Լրամփոփ | փետրվար 2023

28-02-2023

Ենթադրամաշնորհներ

Փինքն իր գործունեության 15 տարիների ընթացքում իրականացրել է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանն ու համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք շարունակվում են մինչ օրս։ Բացի այդ, Փինքը ենթադրամաշնորհներ է տրամադրում այն հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ԼԳԲՏ+ անձանց, մարդու իրավունքների պաշտպանության կամ առնչվող ոլորտների հետ։ Անցած տարի Փինքի կողմից տրամադրված մի շարք ենթադրամաշնորհներ ուղղված են եղել տրանս անձանց հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ԼԳԲՏ անձանց ծնողների հետ աշխատանքին, գրողների ու ԼԳԲՏ համայնքի միջև համագործակցությանը, լրագրողների զգայունության բարձրացմանն ու մեդիանյութերի պատրաստմանը։ Մենք շարունակում ենք ենթադրամաշնորհներ տրամադրել քաղհասարակության ոլորտի կազմակերպություններին, այնպես որ կարող եք հետևողական լինել, դիմել և ներկայացնել ձեր ծրագրային առաջարկները։

Գիրք նվիրեցինք ծնողներին

Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։ Կարևորելով տարատեսակ հետազոտահեն տեղեկատվական և ուսուցողական ուղեցույցների առկայությունը՝ այս տարի գիրք նվիրելու օրվան ընդառաջ Փինքը հրապարակեց «Հասկանալով երեխայիս» ձեռնարկը, որը նախատեսված է ԼԳԲՏ անձանց ծնողների համար։ Ձեռնարկը կարող է օգտակար լինել այն ծնողներին, որոնց երեխան լեսբի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդեր է, և որոնք կարիք ունեն հասկանալու և ընդունելու իրենց երեխային այնպիսին, ինչպիսին նա կա։ Ձեռնարկի մշակման գործում ներգրավվել են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, իրավապաշտպաններ և ԼԳԲՏ անձանց ծնողներ։

«Շաքարաքլոր»՝ միջոցառում համայնքի համար

Փետրվարի վերջին Փինքում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Շաքարաքլոր» միջոցառումը։ Այն սովորաբար տեղի է ունենում տարին մեկ կամ առավելագույնը երկու անգամ։ Միջոցառման նպատակը տարին ամփոփելն է և հայաստանյան ԼԳԲՏ համայնքին հաղորդակից դարձնելը կազմակերպության գործունեությանը և դրա արդյունքում գրանցված ձեռքբերումներին, ինչպես նաև համայնքին կազմակերպության աշխատակիցներին և նրանց դերը ներկայացնելը։ Միջոցառման շնորհիվ նաև ապահովում ենք կազմակերպության գործունեության թափանցիկությունը ԼԳԲՏ համայնքի առջև։

Շաքարաքլորն այն հարթակն է, որտեղ ԼԳԲՏ համայնքն ազատ է իր հարցերը հղելու կազմակերպությանը և ստանալու իր հարցերի պատասխանը կազմակերպության գործունեության վերաբերյալ։

Իսկ որտեղի՞ց է գալիս Շաքարաքլոր անվանումը։ Ըստ ավանդույթի՝ ցանկացած հարց տվող ստանում է մեկ շաքարաքլոր, որով շնորհակալություն ենք հայտնում իրենց հարցերի և անկեղծության համար։

Ծառայությունների տարեկան հաշվետվություն

2022 թվականի ընթացքում Փինքը շարունակել է ԼԳԲՏ անձանց տրամադրել իրավաբանի, սոցիալական աշխատողի և հոգեբանի մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև համայնքային աշխատողի խորհրդատվություններ։ Տարվա ընթացքում շահառուներին տրամադրված ծառայությունների և խորհրդատվությունների քանակն ունի հետևյալ տեսքը՝

  • Իրավաբանական խորհրդատվություն – 252
  • Փաստաբանական ներկայացուցչություն – 40
  • Սոցիալական աշխատողի խորհրդատվություն – 151
  • Համայնքային աշխատողի խորհրդատվություն – 51
  • Հոգեբանական խորհրդատվություն – 1156

Սիրո ամիսը Փինքում

Փետրվարը կարծես դարձել է սիրո ամիս․ սուրբ Սարգսից մինչև սուրբ Վալենտին սիրահարներն ավելի են կարևորում իրենց զգացմունքները, թեև սերը տոնելու համար առիթ ու ժամանակ հարկավոր չէ։

Փինքը սիրո տոներին ընդառաջ միջոցառումներ կազմակերպեց երևանյան և մարզային գրասենյակներում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները կիսվեցին սիրո մասին իրենց պատկերացումներով և նշեցին այն կարևորագույն փաստը, որ քվիր անձինք նույնպես տոնի մի մասնիկն են, քանի որ յուրաքանչյուր անձ ունի սիրելու և սիրվելու իրավունք։ Մասնակիցներն անդրադարձան տոնի հանդեպ քննադատական վերաբերմունքին և վերհանեցին կապիտալիզմի և սպառողականության դերը սիրո տոնի կոնտեքստում։ Բարձրացվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են քվիր մարդկանց հարաբերությունների յուրահատկությունները, տարբերությունները և դժվարությունները։