(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդես
Դեկտեմբերի 21-ին «Ներկայ արվեստների կառավարման և ստեղծարության կենտրոնում» կայացավ (ԱՆ)2ՆՄԱՆ ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՓԻՆՔ Արմենիայի կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խտրականության բացառման և հանդուրժողականության խնդիրներին, որ առկա են մեր հասարակությունում:
Ցուցահանդեսին ներկայացված էին համանուն ֆոտոմրցույթի լուսանկարները: Ֆոտոմրցույթի մասնակիցներն իրենց նկարներում պետք է ներկայացնեին հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները: Ուղարկված նկարները բաց էին ֆեյսբուքյան քվեարկության համար դեկտեմբերի 3-10-ը:
Ընտրված լավագույն աշխատանքները հեղինակային իրավունքների պահպանմամբ օգտագործվելու են բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար, իսկ երեք կատեգորիաներում հաղթող աշխատանքներն արժանացել են մրցանակի: Հաղթող երեք կատեգորիաներն էին՝
- ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկար,
- ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկար,
- ԱՆՆՄԱՆ ճանաչված լուսանկար:
Ֆեյսբուքում ամենաշատ հավանության է արժանացել Հարություն Կրիկյանի «Բոլորը տարբեր են, բոլորը հավասար» լուսանկարը, մյուս երկու նկարներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որում ընդգրկված էին և՛ ՓԻՆՔ Արմենիայի խորհրդի անդամներ, և՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչ: ժյուրիի հավանությանը արժանացել է Արթուր Կարոյանի «Իմ սպորտը» և ԱՆՆՄԱՆ լուսանկար է ճանաչվել Անի Թադրոսյանի «Սեր» լուսանկարը:
Բացիկների տպագրման համար ընտրվել են երեք կատեգորիաներում հաղթող ճանաչված լուսանկարները և «Փեղկ» -ի «Մենք բոլորս մարդ ենք» լուսանկարը:
Ցուցահանդեսն անցավ ջերմ մթնոլոտում: Ցուցահանդեսին ներկա էին ֆոտոմրցույթի մասնակցներն ու նրանց ընկերները, կամակերպության կամավորներն ու աջակիցները և թեմայով հետաքրքրված մարդիկ: