Վերացնենք անհավասարությունը, վերջ դնենք ՁԻԱՀ-ին
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը 1988թ․-ից ի վեր նշվում է ամեն տարի դեկտեմբերի 1-ին, ուղղված է իրազեկվածություն բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և դրա հետևանքով առաջացող ՁԻԱՀ վարակի մասին։
1983 թ․՝ ՄԻԱՎ-ի հայտնաբերումից ի վեր, դրանով վարակվել է մոտ 78 միլիոն մարդ, և մոտավորապես 35 միլիոն մարդ մահացել է ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած հիվանդություններից: Չնայած ժամանակի ընթացքում գրանցված զգալի առաջընթացին՝ այսօր ՄԻԱՎ-ը ողջ աշխարհում շարունակում է մտագոհությունների տեղիք տալ:
1988-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանում քաղաքացիների շրջանում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 4498 դեպք, որից 2184-ը եղել են ՁԻԱՀ-ով դեպքեր: Նույն ժամակահատվածում այդ հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 1012: 0-15 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 74, որից ՁԻԱՀ-ի` 41 դեպք: ՀՀ քաղաքացիների շրջանում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 344 նոր, որից 163-ը` ՁԻԱՀ-ի դեպքեր:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հարցերի նկատմամբ կա խտրական մոտեցում, ինչն էլ խոչընդոտում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց՝ պատշաճ օգտվել առողջապահական ծառայություններից։
Այս տարվա՝ 2021թ․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ունի հատուկ կարգախոս՝ «Վերացնենք անհավասարությունը, վերջ դնենք ՁԻԱՀ-ին»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ կարգախոսի նպատակն է ընգծել ՄԻԱՎ-ին առնվող առաջնային բժշկական ծառայությունների հասանելիության անհավասարության խնդիրը։ Իսկապես, կան բազմաթիվ որորտներ, որտեղ դրսևորվում է անհավասարությունը, ներառյալ՝ տնտեսական, սոցիալական և իրավական, և դրանք խոչընդոտում են ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայություններին, իսկ դրա անհապաղ դադարեցումը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում առաջնային է։
Անհավասարությունների դեմ պայքարը ոչ միայն կնպաստի ՁԻԱՀ-ի վերացմանը, այլև կխթանի ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Անհավասարությունների վերացման համար անհրաժեշտ են պետական, տնտեսական և սոցիալական քաղաքականությունների գլոբալ փոփոխություններ՝ պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքները և ուշադրություն դարձնելու անապահով և մարգինալացված համայնքների կարիքներին:
Մենք կարևորում ենք անհրաժեշտ տեղեկատվության տարածումը, խարանի բացառումը և պարբերաբար բուժզննում անցնելը՝ ՄԻԱՎ-ի տարածումը և զարգացումը կանխարգելելու համար։ Եկե՛ք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը միավորվենք ջանքերը և շարունակենք առաջընթացը։