Սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ կրկին ատելության խոսքի թիրախում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին առցանց մամուլում և հեռուստաալիքներում իրականացված ատելության և վտանգավոր խոսքի մշտադիտարկման զեկույցը:
Դիտարկվել են News.am, 1in.am, mamul.am, tert.am, blognews.am, lragir.am, hraparak.am կայքէջերը և 4 հեռուստաալիք` «Հանրային հեռուստաընկերություն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, «Արմնյուզ»-ը, «Հինգերորդ ալիք»-ը:
Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ 2019 թ․ օգոստոս – հոկտեմբեր ժամանակահատվածում ատելության և վտանգավոր խոսքի արձանագրված դեպքերի խտրականության հիմքը եղել է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Դիտարկվող ժամանակահատվածում քննարկվող թեմաներից էին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվեցիա) վավերացումը, և կոնվենցիայի վավերացման դեմ տարբեր անհատների և հասարակական խմբերի կողմից կազմակերպված նախաձեռնությունները: Հարցի վերաբերյալ քննարկումներում նկատվել են ատելության և վտանգավոր խոսքի բազմաթիվ դրսևորումներ ինչպես հասարակական գործիչների, քաղաքական ակտիվիստների, այնպես էլ պետական պաշտոնյաների կողմից, ինչը առավել մտահոգիչ է, հաշվի առնելով պետական պաշտոնյաների կողմից խտրականություն և ատելություն տարածելու առավել մեծ վտանգը և անթույլատրելիությունը: Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ատելության խոսքի արտահայտման բազմաթիվ դեպքեր ինչպես մամուլով տարածված վերջինիս ֆեյսբուքյան գրառումներում և հեռուստահաղորդումներում, այնպես էլ ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում:
Ինչպես երևում է ներկայացված աղյուսակներից, առցանց մամուլում ատելության և վտանգավոր խոսք առավելապես տարածում են blognews.am, news.am, mamul.am և hraparak.am կայքերը, իսկ հեռուսաալիքներից՝ Հինգերորդ ալիքը: