Հոկտեմբերի 8-ը Լեսբիների միջազգային օրն է

08-10-2022

Լեսբիների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 8-ին։ Սկզբնական շրջանում տոնը հիմնականում նշում էին Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Տարեցտարի այն սկսեցին նշել նաև աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Օրը նվիրված է լեսբի կանանց և նրանց խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև լեսբի կանանց դերի արժևորմանն ու կարևորմանը։

Անհայտ է, թե ինչպես են սկսել նշել այս օրը, սակայն որոշ աղբյուրների համաձայն, այն առաջին անգամ հիշատակվել է Նոր Զելանդիայում՝ 1980 թվականի մարտի 8-ին, երբ կանանց միջազգային օրվան նվիրված երթին միացան նաև լեսբի կանանց նախաձեռնությունները և հնչեցրին հոկտեմբերի 8-ը որպես լեսբիների օր նշելու առաջարկը։ Այնուամենայնիվ, կարելի է վստահաբար ասել, որ այդ օրը նշվում է առնվազն 1990-ականների սկզբից: Լեսբիների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, հանդիպումներ, կոնֆերանսներ և տոնախմբություններ, որոնց ժամանակ ոչ միայն բարձրաձայնվում են լեսբի կանանց խնդիրները, այլև արժևորվում և կարևորվում են լեսբի կանանց դերը թե՛ ԼԳԲՏ+ համայնքում և թե՛ հասարակությունում։

Բազմաթիվ լեսբի կանայք, կոտրելով տարբեր կարծրատիպեր, իրենց աշխատասիրության, տաղանդի ու լայնախոհության շնորհիվ կարողացել են ձեռք բերել մեծ համբավ ու հարգանք։ Նման լեսբի կանանցից են հայտնի գրողներ և բանաստեղծներ Գերտրուդ Սթայնը, Ալիս Ուոքերը, Ջուլի Էն Փիթերսը, Վիրջինիա Վուլֆը, Վիտա Սակվիլ-Ուեսթը, օդրի լորդը և Էմիլի Դիկինսոնը: Հետաքրքրական է, որ օդրի լորդն իր անուն-ազգանունը փոքրատառով գրելու հատուկ նախընտրություն ունի, քանի որ այդպիսով փորձում է խառնել ժանրերն ու ոճերը, նաև հարցականի տակ է դնում ընդունելի գրական լեզուն՝ անտեսելով ընդունված գրական պահանջները, և դրանով իսկ քաղաքականացնում է ակադեմիական ոճով գրելու ձևերը։ Լեսբի կանայք նաև մեծ ներդրում են ունեցել բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, արվեստի և շատ այլ բնագավառներում։

Հայտնի լեսբի կանայք էին բժիշկներ Սառա Ժոզեֆին Բեյքերը և Լյուիզ Փիրսը, կենսաբան Լորեն Էսպոզիտոն, օվկիանոսագետ Ռութ Գեյթսը, ծովային կենսաբան Ռեյչել Քարսոնը, բյուրեղագետ Նինա Վեդենեյևան, իսկ արվեստի բնագավառում հայտնի երգչուհիներ՝ Սինդեն Օ՛կոնորը, Սաշա Լեյնը, Ֆելիշա Փիրսոնը և դերասանուհիներ ՝ Սարա Փոլսոնը և Հոլանդ Թեյլորը, Սամրիա Վայլին, երգիծաբաններ Վանդա Սայքսը և Էլլեն Դեջեներեսը։

Լեսբի կանանց խնդիրները և այն կարծրատիպերը, որոնց նրանք բախվում են, միահյուսված են կանանց հիմնախնդիրների հետ։ Հասարակությունն ակնկալում է կանանցից լինել հետերոսեքսուալ, ունենալ զավակներ, լինել «կանացի և հմայիչ»։ Այն կանայք, որոնք չեն մտնում հասարակության կողմից իրենց տրված դերի մեջ, հաճախ ենթարկվում են պարսավանքի, քննադատության և նույնիսկ բռնության՝ ընտանիքի, գործընկերների, ընկերների և հասարակության կողմից։ Թեպետ Հայաստանում օրենսդրական կարգավորումներում առկա չէ լեսբի եզրույթը կամ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող որևէ այլ եզրույթ, այնուամենայնիվ, լեսբի կանայք հայաստանյան հասարակության մասն են և դրա լիիրավ անդամները: