Տեղի է ունեցել հոգեկան առողջության ոլորտում ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու դասընթաց

01-03-2017

2017թ.-ին փետրվարի 24-26-ը Դիլիջանում տեղի ունեցավ «ԼԳԲՏ անձանց հետ մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները. հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների համար» դասընթացը:

Դասընթացի նպատակն էր հոգեկան առողջության և առնչվող ոլորտների (սեքսոլոգ, հոգեբույժ, սոցիալական աշխատող, հոգեբան) և այլ հետաքրքրված մասնագետներին միավորել մի հարթակում.

        • տրամադրելու փաստերի վրա հիմված տեղեկատվություն սեռականության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության ու հարակից հարցերի մասին,
        • քննարկելու հոգեկան առողջության ու առնչվող ոլորտներում սեռական կողմնորոշմանն և գենդերային ինքնությանն հարող մասնագիտական հարցերը, միջամտության հնարավորությունները ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հետ աշխատանքում,
        • քննարկել մասնագիտական մոտեցման տարբերություններն ու նմանությունները և էթիկական նորմերը:

Դասընթացն ուղղորդվեց մասնագիտական քննարկումներով, դեպքերի վերլուծությամբ, խմբային աշխատանքներով և ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքային փորձ ունեցած և չունեցած մասնագետների փորձի փոխանակմամբ: Դասընթացին մասնակցեցին 33 պրակտիկ մասնագետներ և բարձր կուրսերի ուսանողներ` բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, սոցիալական և հատուկ մանկավարժներ: Դասընթացվարներն էին` սոցիալական աշխատող Լուսինե Քարամյանը, հոգեբան Լիլիթ Ավետիսյանը և բժիշկ-սեքսոլոգներ Վահե Ասրյանը և Անդրանիկ Ղարիբյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ԼԳԲՏ անձանց հետ հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական աշխատանքի բարելավում» ծրագրի շրջանակներում: