Փինքի տարեկան պլանավորումը
Մենք նոր տարին սկսեցինք տարեկան պլանավորումով՝ չնայած վերջին ժամանակաշրջանում առկա խոչնդոտներին: Մեր թիմը ունեցավ հնարավորություն վերլուծել կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը, ինչպես նաև՝ պլանավորել կատարվելիք գործողությունները, քաղաքականություններն և որ ամենակարևորն է՝ ռազմավարությունը։
Ամփոփումը տեղի ունեցավ հունվարի 13-ից 16-ը Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանի, ինչպես նաև նոր գործադիր տնօրեն Վաղինակ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ռազմավարական պլանավորումը համակարգեց Փինքի նախկին նախագահ և ներկայիս խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը:
Մեր թիմը հակիրճ ներկայացրեց 2020 թվականի ամփոփումը և անդրադարձավ ԼԳԲՏ համայնքի կարիքներին, որոնք առաջացել էին նախորդ տարվա խոչընդոտներով լի ժամանակաշրջանում։
2020 թվականի երկու աղետալի իրադարձությունների՝ պատերազմի և համաճարակի հետևանքները ունեցան իրենց զգալի ազդեցությունը կազմակերպության նպատակների և ընդհանուր գործունեության վրա։ Բոլոր այս քննարկումները և արդյունքները հիմք հանդիսացան 2021 թվականի ռազմավարության մշակման համար։
Սկսած 2021 թվականից Փինքը կշարունակի գործել հիմնական չորս ռազմավարական ուղղություններով․
- ԼԳԲՏ անձանց ու շարժման ներուժի զարգացում;
- ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային ընկալումների ուսումնասիրություն;
- ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանություն և ջատագովություն;
- Կազմակերպության կարողությունների զարգացում և կայունության ապահովում։
Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց շահերի պաշտպանությունը այժմ ավելի քան երբեք կենսական է, և Փինքը գիտակցում է իր կարևոր դերը Հայաստանը ավելի ապահով և ներառական դարձնելու գործում։