Ծիածան ֆլեշմոբը Երևանում

18-05-2013

IMG_6818Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է մայիսի 17-ին: Միջոցառման նպատակը ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումների մասին իրազեկվածության բարձրացումն է:

1990թ-ի մայիսի 17-ին էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հիվանդությունների միջազգային դասակարգման շարքից:

2004թ-ին ստեղծվեց Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը` հրավիրելու քաղաքականություն մշակողների, քաղաքական առաջնորդների, սոցիալական շարջումների, հանրային մտածելակերպի, մեդիայի ուշադրությունը խնդրի վրա, և տարածելու հանդուրժողականության, հարգանքի և ազատության գաղափարը` անկախ մարդկանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Որքանով այս օրը պայքար է բռնությունների և ճնշումների դեմ, նույնքան էլ օր է ազատության, բազմազանության և ընդունման:

«Ծիածան ֆլեշ» միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: Միջոցառման խորհուրդն է ծիածանի վեցը գույներով փուչիկներ բաց թողնել երկինք, որի միջոցով կարտահատվի մարդկանց ցանկությունը` պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ցանկացողները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ բնութագրիչներից:

2013թ-ի մայիսի 17-ին մարդիկ հավաքվեցին Երևանի Թումանյանի անվան այգում` մասնակցելու «Ծիածան ֆլեշին»: Վայրկյաններ անց սկսվեց ամենահաճելին. բազմաթիվ գույնզգույն փուչիկներ ճախրեցին երկնքում` իրենց խաղաղարար առաքելությամբ:

Միջոցառումը, 2010թ-ից ի վեր, կազմակերպում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն` գործընկերների աջակցությամբ: