Պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են մեր իրավունքները

09-12-2022

Դեկտեմբերի 9-ը միջազգայնորեն նշվում է որպես իրավապաշտպանների օր։ Նման օրվա առանձնացումը խոսում է նրա մասին, որ իրավապաշտպանների դերը կարևոր է հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության խթանման և իրավահավասարության ամրապնդման գործում։ Անկախ այն բանից, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, առանձին խմբեր սեփական օրակարգը առաջ տանելու համար շատ հաճախ թիրախավորում են իրավապաշտապններին, իրավապաշտպան համայնքի և ընդհանրապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների ու կազմակերպությունների կարևոր դերն ընդգծվել է հասարակության տարբեր խմբերի՝ հատկապես այն խմբերի կողմից, ում իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են վերջիններս, ինչպես նաև պատկան այլ մարմինների կողմից։

Իրավապաշտպանները մարդիկ են, որոնք անհատապես կամ այլ անձանց հետ միասին ձգտում են խաղաղ միջոցներով նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ապահովել առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների կյանքի որակի բարձրացումը։ Նրանք հավաքում են տվյալներ այն հարցերի վերաբերյալ, որոնք այլապես անտեսվելու են, իրականացնում են կառավարության քաղաքականության և օրենսդրության վերլուծություն, և այդ ամենի հիման վրա առաջարկում են լուծումներ տարատեսակ քաղաքականությունների կամ օրենքների բացերը վերացնելու համար: Իրավապաշտպաններն աջակցում և զորացնում են իրավախախտումներից տուժած անձանց, օգնում են նրանց վերականգնել սեփական իրավունքները, ինչպես նաև բացահայտում և աշխատում են վերջ դնել մարդու իրավունքների խախտումներին, խթանել թափանցիկ կառավարումը և օրենքի գերակայությունը:

Թեև կան իրավապաշտպանների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Իրավապաշտպանների հռչակագիրը, ցավոք սրտի, իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները և հալածանքները դեռևս շարունակվում են: Իրավապաշտպաններից ոմանց նկատմամբ սպառնալիքներն ավելի մեծ են լինում, քան այլոց։ Խոսքը մասնավորապես այն իրավապաշտպանների մասին է, որոնք մարտահրավեր են նետում սոցիալական ու մշակութային նորմերին, չեն տեղավորվում կարծրատիպերի ու սահմանված դերերի մեջ, ինչպես, օրինակ, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները։ Հայաստանյան հասարակության անդամները հաճախ են պիտակավորում այս իրավապաշտպաններին, որոշ ծայրահեղական խմբեր նույնիսկ հարձակումներ են գործում նրանց նկատմամբ, սպառնում նրանց՝ իրենց գործունեության պատճառով։ Հանրային ոլորտում հաճախ կարող ենք հանդիպել «սորոսական» տերմինը, որը որոշակի քաղաքական, կրոնական և հասարակական ոլորտի ներկայացուցիչների կողմից օգտագործվում է Սորոսի հիմնադրամի (Բաց հասարակությունների հիմնադրամի) կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին նկարագրելու համար՝ ընդգծելով այն, որ դրանք սպառնալիք են հանդիսանում մեր ազգային արժեքների համար և քարոզում են արևմտյան «անբարոյական» արժեքներ և բարքեր։ Նման ճնշումները և հասարակության մի մասի ընկալումները բավականին խոցելի են դարձնում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և ակտիվիստներին։ Այս իրավապաշտպաններն ունեն բռնությունից ու խտրականությունից հատուկ ու ընդլայնված պաշտպանության կարիք, սակայն, ցավոք սրտի, մեր պետությունը հրապարակայնորեն աջակցություն և հստակ դիրքորոշում չի արտահայտում առ այն, որ պետությունը մերժում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների նկատմամբ բռնարարքները։ Նման դեպքերի անպատժելիությունը բերում է իրավապաշտպանների գործունեության հետ կապված ռիսկերի ավելացմանը և ճնշումներին, ինչ էլ իր հերթին կարող է բերել իրավապաշտպանական գործունեության դադարեցմանը։

Չնայած իրենց գործունեության դժվարին համատեքստին՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները առաջխաղացնող իրավապաշտպանները հաջողությամբ են ներկայացնում ԼԳԲՏ անձանց դրությունն ու գրավում միջազգային հանրության ուշադրությունը։ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքներն առաջխաղացնող իրավապաշտպաները անընդհատ համախմբում են ջանքերը և իրենց ջատագովության շնորհիվ մի կողմից աջակցում են ԼԳԲՏ անձանց, իսկ մյուս կողմից՝ փորձում ազդել ԼԳԲՏ անձանց մասին հանրային կարծիքի փոփոխման վրա։

Այսպիսով, ստացվում է, որ իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչները մի կողմից ուղղակիորեն աշխատում են համայնքների ներկայացուցիչների հետ՝ զորեղացնելով և պաշտպանելով նրանց, իսկ մյուս կողմից՝ հավաքագրում են տվյալներ և մշակում քաղաքականություններ, օրեսնդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք բերելու են համայնքի բոլոր ներկայացուցիչների իրավահավասարությանը և վստահությանը, որ հայաստանաբնակ ԼԳԲՏ անձինք կարող են իրենց ապահով զգալ իրենց հայրենիքում։ Սակայն այս պայքարը չի կարող հաջողել առանց ԼԳԲՏ համայնքի աջակցության և ներգրավվածության։ Ինչպես մի անգամ նշել է ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը՝ «Իրավապաշտպանները առանձին անհատներ չեն, որոնք հերոսաբար կանգնում են մեր և մյուսների կողքին. մեզանից յուրաքանչյուրը և մենք բոլորս ենք իրավապաշտպաններ՝ մեր ծնողները, մեր քույրերն ու եղբայրները, մեր հարևանները, մեր ընկերներն ու գործընկերները, մեր երեխաները»։

Բոլորիս համար շատ կարևոր է ինքներս մեզ պաշտպանված զգալ, իսկ իրավապաշտպաններն այն մարդիկ են, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում պայքարում են իրավահավասարաության հաստատման համար, և այս պայքարի ընթացքում անչափ կարևոր է ունենալ ապահովության զգացում, որը կարող ենք տրամադրել յուրաքանչյուրս՝ լինելով ավելի ուշադիր և պաշտպանելով նրանց, ովքեր պաշտպանում են մեր իրավունքները։

Իրավապաշտպանների և նրանց գործունեության մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար կարող եք դիտել «Մարդու իրավունքների տուն Երևանի» պատրաստած տեսանյութը՝ «Իմ ու քո պաշտպանը»: