ԵԽԽՎ-ն պատգամավորներին կոչ է արել ուշադիր լինել ԼԳԲՏ անձանց խնդիրների հանդեպ
Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԵԽԽՎ-ի Հավասարության և հակախտրականության հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ թեև վերջին տասնամյակներին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ պայքարում իրական առաջընթաց կա, սակայն հարձակումները, կանխակալ վերաբերմունքը և խտրականությունը բազմաթիվ ԼԳԲՏ անձանց ամենօրյա կյանքի մասն են կազմում:
«Տրանսգենդեր անձանց դանակահարում են փողոցում կամ հարձակվում են նրանց վրա իրենց տան մեջ, գեյ շքերթները արգելվում են կամ ոստիկանությունը դրանք պատշաճ չի վերահսկում, փողոցներում ԼԳԲՏ մարդկանց սպանելու սպառնալիքներով պաստառներ են փակցված, փակվում են թեժ գծերն ու կայքերը, որոնք օգնություն են ցուցաբերում ԼԳԲՏ երիտասարդներին, ոստիկանությունը անարդյունավետ է հետաքննում հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի հիմքով կատարված հարձակումները: Սա տեղի է ունենում Եվրոպայում, և այս իրավախախտումները կատարվում են ունենում այսօր», – ասված մայիսի 17-ին հրապարակված հայտարարության մեջ:
ԵԽԽՎ հանձնաժողովը պատգամավորներին և այլ պաշտոնատար անձանց կոչ է արել`
- Շարունակաբար դատապարտել սեռական կողմնորոշման հիմքով անձի կամ խմբերի դեմ բոլոր հարձակումները,
- Վերջ տալ թշնամանք ու հետագա հարձակումներ խրախուսող անպատժելիության մթնոլորտին,
- Երաշխավորել ԼԳԲՏ անձանց խոսքի և հավաքների ազատության իրավունքը,
- Թույլ տալ, որ քաղաքացիական հասարակությունը գործի ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով խարանի ու խտրականության են ենթարկվում,
- Իրականացնել Խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայում տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության 2048 բանաձևում տեղ գտած առաջարկությունները:
ԵԽԽՎ-ում նաև հորդորորել են ապաքրեականացնել հոմոսեքսուալությունը այն երկրներում, որտեղ այն դեռևս քրեորեն պատժելի է: