ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը նշեցինք համայնքի հետ

06-08-2021

Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք օգոստոսի 3-ը նշում ենք որպես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր։ Այս տարի օրը նշեցինք գունեղ ու բազմազան։ Գրասենյակում կազմակերպված միջոցառմանը հրավիրված էին ԼԳԲՏ+ անձինք, որի ժամանակ խոսեցինք, թե ինչու է կարևոր նման օրվա հռչակումը Հայաստանում։ Քննարկեցինք նաև այդ օրը ավելի տեսանելի դարձնելու և հաջորդ տարի դրա կազմակերպման պլանների մասին։

Կազմակերպության փաստաբանը մասնակիցների համար պատրաստել էր դերային խաղեր, որոնց ժամանակ մասնակիցները ավելի լավ պատկերացրերին իրենց իրավունքները և դրանք պաշտպանելու տարբերակները։ Իհարկե, խաղի ընթացքում առաջացան հարցեր, որոնք քննարկվեցին մասնագետների հետ։

Միջոցառման ավարտին տեսազանգ ունեցանք մեր մարզային գրասենյակի հետ, քանի որ օրը նշում էին նաև նրանք։ Տեսազանգի ժամանակ մասնակիցները միմյանց ողջունելուց հետո կտրեցին բազմագույն տորթը։

Կարևորելով ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը՝ մենք ավելի մեծ միջոցառումներ կնախատեսենք գալիք տարիներին։ Հույս ունենք, որ մեզ կմիանան ոչ միայն ԼԳԲՏ+ անձինք Երևանից և մարզերից, այլ նաև տարբեր կազմակերպություններ և աջակիցներ նույնպես պատրաստակամ կլինեն իրենց լիարժեք ներդրումն ունենալ Հայաստանում հավասարության խթանման և իրավունքների պաշտպանության հարցում։