ելույթ ունեցավ ֆորումի փակման ժամանակ՝ կարևորելով, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին․ «Եթե Հայաստանը ցանկանում է լինել ժողովրդավարական երկիր, պետք է հարգի ԼԳԲՏՔ անձանց մարդու իրավունքները»։ Ելույթի վերջում նա իր աջակցությունը հայտնեց համայնքին, նշելով հետևյալը՝ «ԼԳԲՏՔ իրավունքները մարդկային իրավունքներ են։ Պետք է հարգենք բոլորի ինքնությունները, և այդ պատճառով ես ձեր կողքին եմ, և պետք է բոլոր քաղաքական գործիչներն էլ ձեր կողքին լինեն»։