Կարո՞ղ ես լսել լռությունը
«Լռության օրվա» հիմնական խորհուրդը արժանապատվությունը նսեմացնող երևույթները վերացնելն ու կանխարգելելն է, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից։
Նսեմացումը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների և երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Այն կարող է կործանարար ազդեցություն ունենալ, նույնիսկ այն պարագայում, երբ այն տեսանելի չէ և ավելի դժվար ճանաչելի է, քան հանրային առողջության այլ խնդիրները: Նսեմացումների էպիկենրտրոններ են դպրոցները, ուսումնարանները, համալսարանները, որտեղ մեծ թվով երեխաներ, պատանիներ, երիտասարդներ անց են կացնում իրենց ժամանակի մեծ մասը: Նսեմացումը ոտնձգությունների և բռնությունների ձև է, որն անհրաժեշտ է հասկանալ զարգացման, սոցիալական և կրթական տեսանկյուններից:
Հայաստանում չկա նսեմացումը հասցեագրող իրավական դաշտ, ռազմավարություն և հստակ պատկերացում երևույթի մասին: Ավելին, անհանդուրժողականությունը այն ամենի հանդեպ, ինչ դուրս է սահմանված հայկական «ավանդական» մտածլակերպից, ազգայնականության առասպելները, իրազեկվածության և իրավագիտակցության ցածր մակարդակը, միմյանց նկատմամբ հարգանքի մշակույթի բացակայությունը ավելի են սրում իրավիճակը:
Հայաստանում Լռության օրը նշվում է 2010 թվականից ի վեր: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ամեն տարի միջոցառումներ է իրականացնում «Լռության օրվա» կապակցությամբ:
2011 թվականին կազմակերպությունը հրապարակեց իր «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականի առաջին համարը:
2012 թվականին կազմակերպության կողմից իրականացվեց մամլո ասուլիս, որի ժամանակ խոսնակները ներկայացրեցին նսեմացումների արդյունավետ կանխարգելման մեխանիզմների և քայլերի մշակման անհրաժեշտությունը` մասնավորապես կրթական հաստատություններում կոմպետենտ մասնագետների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության և պաշտպանության ապահովումը։ Կազմակերպության աշխատակիցները պատրաստել էին պաստառներ, որոնց խորագիրն էր «Ես մաքրում եմ լռության իմ դիմակը»։
2013թ. Կազմակերպությունն իրականացրեց մամլո ասուլիս-քննարկում ՀՀ կրթական հաստատություններում նվաստացումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնությունների մասին, որի ժամանակ ներկայացվեցին այն դեպքերը, անձնական պատմությունները, որոնք կազմակերպության աշխատակիցները հավաքագրել էին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում: Այդ օրը նաև հանրությանը ներկայացվեցին տեսահոլովակներ, որոնք կոչ էին անում երիտասարդներին կոտրել լռությունը և բարձրաձայնել կրթական հաստատություններում առկա նվաստացման և խտրականության դրսևորումների մասին։
Այս տարի տասնյակ երիտասարդներ միացել են լռության օրվա առցանց արշավին՝ իրենց լռությունը կոտրելու կոչերն ուղղելով լայն հասարակությանը: Նրանք տարածում են իրենց կոչերը, թե ինչու են կոտրում լռությունը՝ կիսվելով իրենց նկարներով: Օրվա խորհրդին համաձայն՝ ապրիլի 18-ին կազմակերպությունը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին և չենք տրամադրի որևէ ծառայություն. այդ օրը մենք լուռ կլինենք։
Լռության օրվա առցանց արշավին կարող եք հետևել facebook.com/dosarmenia էջում։