Նոր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները ԼԳԲՏՔ անձանց համար

08-04-2020

Նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետևանքներն աճում են օրեցօր, Հայաստանում տարբեր ոլորտներ հայտնվել են ծանր դրության մեջ կասեցնելով աշխատանքները։

Հատկապես դժվար է խոցելի խմբերի համար, որոնք անկախ արտակարգ դրությունից մշտապես խտրականության և ճնշումների են ենթարկվում։ Մասնավորապես, ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձանց համար առաջ են եկել թե՛ սոցիալական և թե՛ հոգեբանական տարատեսակ խնդիրներ։ Շատերը կորցրել են աշխատանքը և ֆինանսական դժվարություններ ունենալով հայտնվել աղքատության եզրին:

Ցավով պետք է արձանագրել, որ բուժաշխատողների, իրենց ընտանիքների և լայն հասարակության կողմից խարանն ու խտրականությունը ստիպում են ԼԳԲՏՔ անձանց խուսափել բուժօգնություն ստանալուց, պետական աջակցության դիմելուց։

Այն անձինք, ովքեր բռնության են ենթարկվել տանը իրենց ընտանիքի անդամների կամ զուգընկերների կողմից, այժմ ստիպված են մնալ տանը, այդպիսով բռնության ենթարկվելու հավանականությունը մեծացել է։

Այս դժվարին ժամանակները մեծ մարտահրավեր են խոցելի խմբերի և հատկապես ԼԳԲՏՔ անձանց համար, սակայն, ինչպես ասում են՝ անձրևից հետո ծիածան է հայտնվում։