Առաջարկություններ՝ քրեական նոր օրենսգրքի համար
ՀՀ քրեական նոր օրենսգրքի քննարկումների առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ մի շարք առաջարկություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև։
Առաջարկում ենք 72-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը վերաձևակերպել՝ հետևյալ խմբագրմամբ՝
Հանցանքը գաղափարախոսական, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական, ինչպես նաև սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի կամ այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարելը,
Գտնում ենք, որ 72-րդ հոդվածում նախատեսված արարքը ծանրացնող հանգամանքների շարքում սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության շարժառիթի ուղղակիորեն ներառումը նույնքան կարևոր է, որքան գաղափարախոսական, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական ատելության, անհանդուրժողականության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներինը։
Հոդվածի առաջին մասի յոթերորդ կետում ատելությամբ, անհանդուրժողականությամբ պայմանավորաված հանցագործությունների շարժառիթների նախատեսվող բաց ցանկը, իհարկե, տալիս է լայն մեկնաբանման հնարավորությունը, ինչը, սակայն, չի բացառում այն շարժառիթների հստակ նախատեսումը՝ որոնցով պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունները զգալի տարածում ունեն երկրում։
Ձևակարպումը, որը տրված է նախագծում, այն է՝ «այլ սոցիալակն խմբերի նկատմամբ, ատելության, անհանդուրժողականության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարելը», բավարար չէ անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների բազմապողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու տեսանկյունից, կարող է տալ տարընթերցման տեղիք և կարող է հանգեցնել օրենքի ոչ միատեսակ կիրառման՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է ատելության հիմքով հանցագործությունների շարժառիթի վեր հանման և համապատասխան քննության անցկացման խնդիր։ Այս մասին է վկայում ՀՀ ոստիկանության կողմից «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 02.09.2016թ. և 06.10.2016թ. պաշտոնական հարցումներին ի պատասխան տրամադրված տեղեկատվությունն առ այն, որ չնայած հանցանքը անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված լինելը որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշ, արարքը որակյալ դարձնող կամ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք նախատեսված չէ քրեական օրենսգրքում, սակայն կան առանձին հանցակազմեր, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ և 309.1-ին հոդվածներով նախատեսված, որոնցով այդ հանգամանքը կարող է դիտվել որպես իրավահավասարությունը խախտող հանգամանք կամ խտրականություն։ Այնուամենայնիվ, 2003ից ի վեր նշված հիմքով որևէ հանցագործություն չի արձանագրվել։
Հարց է ծագում, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի տուժել քրեական օրենսգրքով արգելված արարքից՝ պայմանավորված իր սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության 2016թ «ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում» (https://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2016/11/hate-crime-monitoring-2016_hy.pdf) զեկույցի շրջանակներում 197 ԼԳԲՏ անձանց հետ անցկացված հարցումները վկայում են անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված հանցագործությունների ոչ միայն առկայության, այլ նաև հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում տարածվածության մասին։
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվել է զեկույց (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) Հայաստնում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, որում արնդրադարձ է կատարվել նաև անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների արդյունավետ քննությանը։ Մասնավորապես զեկույցում արտահայտված մտահոգությունը կապված է երկրում տիրող հետևյալ հիմնական խնդիրների հետ. օրենսդրական բաց, դեպքերի ոչ արդյունավետ քննություն։ Այս առնչությամբ ՌԱԵՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշակի առաջարկներ։
Մասնավորապես՝
1. (§ 10) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ իշխանություններն իրենց քրեական իրավունքը, ընդհանուր առմամբ, համապատասխանեցնեն Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականին, ինչպես մատնանշված է նախորդ պարբերություններում, մասնավորապես՝ դրանք պետք է (1) «արգելված հիմքերի» ցանկում բացահայտորեն ներառեն մաշկի գույնը, լեզուն, ազգությունը (ինչն ընկալվում է որպես քաղաքացիություն), ազգային կամ էթնիկական ծագումը, սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը, (2) քրեականացնեն բռնությունների հրահրումը եւ ռասայական խտրականության հրահրումը, (3) քրեականացնեն ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, պարզունակացումը, արդարացումը կամ համակերպումը։
