ԼԳԲՏ անձանց հայհոյելը ձայն չի բերում
ԱԺ ընտրությունների ընթացքում և դրանից առաջ ընդդիմադիր հռչակված ուժերն ընտրել էին ԼԳԲՏ անձանց և կրոնական փոքրամասնությունների վրա ցեխ շպրտելու ռազմավարությունը՝ հույս ունենալով, որ դա կարող է նրանց ձայն բերել, հաշվի չառնելով, որ նրանք սևացնում են իրենց համաքաղաքացիներին ու այդպես ձայներ են կորցնում։
Իշխանափոխությունից հետո ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ-ականներն ու նրանց մերձ օղակները օրակարգ մտցրեցին ԼԳԲՏ մարդկանց թեման՝ օգտագործելով Շուռնուխում տեղի ունեցած բռնությունը, ոստիկանության բաժանմունքի իրարանցումը, ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումը, կրթության նախարարի հետ տրանս անձի հանդիպումը, կազմակերպվեցին ցույցեր, մամուլի ասուլիսներ, բազմաթիվ ֆեյսբուքյան հեռարձակումներ և անգամ ԼԳԲՏ կեղծ կազմակերպություն ստեղծվեց՝ ցույց տալու, որ ԼԳԲՏ համայնքն աջակցում է Իմ քայլը դաշինքին, որպեսզի, իբրև թե, սևացնեն նրանց։
Հանրապետական կուսակցությունը, որի քարոզարշավի մեխն էր նույնասեռականններին հայհոյելը ու դրա վրա էր ծախսում իր ռեսուրսի մեծ մասը, ի վերջո ստացավ ընդամենը 4,7% ձայն ու դուրս մնաց օրենսդիր մարմնում գործելու հնարավորությունից։
Հանրապետական Էդուարդ Շարմազանովը, որն արդարացնում է Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնությունը, բամբասանքներ էր տարածում կրության նախարարի տրանս անձի հետ աշխատանքային հանդիպման մասին ու նույնասեռականների դեմ օրենսդրական նախաձեռնություններ էր անում ու քաղաքական միտքը շարժում է միայն ԼԳԲՏ անձանցով, ստացել է 1663 ձայն՝ գրավելով 3-րդ տեղն իր ընտրատարածքում։
Մենուա Հարությունյանը, որը Շուռնուխում ուղիղ հեռարձակմամբ քաջալերում էր ԼԳԲՏ անձանց ծեծողներին, ստացավ 353 ձայն՝ գրավելով 3-րդ տեղը։
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, որը թե՛ ԱԺ-ի, թե՛ Ֆեյսբուքի ամբիոններն օգտագործում էր ԼԳԲՏ անձանց հայհոյելու ու նրանց Հայաստանից վտարելու կոչեր անելու համար, ստացավ 656 ձայն՝ գրավելով 4-րդ տեղն իր ընտրատարածքում։
ԲՀԿ-ից Արագած Ախոյանը, որը մինչև ընտրություններ ցույցեր էր կազմակերպում ԼԳԲՏ անձանց դեմ, մամուլի ասուլիս էր հրավիրում ու խոստանում սատկացնել գեյերին, ստացել է 675 ձայն՝ 7 թեկնածուների մեջ զբաղեցնելով 4-րդ տեղն իր տնտրատեղամասում։
Իսկ Մարինա Խաչատրյանը, որը դուրս եկավ Երկիր Ծիրանի կուսակցությունից, ապա միացավ ԲՀԿ-ին ու բռնեց նոր կուսակիցների ընտրած մարտավարությունը, ստացավ 140 ձայն՝ գրավելով 7-րդ տեղն իր ընտրատեղամասում։ Ի դեպ, երբ քաղաքապետարան կոյուղու ջուրը տանելու համար նրա նկատմամբ բռնություն էր եղել, նրան պաշտպանող մարդիկ 140-ից էլ շատ էին, սակայն նա կորցրեց իրեն պաշտպանողների աջակցությունը, երբ Ֆեյսբուքով խոսեց ԼԳԲՏ անձանց բահով ծեծելու ցանկության մասին։
Մենք մի քանի անգամ հայտարարեցինք, որ կուսակցությունները ԼԳԲՏ թեման չշահարկեն իրենց քաղաքական խաղերում։ Հուսով ենք այսուհետ այս քաղաքական ուժերն ու գործիչները կհասկանան, որ կեղծ օրակարգ ստեղծելով, քաղաքացիներին իրենց կողմը չեն գրավի և կփորձեն այլ տեղեր փնտրել իրենց ձայները, օրինակ, խոստանալով Հայաստանում պաշտպանել մարդու իրավունքները։