ՀԲԸՄ Գլխավոր ասամբլեայում քննարկվեց մարդու իրավունքները

02-11-2016

AGBU GAՀոկտեմբերի 28-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Գլխավոր ասամբլեայի ժամանակ քննարկվեց Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը, որոնք են ներկայիս խնդիրներ և որքանով կարող է սփյուռքն ունենալ իր կառուցողական մոտեցումն այդ խնդիրների լուծման հարցում։ Հյուման ռայթս վոտչ կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչներ Ռաքել Դենբերն ու Գրորգի Գոգիան ներկայացրին Հայաստանի ներկայիս խնդիրները պալեատիվ առողջության և ընտանեկան բռնության առնչությամբ։ Իրենց ելույթում նրանք ևս մեկ անգամ շեշտադրեցին Ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու անհրաժեշտությունը։ Իրավաբան Շիլա Պալյանը ներկայացրեց իր գործունեությունն ու հետաքրքրությունները պատերազմական հանցագործությունների առնչությամբ։ Հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը ներկայացրեց իրենց «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը։ Նա կոչ արեց Սփյուռքի բոլոր հայերին առավելագույնս ներգրավվել Հայաստանում 2017թ-ին կայանալիք Խորհրդարանական ընտրությունների վերահսկման և դիտորդության գործընթացում։

Փինք Արմենիայից Նվարդը Մարգարյանը մեկնաբանությունների բաժնում ներկայացրեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների իրադրությունը՝ սկսած հոմոֆոբ կարծրատիպերից և պատմույթներից մինչև ինստիտուցիոնալ հոմոֆոբիա և ԼԳԲՏ հարցերի քաղաքական շահարկումները։ Իր ելույթի վերջում նա ընդգծեց, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը կարևոր նախապայման է ժողովրդավարական արժեքների և սկզբունքների համար։

Վերջում բոլոր բանախոսները հույս հայտնեցին, որ մարդու իրավունքները մոտ ապագայում Հայաստանում կհասցեագրվեն առավել կոնկրետ և կառուցողական տեսանկյունից, որն էլ անմիջականորեն կապված է երիտասարդության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, նախաձեռնությունների և իրավապաշտպանական խմբերի ծավալած գործուենության հետ։