ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքը չի դադարում

12-03-2020

Արդեն ավելի քան 1.5 տարի է, ինչ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մեդիայում և հեռուսատեսությունում ատելության խոսքի մշտադիտարկման զեկույցներում որպես առավել թիրախավորված խումբ մատնանշում է ԼԳԲՏ անձանց:

2019թ. նոյեմբերից 2020թ. հունվար ամիսներին դիտարկվել են news.am, 1in.am, mamul.am, tert.am, blognews.am, lragir.am, hraparak.am, 168.am լրատվական կայքերը և Հանրային հեռուստաընկերություն («Խաղի կանոններ» և «Հանրային քննարկում» հաղորդաշարեր), Երկիր Մեդիա («Երկրի հարցը» հաղորդաշար), Արմնյուզ («Հայելու առաջ» հաղորդաշար) և Հինգերորդ ալիք («Դեմ դիմաց» և «Հարցազրույց» հաղորդաշարեր) հեռուստաալիքները:

Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է ատելության և վտանգավոր խոսքի 93 դեպք, որից 89-ով խտրականության հիմքերը կրկին եղել են անձի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Լրատվական դաշտում քննարկվող թեմաներից է շարունակել մնալ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվեցիա) վավերացումը: Տարբեր անհատների և հասարակական խմբերի կողմից կոնվենցիայի վավերացումը շահարկվել է մի շարք քաղաքական հարցերի շուրջ, անգամ մեկնաբանվելով որպես 2020թ. ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի պատճառ: Քննարկումներում և հարցի վերաբերյալ կատարված հայտարարություններում արձանագրվել են ատելության և վտանգավոր խոսքի բազմաթիվ դրսևորումներ:

Ըստ ներկայացված աղյուսակի՝ առցանց մամուլում ատելության և վտանգավոր խոսք առավելապես տարածել են hraparak.am-ը՝ 20 անգամ, mamul.am-ը՝ 13, blognews.am-ը՝ 12, 168.am-ը՝ 11, tert.am-ը՝ 9: Մյուս լրատվամիջոցները նույնպես զերծ չեն մնացել հեղինակային հոդվածների կամ մեջբերումների միջոցով ատելություն սփռելուց:

Հեռուսաալիքներից ատելության և վտանգավոր խոսք են տարածել Արմնյուզը՝ 12 անգամ և Հինգերորդ ալիքը՝ 6 անգամ: