ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին առաջարկում է պայքարել ՍԿԳԻ հիմքով խտրականության և բռնության դեմ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ամփոփել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի շուրջ երրորդ պարբերական զեկուցման շրջափուլը։ Եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն որոշ առաջարկներ է ներկայացրել պետությանը՝ մարդու իրավունքների համակարգային խախտումների դեմ պայքարի քայլերի շուրջ։ Որպես խտրականության դեմ ուղղված միջոցառումներ Կոմիտեն առաջարկում է քրեական օրենսգրքով նախատեսել խտրականության և ատելության հիմքով հանցագործությունների արգելք՝ հստակ սահմանելով դրանք և ներառելով սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշներ։ Կոմիտեն իր մտահոգությունն է արտահայտել նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերի քննության և պատասխանատվության արդյունավետության շուրջ՝ առաջարկելով ապահովել պաշտպանություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունից և բռնությունից ոչ միայն օրենսդրության միջոցով, այլ նեև պրակտիկայում։ Կոմիտեն նաև մտահոգություն է արտահայտել քաղաքական և հանրային գործիչների կողմից հոմոֆոբ և տրանսֆոբ անպատժելի հռետորաբանության շուրջ՝ առաջարկելով պայքարել նման դիսկուրսի դեմ՝ ներառյալ՝ իրավակիրառ մարմինների հետ անցկացվող դասընթացների և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավների միջոցով։