«ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում». կլոր սեղան-քննարկում
2021թ․ նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկումը՝ Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին մի քանի երկրների՝ ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների դեսպանները, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հանդիպման բացումը կատարեց Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը։ Վերջինս ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի համար 2020թ․ պատերազմով պայմանավորված ծանր ժամանակաշրջանն իր ազդեցությունն է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա։ Այդ շրջանում ստեղծված անորոշ իրավիճակն իր հետ լարվածություն է բերել և հող նախապատրաստել ապատեղեկատվության տարածման համար, որն արտահայտվել է խոցելի խմբերի, հատկապես՝ ԼԳԲՏ անձանց հանդեպ բռնությամբ, անհանդուրժողականությամբ և նշված հարցերի տարատեսակ շահարկումներով։
Կլոր սեղան-քննարկման գլխավոր նպատակն էր ներկայացնել Փինքի տարեկան զեկույցը, որում ամփոփվել են 2020թ․ Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների ոտնահարմամբ պայմանավորված դեպքերը։ Ուսումնասիրելով այդ դեպքերը՝ տեսնում ենք, որ բռնությունը շարունակվում է ԼԳԲՏ անձանց կյանքի տարբեր ոլորտներում՝ սկսած ընտանիքից, վերջացրած հանրային վայրերով։ Այս առումով հարկ է նշել ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների, ինչպես նաև պետական մարմինների, միջազգային հանրույթի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը, քանի որ նրանք կարող են հանդես գալ խնդիրների բարձրացման և համապատասխան քայլերի մշակման ռազմավարություններով։
Հանդիպման հրավիրված դեսպանները ներկայացրին իրենց դիտարկումները հիմնախնդրի վերաբերյալ։ Նրանցից յուրաքանչյուրը հանդես եկավ կոնկրետ խնդրի բարձրացմամբ և նշեց անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորության մասին։ Ուշագրավ էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի ելույթը, որն Ամերիկայի օրինակով ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար և շեշտեց բոլոր երկրներում այդպիսի քայլերի ձեռնարկման նշանակության մասին․ «Հաճախ նշվում է, որ օրենքի գերակայության համար գլխավոր փորձությունն այն է, թե որքանով է ազգը պաշտպանում առավել խոցելի բնակչությանը, այլ ոչ թե միայն արտոնյալ քաղաքացիներին: Այսօր ԼԳԲՏՔ+ անձինք ողջ աշխարհով մեկ չափազանց խոցելի կարգավիճակում են: ԼԳԲՏՔԻ+ համայնքի անդամները ոչ թե ձգտում են «հատուկ» մարդու իրավունքների պաշտպանության հասնել, այլ պարզապես ցանկանում են ունենալ բոլոր այն իրավունքները, որ ունեն մնացած մարդիկ։ Նրանք ցանկանում են ապահով լինել դպրոց հաճախելիս, չենթարկվել ոտնձգությունների, բժշկին այցելելիս խոսել իրենց առողջության մասին՝ առանց խտրական վերաբերմունքի և խարանի արժանանալու»։
Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն իր մտահոգությունն արտահայտեց ԼԳԲՏ անձանց ամուսնությունների օրինականացման անհրաժեշտության մասին։ Աշխարհի 69 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, նույնասեռ ամուսնությունները համարվում են օրինախախտում, ինչը խոսում է այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ բացեր կան։ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը նույնպես անդրադարձավ այս խնդրին՝ նշելով, որ նույնասեռ ամուսնությունները չպետք է ապօրինի բնույթ ունենան։ Վերջինս նաև դատապարտեց ԼԳԲՏ մարդկանց հանդեպ ցանկացած տեսակի բռնություն և կոչ արեց քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման համար․ «Ամբողջ աշխարհում ԼԳԲՏԻ անձինք շարունակում են լինել բռնության և խտրականության կիզակետում՝ պայմանավորված իրենց սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ։ Պետք է հիշատակել այն փաստը, որ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հանրային ճանաչումն իսկապես մեծ ազդեցություն ունի մարդկանց կյանքում: Այսպիսի միջոցառումները կարող են աջակցել նրանց և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք ազատ կզգան իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունն արտահայտելու համար»։
