Ատելությունը նույնպես «վիրուս» է

13-05-2020

Տրանսգենդեր կնոջը մոտեցել են Հյուսիսային պողոտայում և ասել «եթե դու կին ես, ապացուցիր. իջեցրու կիսաշրջազգեստդ», այնուհետև հարվածել են, իսկ միջադեպից հետո համացանցում տարածվել են տրանսգենդեր անձի անձնական տվյալները՝ հեռախոսահամարը, անվանափոխությունից առաջ ունեցած անունը և այլն։ Սա ոչ այլ ինչ է քան ատելության դրսևորում տրանսգենդեր կնոջ նկատմամբ, որը չափազանց հուսահատեցնող է։

Մեկ այլ տրանսգենդեր կնոջ ծեծի են ենթարկել, հարվածել են դեմքին, ինչից հետո նա վայր է ընկել, 4-5 տղամարդ սկսել են ոտքերով և ձեռքերով հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նրան պատճառվել են մարմնական տարբեր վնասվածքներ, ջարդվել է քիթը և նրան հարվածելու ընթացքում նրա հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորանքներ։

Այսպիսի դեպքերը եզակի չեն և հասարակության մեջ ատելության նման դրսևորումներն ուրույն բացատրություն ունեն։ Քանի որ մարդիկ ԶԼՄ-ներով, ֆիլմերում, իրենց ընկերներից, դպրոցում, և այլն մշտապես լսում են, որ ԼԳԲՏ անձինք «մարդ» չեն, «նրանք իրավունքներ չունեն և չպետք է ունենան», նրանց պետք է «սպանել» և «վառել», «նրանք ապրելու արժանի չեն», այդ ամենը հանգեցնում է մտածելակերպի և արժեքների ձևավորման:

Ավստրալիայում Արևմտյան Սիդնեյի համալսարանի Հասարակական գիտությունների և հոգեբանության դպրոցի քրեագիտության և քրեական արդարադատության պրոֆեսոր Սթիվն Թոմսոնն իր «Բռնություն, նախապաշարմունք և սեռականություն» գրքում նշում է, որ նախապաշարմունքը հոմոֆոբիայի տեսքով, մարդկանց մոտ ձևավորվում է որպես ճիշտ կամ լավ բան ու բազմաթիվ այլ հասարակական գործոնների հետ միասին ձևավորում է մարդու սոցիալական վարքը։

Հետևաբար այն անձինք ովքեր ծեծի են ենթարկում, հարվածում են, վնասում են, վիրավորում և նվաստացնում են ԼԳԲՏ անձանց, գտնում են, որ ճիշտ են վարվել։

Նախորդ տարի զորակոչի ընթացքում նույնասեռական տղամարդը հանձնաժողովի կողմից ուղղորդվել է հոգեբուժական հաստատություն իր սեռական կողմնորոշման պատճառով և շենքի միջանցքում 3 այլ տղաներ լուսանկարել և ծաղրել են նրան, իսկ շենքը լքելուց հետո սկսել են հետապնդել իրեն։

Մեկ այլ անձ ուսումնական հաստատությունից երթուղային տրանսպորտով տուն է ուղևորվել։ Երթուղային տրանսպորտում 3 անծանոթ երիտասարդ տղամարդիկ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել՝ ասելով. «էս էն գոմիկն ա»։ Մեկ այլ վայրում էլ լեսբի կնոջն իր գործընկերը սպառնացել է, որ ընտանիքի անդամներին կպատմի իր կողմնորոշման մասին։

Այսպիսի իրավիճակները և դեպքերը շատ են, այս պատմությունները գրանցված են Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից և ներառված են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավախախտումների մասին տարեկան զեկույցում, սակայն կան շատ ավելի դեպքեր, որոնց մասին տուժողները վախի, ամոթի և խտրականությունից վախենալով չեն բարձրաձայնում որևէ տեղ։

Եթե ցանկանում ենք իրապես ապրել մի հասարակությունում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ապահով և անվտանգ կզգա իրեն, իր բոլոր իրավունքները պաշտպանված և իսկապես հարգված կլինեն, նախ և առաջ պետք է պետությունը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ընդունի ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենքներ և ԼԳԲՏ անձանց կարիքներին համապատասխանող ռազմավարություններ։

Այնուամենայնիվ կան նաև քայլեր, որոնք կարող է մեզանից յուրաքանչյուրը ձեռնարկել, որպեսզի ԼԳԲՏ անձանց իրավիճակն ավելի լավը դարձնի։

Առաջին հերթին անհրաժեշտ է տեղեկանալ, սովորել և հասկանալ այն բոլոր պատմական և կառուցվածքային գործոնները, որոնք սերմանել են ներկայիս ատելությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Կարող եք օրինակ ընթերցել Սոցիոսկոպ հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ի «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» գիրքը։

Ինչպես նաև համացանցում առկա են տարատեսակ ռեսուրսներ, հոդվածներ, նյութեր և ուսումնասիրություններ, որոնք հասանելի են թե՛ հայերեն, և թե՛ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ու դուք կարող եք ազատորեն դրանք ներբեռնել և ընթերցել։ Պարզապես ուշադրություն դարձրեք, որ հրապարակման հեղինակները նշված լինեն, ինչպես նաև նշվածները լինեն հեղինակային և հավաստի ուսումնասիրություններ։

Միջամտե՛ք և թույլ մի տվեք Ձեր շրջապատի անձանց օգտագործել ԼԳԲՏ անձանց վերաբերվող վիրավորական բառեր, ծեծի ենթարկել, նվաստացնել կամ ծաղրել որևէ մեկին իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով։

Եթե վկա եք ՍԿԳԻ հիմքով ԼԳԲՏ անձանց նկատմամբ որևէ տեսակի հանցագործության, ապա անհրաժեշտ է հայտնել իրավապահ մարմիններին, և կապնվել մեզ հետ կամ այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ։

Այլ նորություններ

Նորությունների բաժին
Լրամփոփ

Լրամփոփ | նոյեմբեր 2024

02-12-2024
Հայտարարություն

Դրամաշնորհային մրցույթ

05-11-2024
Լրամփոփ

Լրամփոփ | հոկտեմբեր 2024

31-10-2024