2. (§ 26) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը հստակորեն ավելացվեն Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի արգելված հիմքերի ցանկում եւ որ Օրենսգրքում ավելացվի դրույթ, որը հստակորեն կամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։
3. (§ 54) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ նրանց ենթադրյալ սեռական կողմնորոշման եւ/կամ գենդերային ինքնության հիմքով, կամ նրանց իրավապաշտպանների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների եւ ատելության, սպառնալիքների դեպքերը քննվեն եւ, համապատասխանաբար, պատժվեն։
4. (§ 64) ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է, որպեսզի քրեական իրավունքն արդյունավետորեն կիրառվի ռասիստական հողի վրա կատարված բռնությունների եւ դրանց հրահրման բոլոր դեպքերում, այդ թվում եւ հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի միջադեպերի հետ կապված, մասնավորապես՝ ուշադրությունը բեւեռելով իրավապահների կողմից օրենքի նկատմամբ հարգանքին։ Ավելին, իշխանությունները պետք է ամենասկզբից բռնի միջադեպերի քննության եւ դրանց հետեւող բոլոր դատական վարույթների ժամանակ ենթադրյալ ռասիստական եւ/կամ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը դարձնեն քննության բաղկացուցիչ մասը։
Հոդված 197. Խտրականությունը
1. Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով `
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութանասունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Առաջարկվում է 197-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
Հոդվածի առաջին մասից հեռացնել «…մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը…» ձևակերպումը՝ հետևյալ հիմնավորմամբ՝
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (Այսուհետ՝ Կոնվենցիա) 14-րդ հոդվածը ճանաչում է խտրականության արգելքը՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրացման նկատմամբ, նշելով. «Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից եւ ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնության պատկանելիությունից, կարողությունից, գույքային վիճակից, ծնունդից կամ այլ հանգամանքից»:
Կոնվենցիային կից 12-րդ արձանագրությամբ ամրագրվել է խտրականության առավել համապարփակ արգելք՝ դա տարածելով ոչ միայն կոնվենցիայով նախատեսված մարդու իրավունքների և ազատությունների իրացման, այլ նաև օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտնվելու վրա՝ նշելով. «1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալակալն ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության: 2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով: »
Խտրականության արգելքի նախատեսումը միայն մարդու իրավունքների կիրառման նկատմամբ կարող է հանգեցնել դրա նեղ մեկնաբանման ու կիրառման։
Ներպետական օրենսդրությամբ չի կարող սահմանվել մարդու իրավունքների և ազատությունների կիրառման առավել նեղ շրջանակ, քան նախատեսված է դրանք երաշխավորող միջազգային փաստաթղթերով։
Առաջարկում ենք հոդվածի առաջին մասը ձևակերպել հետևյալ կերպ՝
«Խտրականությունը՝ էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումը՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության՝ սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալակալն ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի հիմքով..»:
Խտրականության նշված սահմանումը տրված է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում (թիվ 40094/05, 02/10/2012, § 199):
Ինչպես նաև առաջարկում ենք նույն հոդվածով նախատեսված խտրականության պաշտպանված հատկանիշների շարքում ավելացնել գենդերային ինքնությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
Պաշտպանված հատկանիշների շարքում գենդերային ինքնության նախատեսումը նույնքան կարևոր է, որքան սեռական կողմնորոշման նախատեսումը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականությունը տարածված է ինչպես կրթական հաստատություններում, այնպես էլ ծառայությունների մատուցման, բժշկական սպասարկման և բուժօգնության տրամադրման, աշխատանքային և այլ իրավահարաբերություններում։ Այս մասին է վկայում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության 2016թ. Տարեկան զեկույցը (https://www.pinkarmenia.org/hy/2017/06/annualreview2016/)։
Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից ներկայացված զեկույցում Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշ առաջարկներ։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության և կանխարգելման ուղղությամբ ներկայացվել են առաջարկներ, որոնց արձագանքել է պետությունը՝ նշելով իր համար առաջարկների ընդունելիության մասին։ Նշված առաջարկներն ու դրանց վերաբերյալ պետության դիրքորոշումը՝ ստորև՝
120.72. Մշակել եւ ընդունել համապատասխան օրենսդրական եւ վարչական միջոցներ՝ կանանց նկատմամբ խտրականության, ինչպես նաեւ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով (Արգենտինա).