Շվեդիայի դեսպանը ներկայացրեց իր և իր երկրի աջակցությունը ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը և հատկապես Փինք իրավապաշտպան ՀԿ-ին, ինչպես նաև անդրադարձ կատարեց ընդհանրապես ՀԿ ոլորտի կարևորությանը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում․ «Շվեդիան համագործակցություն է սկսել մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ հանձինս Փինք Արմենիայի՝ «Շարժման առաջխաղացում կայուն զարգացման միջոցով» նախագծի շրջանակներում, որն ուղղված է ԼԳԲՏՔԻ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Աներկբա է, որ հասարակական կազմակերպությունները շատ կարևոր դեր ունեն Հայաստանում ժողովրդավարության բարելավման մեջ։ Շվեդիայում մենք փորձում ենք հասարակական կազմակերպությունների համար ստեղծել բարենպաստ միջավայր, որը կխթանի դրանց կենսունակությանը հասարակության զարգացմանը նպաստող գործողություններ իրականացնելու հարցում։ Այստեղ, իհարկե, կարևորում եմ Փինքի դերը՝ որպես երկրի կառավարությունից և նրա տարբեր ինստիտուտներից անկախորեն գործող իրավապաշտպան կազմակերպություն»։
Հետաքրքրական էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանի դիտարկումները, որը մասնավորապես նշեց, որ ԼԳԲՏ մարդկանց խնդիրները համամարդկային են և որևէ տարբերակման չպետք է ենթարկվեն․ «Կարծում եմ՝ չափազանց կարևոր է անդրադառնալ բոլոր մարդկանց իրավունքներին վերաբերող զգայուն հարցերին։ Նպատակս բնավ կոնկրետ խմբի առանձնացնելը չէ․ հաճախ շրջանառվում է այն կարծիքը, իբր Եվրոպական Միությունը առանձնահատուկ վերբերունք ունի նույնասեռական անձանց նկատմամբ, բայց նման բան չկա, մենք պարզապես պահանջում ենք հարգել բոլոր մարդկանց իրավունքները։ Եվ դա, բնականաբար, իրենից ենթադրում է նաև ԼԳԲՏՔԻ+ համայնքի իրավունքների պաշտպանությունը․ նրանք պետք է բոլորիս պես ունենան կրթության հնարավորություն, բուժօգնության դիմելու հնարավորություն՝ առանց խարանի և խտրականության արժանանալու»։
Դեսպաններն իրենց ելույթներում աջակցություն հայտնեցին խոցելի խմբերին՝ հանձինս ԼԳԲՏ անձանց, նշելով, որ իրենք և իրենց կազմակերպություններն առաջնորդվում են` կարևորելով միայն մարդու իրավունքները՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ռասայական պատկանելությունից, քանի որ խտրականության նման դրսևորումները ավելի խոցելի են դարձնում խմբերին, իսկ Հայաստանում հասարակության այդպիսի մոդելը չի համապատասխանում ժողովրդավարության ստանդարտներին։ Դեսպանների կողմից առանձնացված ռազմավարություններից կարևորագույններն օրենսդրության մեջ փոփոխությունների հասնելն ու հասարակության հետ ճիշտ ճանապարհով՝ առանց ագրեսիայի դիսկուրսի դուրս գալն էր։ Նրանք նաև հույս հայտնեցին, որ հաջորդ տարվա զեկույցը կփաստի այն մասին որ այս ընթացքում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը բարելավվել է և ծանր դեպքերը որոշ չափով կանխարգերվել են։
Անդրադառնալով տարեկան զեկույցին՝ նշենք, որ Փինք իրավապաշտպան ՀԿ-ն, ի դեմս իր իրավաբանների, հոգեբանների և սոցիալական աշխատողների, հավաքագրում է ամեն տարի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով տեղի ունեցող բռնությունների և իրավախախտումների դեպքերը։ Քննարկման ընթացքում Փինքի իրավաբան Լուիզա Վարդանյանը ներկայացրեց 2020-2021թթ․ դեպքերի ամփոփիչ նկարագրություն։ Մասնավորապես նշվեց, որ 2020թ․ Փինքի կողմից արձանագրված իրավախախտումների զգալի մասը ընտանեկան բռնության դեպքեր են։ Դրանք ուղեկցվել են հոգեբանական, ֆիզիկական և տնտեսական բռնությամբ․ ընտանիքի անդամները, տեղեկանալով տուժողի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին, վիրավորել ու սպառնացել են նրան, դիմել են կոնվերսիոն թերապիայի, զրկել են համայնքի հետ շփումից, կապի միջոցներից՝ հեռախոսից և ինտերնետից և ծեծի ենթարկել նրան։ Եղել են նաև անձի մասնավոր կյանքի վերաբերյալ ապօրինի կերպով տվյալների հրապարակման դեպքեր՝ թե՛ ոստիկանության, թե՛ լրատվամիջոցների կողմից, մինչդեռ այդ ինֆորմացիան պետք է հասանելի լիներ միայն իրավապահ մարմիններին։ Ելնելով այս ամենից՝ հարկ է նշել, որ Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց համար իրավապահ մարմիններին դիմելը մեծ խնդիր է, քանի որ նրանք վախենում են անձնական տվյալների արտահոսքից և իրավապահ մարմինների կողմից խտրական վերաբերմունքի արժանանալուց։ Արձանագրված 40 դեպքերից միայն 20-ով են ԼԳԲՏ անձինք դիմում ներկայացրել իրավապահ մարմիններին, որոնցից ոչ մեկը չի հասել դատական քննության փուլ․ շատ հաճախ գործերը ձգձգվում են տարիներով կամ կարճվում։
Այնուհետև Փինքի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեց 2020թ․ ԼԳԲՏ անձանց նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և դրա կարգավորմանն ուղղված պետական մարմինների քաղաքականությունները։ Իրավաբանը նշեց, որ 2021թ․ արձանագրվել է 29 դեպք, որոնք իրենց բնույթով չեն տարբերվում 2020թ․ արձանագրված դեպքերից։
2020թ․ ատելության խոսքի միջոցով որոշ քաղաքական մանիպուլյացիաներ տեղի ունեցան, որի արդյունքում ԼԳԲՏ անձինք հայտնվեցին թիրախավորվեցին։ Պատերազմի ընթացքում փոխանակ խոսքը գնար համազգային ու համապետական աղետի մասին, և բոլորի գործողություններն ուղղված լինեին երկրի պաշտպանությանը, որոշ անձինք իրավիճակն օգտագործեցին ԼԳԲՏ անձանց թիրախավորելու և իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար։ Մասնավորապես համացանցում շրջանառվել էր այն վարկածը, որ ԼԳԲՏ անձանց սահման տանելու դեպքում միջազգային հանրությունը ավելի մեծ ուշադրություն կդարձներ Հայաստանի կարգավիճակին, ինչի արդյունքում ԼԳԲՏ անձանց հանդեպ բացասական վերաբերմունքը ավելի խորացավ։ 2021թ․ ևս դիտվել են ատելության խոսքի միջոցով քաղաքական մանիպուլյացիաների դեպքեր, երբ շահարկվեցին Շուռնուխ գյուղի դեպքերը։ Գյուղի մի հատվածը Ադրբեջանին անցնելուց հետո քննարկվում էր, իբր երբ գյուղում ակտիվիստների և ԼԳԲՏ անձանց հանդեպ բռնություն էր տեղի ունեցել, իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային հանրության ուշադրությունն ամբողջությամբ ուղղված էր այդտեղ, սակայն երբ գյուղը հանձնվեց հակառակորդին, նրանց կողմից ոչ մի արձագանք չեղավ։ Այս ամենի արդյունքում ԼԳԲՏ անձինք ևս մեկ անգամ անուղղակի կերպով հայտնվեցին ատելության խոսքի թիրախում։
Կլոր սեղան-քննարկման ընթացքում Փինքի իրավաբանների զեկույցների ներկայացումից հետո տեսազանգով կապնվեցինք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ատելության հիմքով հանցագործությունների բաժնի մասնագետ Վիկտոր Կունդրակի հետ, որը նույնպես ներկայացրեց զեկույց՝ Հայաստանում ատելության հիմքով հանցագործությունների մասին։ Նա նշեց, որ ատելության խոսքի դրսևորումներն ամենուր են, սակայն Հայաստանում գերակշռում է հենց ԼԳԲՏ անձանց դեմ կիրառվող ատելության խոսքը։ Դրա արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ բռնության դեպքեր, սակայն տուժած անձինք իրավապահ մարմիններին դիմելիս իրենց խնդրին պատշաճ լուծում չեն ստացել։ Իրավապահ մարմիններն անգամ չեն արձանագրել այդ դեպքերը, որի արդյունքում ԵԱՀԿ-ն