«Իրավունք» թերթը շարունակում է բռնություն քարոզել‏

19-07-2014

Ս.թ. մայիսի 17–ին «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը թերթի կայքէջում հրապարակել է հոդված, որը վերնագրված է. «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»: Այդ հոդվածում հեղինակը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, հնչեցնում է վիրավորական արտահայտություններ վերոնշյալ անձանց հասցեին և կոչ է անում «1.Սովորական մարդկանց, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն; 2.Պետական պաշտոնյաներին, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով; 3.Գործատուներին, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան; 4.Լրատվամիջոցների սեփականատերերին, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա, 5.Կրթօջախներին ղեկավարներին, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:

Վերոնշյալ գրության մեջ առկա տեղեկատվությունը` դրա ողջ էությունն ու առանձին արտահայտությունները պարունակում են խտրականության կոչեր, վիրավորում է հոդվածում նշված անձանց պատիվը և արժանապատվությունը: Բացի դրանից, այն պարունակում է փաստացի այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, զրպարտում և վիրավորում են անձանց պատիվն ու արժանապատվությունը և արատավորում վերջիններիս գործարար համբավը:

Ս.թ. մայիսի 30–ին, «Սև ցուցակում» հայտնված մի քանի քաղաքացիներ վերոնշյալ թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին և թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` ուղարկել են գրություն և մատնանշել են, որ տեղադրված հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք և պահանջել են տեղադրել հերքում, սակայն վերջիններիս կողմից ոչ միայն չհերքվեց գրության մեջ առկա տեղեկատվությունը, այլև 03.06.2014 թվականին տեղադրվեց նմանօրինակ մեկ այլ հոդված` «Ու սրանք դեռ համարձակվում են հերքու՞մ պահանջել» վերնագրով, որով շարունակվում է հնչեցվել վիրավորանք և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Մասնավորապես հերքման պահանջ ներկայացրած անձանց հասցեին հնչեցվում է «սույն կերպարանք», «մխտռված կենսագրություն» և նմանատիպ այլ արտահայտություններ: Վերոնշյալ երկու հոդվածները ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում:

Սույն դեպքի առնչությամբ 16 ՀՀ քաղաքացիների միասնական, Իրանի քաղաքացի Ռոմիկ Դանիալի և «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության աշխատակիցների անհատական դատական հայցեր ներկայացնելու առիթով «Իրավունք» թերթը շարունակաբար հրապարակում է հայցվորներից յուրաքանչյուրի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվություն, վիրավորում և խոցելի է դարձնում վերջիններիս, ինչի առիթով «Իրավունք» թերթի 62–րդ տպագիր համարում (հունիսի 6-9, 2014թ.) թերթի «Ապազգային» բաժնում լույս է տեսնում մեկ այլ հոդված` «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով, որտեղ բացասական ձևով անդրադարձել են «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության իրականացրած գործունեությանը , հուլիսի 1–ին դարձյալ, մեկ այլ հոդվածով` «ՄԻՊ Իջևանի «հանգուցյալ» մասնաճյուղը հոմոսեքսուալիզմի լոբբի՞ստ» հոդվածով «Իրավունք» թերթը շարունակել է «Նոր սերունդ» ՀԿ–ի գործունեության պախարակումը:

09.07.2014թ «Իրավունք» թերթի «Քրեական» բաժնում հրապարակվում է մեկ այլ թիրախավորված հոդված` «Մեզ միայն համասեռամոլների պաշտպան Իրանի քաղաքացին էր պակաս» վերնագրով հայցվոր Ռոմիկ Դանիալի մասին: Հոդվածում հրապարակվել են նաև Իրանի քաղաքացի Դանիալի նկարները, ինչը վտանգում է նրա կյանքը ՀՀ տարածքում, և մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հայցվորի կյանքին սպառնում է վտանգ, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության օրենքների և գործող պրակտիկայի համաձայն նույնասեռականության համար անձը կարող է ենթարկվել ընդհուպ մինչև մահապատժի: Ստացվում է, որ մեղմ ասած վիրավորանքի և սուտ տեղեկատվության արդյունքում անձն այլևս չի կարող մուտք գործել Իսլամական Հանրապետություն, քանի որ մուտք գործելու դեպքում կարող է ենթարկվել ընդհուպ մինչև մահապատժի:

11.07.2014թ «Իրավունք» թերթի «Լկտիություն առանց սահմանների» բաժնում լույս տեսավ մեկ այլ հոդված` «Կոնչիտայի վկաների հերթական եռյակը միացավ ազատ խոսքի դեմ հալածանքներին», որտեղ ներկայացրել են մանրամասներ գործով հայցվորներ «Նոր սերունդ» կազմակերպության 3 աշխատակիցների` Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի և Գրիգոր Գևորգյանի անձնական կյանքի մասին:

15.07.2014թ «Իրավունք» թերթի 78–րդ համարում, «Կոնչիտայի վկաներ» բաժնում տվյալ դեպքի առնչությամբ լույս է տեսել մեկ այլ հոդված հայցվորներից արդեն Պերճուհի Կաժոյանի մասին` վերնագրված «Երբ պետական պաշտոնյայի դուստրը զբաղվում է համասեռամոլության լոբբինգով»:

Չնայած իր անվանը` «Իրավունք» թերթը չի հավակնում պաշտպանել մարդու իրավունքները` ներկայացնելով հանրությունը սեգրեգացնող և պառակտող տեսակետներ: Ավելին, «Իրավունք» թերթը` խմբագրական կազմով հանդերձ, ոտնահարում է հանրության մի մասի շահերը` նրանց ներկայացնելով բացասական լույսի ներքո, դեհյումանիզացնելով տարբեր սոցիալական խմբերի:

Թերթի կողմից հրապարակված վերոնշյալ բոլոր գրությունները իրենց ողջ էությամբ, բովանդակությամբ և նպատակով հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, միջազգային իրավական ակտերով ամրագրված անձի հիմնարար իրավունքները և ազատությունները, մասնավորապես անձի խտրականությունից զերծ մնալու, անձի ազատության և անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:

Դեռ ավելին, թերթի կողմից հրապարակված գրությունները էթիկապես անընդունելի են և հակասում են զանգվածային լրատվության միջոցների իրավաչափ գործունեության համար ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված չափանիշներին: