Բիսեքսուալ ձայների կարևորությունը

Բիսեքսուալները (երկսեռական) սեռականության աշխարհում յուրահատուկ տեղ գրավող մարդկանց խումբ են: Հաճախ տեղ գտնելով հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ կողմնորոշման միջակայքում, բիսեքսուալ մարդիկ շատերի կողմից դիտվում են որպես այս երկուսի խառնուրդ: Իրականում դա, իհարկե, ճիշտ չէ:
Բիսեքսուալությունը Մերրիամ Վեբստերի բառարանում սահմանվում է որպես սեռական գրավչություն և´ տղամարդկանց, և´ կանանց նկատմամբ: Բայց այս նեղ սահմանումը, ինչպես և այլ պաշտոնական սահմանումները, չեն տալիս ամբողջական պատկեր այն մասին, թե ինչ է բիսեքսուալությունը, ովքեր են բիսեքսուալ մարդիկ, և ինչպես է նրանց սեռականությունը ձևավորում իրենց կյանքը:
Ամենատարածված թյուրըմբռնումը հաճախ հետևում է այս նեղ սահմանումից: Շատերը մտածում են, որ բիսեքսուալ լինել նշանակում է հավասարաչափ գրավչություն ունենալ բոլոր մարդկանց նկատմամբ` անկախ իրենց գենդերից կամ սեռական կողմնորոշումից: Սա մեծ սխալ է, որն էլ բերում է մարդկանց կողմից բիսեքսուալության մասին բազմաթիվ թյուրըմբռնումների:
Տարածված թյուրըմբռնումների շնորհիվ բիսեքսուալ մարդիկ հաճախ պատկերվում են որպես չկողմնորոշված, ագահ, որպես «կեղծ գեյեր» կամ էլ տենդենցով տարված հետերոսեքսուալներ: Կան բազմաթիվ սաստիկ վնասակար կարծրատիպեր, որոնք բխում են երևույթի նկատմամբ սխալ պատկերացումներից, և որոնց առնչվում են բիսեքսուալ մարդիկ: Սակայն, ի տարբերություն շատ անձանց, ովքեր հետերոսեքսուալ չեն, բիսեքսուալները երբեմն կարող են բախվել այդ նույն կարծրատիպերին հենց ԼԳԲՏ համայնքի կողմից:
Ինչպես բոլոր սեռական կողմնորոշումների դեպքում, բիսեքսուալ մարդկանց նախասիրությունները կախված են բազմաթիվ նրբություններից: Շատ բիսեքսուալ մարդիկ բոլորին չեն համարի հավասարապես գրավիչ. նրանց կարող են ավելի շատ դուր գալ որոշ մարդիկ, քան մյուսները, նրանք կարող են նույնիսկ որոշ գենդերային ինքնություն ունեցող մարդկանց ավելի շատ հավանել, քան մյուսներին: Ինչպես և հետերոսեքսուալ և ԼԳԲՏ մարդկանց դեպքում է` մի փոքր սահմանումը երբեք չի կարող բնորոշել մի ամբողջ խումբ մարդկանց: Բոլոր մարդիկ տարբեր են, ու թեև մարդիկ կարող են ունենալ նույն սեռական կողմնորշումը, դա չի նշանակում, որ նրանք բոլորը նույնն են:
Երբեմն թվում է, որ ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ քուիր համայնքը չունեն ամբողջական պատկերացում բիսեքսուալության մասին: Մարդիկ հաճախ դիտարկում են երևույթները իրենց կյանքի համատեքստում, ինչը բավական չէ երևույթներն ամբողջովին հասկանալու համար: Հաճախ լայն հետերոսեքսուալ հասարակությունը չի կարող հասկանալ ԼԳԲՏ համայնքին, քանի որ նրանք համեմատում են իրենց անձնական հարաբերություններն ու փորձը, և այդպիսով դարձնում ԼԳԲՏ մարդկանց օտար և անսովոր: Բիսեքսուալ մարդկանց դեպքում սա կարող է արվել ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ քուիր մարդկանց կողմից:
Եվ երբ մարդկանց մի խումբ մարդիկ պատշաճ կերպով հասկացված չեն, նրանք երբեք չեն կարող լինել, ինչպես հարկն է, ընդունված: Մենք ամբողջ աշխարհում ականատես ենք եղել նրան, թե ինչպես են հասարակությունները մարգինալացնում և չկարևորում ԼԳԲՏ մարդկանց ձայները: Քուիր համայնքին չի հաջողվում ներկայացված լինել լայն հասարակության մեջ, քանի որ նրանց ձայներին և կարծիքին չի տրվում նույն վերաբերմունքը, ինչ հետերոսեքսուալ հասարակությանը: Երկսեռականները, ցավալիորեն, այդպիսի վերաբերմունքի են արժանանում ինչպես լայն հասարակության, այնպես էլ ԼԳԲՏ համայնքի կողմից. նրանք ներկայացված չեն որպես քուիր համայնքի անդամներ, և ավելի լայն ԼԳԲՏ համայնքի փոխըմբռնման բացակայության պատճառով չեն ներկայացվում քուիր համայնքի շրջանակներում:
Կարևոր է, որ ԼԳԲՏ մարդիկ ամեն ինչ անեն, որպեսզի ներառեն բիսեքսուալ ձայները ԼԳԲՏ աշխարհում, ինչպես և կարևոր է լսելի դարձնել ԼԳԲՏ ձայները լայն հասարակության մեջ: Երբ գեյ, լեսբի և տրանս ձայները սկսում են գերակշռել ԼԳԲՏ քննարկումների ժամանակ, բիսեքսուալ մարդկանց խնդիրները սկսում են էլ ավելի մեկուսացվել: Երկսեռականների իրավունքներն ու կարիքները դառնում են երկրորդական ի համեմատ գեյերի ու լեսբիների իրավունքների և կարիքների, և ինչ-որ տեղ ԼԳԲՏ շարժումը կարծես սկսում է աշխատել ընդդեմ երկսեռական համայնքի: Երկսեռական մարդկան խնդիրները մի կողմ են դրված, նրանք անտեսվում են և դառնում աննկատ:
Կարևոր է, որպեսզի բոլորը լինեն հավասարապես և արդարացիորեն ներկայացված: Կարևոր է, որ ԼԳԲՏ շարժումը չդառնա շարժում որոշների համար, իսկ մյուսների համար` ոչ:
Հեղինակ` Թոմ Անա
կամավոր, ՓԻՆՔ