բռնության դեպքերի մասին տեղեկատվություն է ստացել նախատեսվածից շատ ավելի ուշ։ Իր խոսքում նա նաև նշեց, թե խնդրի լուծման համար ինչքանով է կարևոր պետության համագործակցությունը իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ․ «Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ատելության խոսքից տուժած անձանց աջակցության մասով, և որ ամենակարևորն է, պետք է համագործակցի այնպիսի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսին է Փինքը, որը մասնագիտացած է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինպես նաև ունակ է անմիջական կապ հաստատել բռնությունից տուժածների հետ և մեծ ազդեցություն ունի այլ հասարակական կազմակերպությունների շրջանում»։
Փինքի գործադիր տնօրեն Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը ամփոփեց կլոր սեղան-քննարկումը՝ գալով այն եզրահանգման, որ ՍԿԳԻ հիմքով բռնության և իրավախախտումների դեպքերը տարեցտարի ավելանում են։ Դրանք դրսևորվում են տարբեր ձևերով՝ ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնությամբ (մասնավորապես՝ ընտանիքի և հարազատների կողմից), բռնության սպառնալիքներով, անձնական տվյալների ապօրինի հանրայնացմամբ, սեռականության հիմքով աշխատանքից կամ ուսումնական հաստատությունից վտարմամբ, ատելության խոսքի տարածմամբ և այլն։ Օրեցօր ավելանում են իրավախախտումների դեպքերը, սակայն ԼԳԲՏ անձինք խուսափում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ բացակայում է վերջիններիս հանդեպ վստահությունը, ինչպես նաև դիտվում է խտրական վերաբերմունք և հանցավոր ոտնձգություններն այդպես էլ չեն քննվում և հավուր պատշաճի չեն պատժվում։ Չնայած նրան, որ ժամանակի ընթացքում փոփոխվում է քրեական օրենսգիրքը, միևնույն է, այն չի ծառայում իր նպատակին ՍԿԳԻ հիմքով հանցագործությունների դեպքում։
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Փինքը մշտապես դիմում է պետական, իրավապահ, մասնավոր և միջազգային կազմակերպություններին՝ հորդորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել հասարակական տարբեր ոլորտներում ԼԳԲՏ անձանց հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ։ Հատկապես պետական և իրավապահ մարմինները պետք է համապատասխան որակում տան ոտնձգություններին և դատապարտեն դրանք, ատելության խոսքի և դրա հիման վրա կատարվող հանցագործությունների վերաբերյալ իրավակարգավորումներ իրականացնեն և խտրականության կանխարգելման մասով օրենսդրություն մշակեն։
Հանդիպման վերջում Փինքի աշխատակազմը ներկայացրեց կազմակերպության կողմից հրատարակված ուղեցույցները, որոնք նախատեսված են օգնող մասնագետների, մասնավորապես՝ ԼԳԲՏ անձանց հետ աշխատող բժիշկների, հոգեբանների, սոցիալական աշխատողների համար։ Ուղեցույցը համապատասխանեցվել է ներկայիս ստանդարտներին՝ թարմացվելով ըստ գիտական և մասնագիտական դաշտում տեղի ունեցող փոփոխությունների։ Ուղեցույցը հասանելի է թե՛ առցանց հարթակում, թե՛ տպագիր։
Ամփոփելով 2020թ․ ԼԳԲՏ անձանց նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումների մասին կլոր-սեղան քննարկումը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց հանդեպ բռնության դեպքերի և ատելության խոսքի դրսևորումների թիվը գնալով աճում է, սակայն շատ դեպքերում դրանց մասին չի բարձրաձայնվում՝ իրավապահ մարմինների՝ խնդրին պատշաճ լուծում չտալու պատճառով։ Տուժած անձինք մի կողմից վախենում են նրանց կողմից խտրական վերաբերմունքի արժանանալուց, իսկ մյուս կողմից՝ անձնական տվյալների ապօրինի կերպով հրապարակումից։ Արդյունքում ունենում ենք չբացահայտված դեպքեր, որոնք նախատեսվածից ուշ են արձանագրվում և եթե անգամ արձանագրվում են, միևնույն է, խտրականության օրենքի բացակայության պատճառով չեն ստանում հավուր պատշաճի լուծում։