Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

09-09-2022

Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) հետ համատեղ սեպտեմբերի 10-ը նշում է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխհարային օր (World Suicide Prevention Day): Դրա նպատակն է նախաձեռնել, խրախուսել և աջակցել ինքնասպանության կանխարգելմանն ուղղված գործողություններն ամբողջ աշխարհում։

Ինքնասպանությունը համաշխարհային առողջապահության համար գլոբալ խնդիր է։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ինքնասպանությունների թիվը տարեկան միջինում 700․000 է։ Հայաստանում, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021թ․ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է ինքնասպանության փորձի 281 դեպք, որից 88-ը՝ ինքնասպանություն, 193-ը՝ ինքնասպանության փորձ։ Ըստ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալների՝ 2022թ․ հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 290 դեպք, որից 92-ը՝ ինքնասպանություն, 198-ը՝ ինքնասպանության փորձ։

Ինքնասպանությունը 10-24 տարեկան երիտասարդների մահվան երկրորդ հիմնական պատճառն է, իսկ ԼԳԲՏՔ անձինք զգալիորեն ավելի բարձր ռիսկի խմբում են գտնվում։ ԼԳԲՏՔ անձինք առավել քան չորս անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան իրենց հասակակիցները։ The Trevor Projects-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում 13-24 տարեկան ավելի քան 1.8 միլիոն ԼԳԲՏՔ երիտասարդներ ամեն տարի լրջորեն մտածում են ինքնասպանության մասին, իսկ յուրաքանչյուր 45 վայրկյանում առնվազն մեկը ինքնասպանության փորձ է անում։

2022 թվականին The Trevor Project-ի կողմից անցկացրած ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին տարվա ընթացքում ԼԳԲՏՔ երիտասարդների 45%-ը լրջորեն մտածել է ինքնասպանության փորձի մասին, այդ թվում՝ տրանսգենդեր և ոչ բինար երիտասարդների կեսից ավելին: ԼԳԲՏՔ անձիք բարձր ռիսկի խմբում են հասարակության կողմից ստիգմատիզացիայի ենթարկման և խտրական վերաբերմունքի պատճառով։

Ինքնասպանության կանխարգելման համաշխարհային օրվա այս տարվա խորագիրն է՝ «Գործողությունների միջոցով հույսի արարում»։ Այս խորագիրը հիշեցում է, որ ինքնասպանությունն այլընտրանք ունի․ խրախուսելով փոխըմբռնումը, հաղորդակցումը և փորձի փոխանակումը՝ այն նպատակ ունի ներշնչելու յուրաքանչյուրիս ինքնավստահություն՝ լույսի փարոս լինելու նրանց համար, որոնք տառապում են։

Այդ լույսը կարող եք լինել Դուք։