Ընդունելի է; ՀՀ օրենդրությունն արգելում է խտրականությունը:
120.52. Ընդունել օրենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի, եւ գործուն կերպով կիրառել այն, ինչպես նաեւ արգելել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականությունը եւ ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը (Ավստրիա)
Ընդունելի է: Մշակվել է «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովումը, ինչը բխում է կոնվենցիայի պահանջներից: Տես նաև 120.48-ը
120.86. Ապահովել, որ պաշտոնատար անձինք անցնեն համապատասխան վերապատրաստման դասընթացներ, եւ որ ԼԳԲՏԻ անձանց վրա հարձակման դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի եւ անհապաղ քննություն իրականացվի (Ավստրալիա)
Ընդունելի է; վերապատրաստման դասընթացներն կրում են շարունակական բնույթ և անցկացվում են խտրականության բոլոր դրսևորումների հետ կապված:
120.48. Ապահովել խտրականության բացառման սկզբունքի կիրառումը եւ ընդունել խտրականությունը բացառելու վերաբերյալ համապարփակ օրենք (Նիդեռլանդներ)
Ընդունելի է, ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև 2014 թվականին քննարկվել է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ անց են կացվել հանրային քննարկումներ, որոնց արդյունքների մասին տեղեկացվել է Կառավարությանը: Համապատասխանաբար քննարկվել է Օրենքի ընդունման նպատակահարմարության հարցը:
Այստեղ խոսքը գնում է ոչ միայն սեռական կողմնորոշման այլ նաև գենդերային ինքնության հիմքով խտրականության մասին, որը պետությունն ընդունելի է համարել։ Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները՝ կարող ենք պնդել, որ որևէ տրամաբանություն գենդերային ինքնությունը որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ հոդվածում չներառելու մեջ չկա։
Հոդված 306. Ազգային, էթնիկական, ռասայական, քաղաքական, գաղափարախոսական կամ կրոնական թշնամանք, ատելություն կամ անհանդուրժողականություն հարուցելը
1. Ազգային, էթնիկական, ռասայական, քաղաքական, գաղափարախոսական կամ կրոնական թշնամանք, ատելություն կամ անհանդուրժողականություն, ինչպես նաև այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարուցելուն ուղղված արարքը՝
Առաջարկում ենք թիվ 306 հոդվածը վերաձևակերպել հետևյալ խմբագրմամբ՝ «1. Ազգային, էթնիկական, ռասայական, քաղաքական, գաղափարախոսական կամ կրոնական, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով թշնամանք, ատելություն կամ անհանդուրժողականություն, ինչպես նաև այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարուցելուն ուղղված արարքը՝…»։
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը իր՝ Հայաստանում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ զեկույցում (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) նշում է, որ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում, որով հանրային ատելություն հրահրելը հայտարարվում է անօրինական, արգելված հիմքերի թվում չի նշվում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։
ՌԱԵՀ-ը մասնավորապես անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից 2011թ-ից ի վեր արձանագրված ատելություն սերմանող խոսքի դեպքերի վերաբերյալ տվյալներին՝ մտահոգություն հայտնելով դրանց քանակի հետ կապված։ ՌԱԵՀ-ը նաև անդրադարձել է ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքի երկու հայտնի դեպքի «Դի-Այ-Ուայ» ակումբի պայթեցմանը հաջորդած և «Իրավունք» թերթում տպագրված հոդվածի վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
(§ 26) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը հստակորեն ավելացվեն Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի արգելված հիմքերի ցանկում եւ որ Օրենսգրքում ավելացվի դրույթ, որը հստակորեն կամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։
Քրեական դատավարության օրենսգիրք
Հոդված 124. Ապացուցումը
1. Ապացուցումը` գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է:
2. Մեղադրյալի մեղքի և պատասխանատվությունը խստացնող հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում ավելացվել է թիվ 197 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրական վերաբերմունքի համար, անհրաժեշտ ենք համարում՝ դրա քննության առանձնահատկությամբ պայմանավորված, քրեական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման բացառիկ դեպքի նախատեսում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խտրականությունից տուժողը կրում է միայն prima facie ապացուցման բեռ, իսկ խտրական վերաբերմունք դրսևորած անձը կրում է իր անմեխությունն ապացուցելու բեռը։
Առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ ձևակերպմամբ՝
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում ավելացվել է թիվ 197 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրական վերաբերմունքի համար, անհրաժեշտ ենք համարում՝ դրա քննության առանձնահատկությամբ պայմանավորված, քրեական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման բացառիկ դեպքի նախատեսում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խտրականությունից տուժողը կրում է միայն prima facie ապացուցման բեռ, իսկ խտրական վերաբերմունք դրսևորած անձը կրում է իր անմեղությունն ապացուցելու բեռը։