Նույնասեռականներին ատողները հոգեբանական խնդիրներ ունեն. հետազոտություն

22-09-2015
homophobia
Լուս.` Syda Productions / Shutterstock.com

Հոմոֆոբ վարքը շատ բան կարող է ասել նման դրսևորումներ ունեցող մարդկանց մասին: Պսիխոտիզմի (Պսիխոտիկ խանգարում ձեռք բերելու հակվածություն, որին բնորոշ է խենթաբանությունը, անուշադրությունը շրջապատի նկատմամբ և անտեղի հուզական հակազդումները) ավելի բարձր մակարդակ և ոչ համապատասխան քոփինգ մեխանիզմ (անձի խնդիրների հաղթահարման ռազմավարություն) առկա է այն մարդկանց մոտ, որոնք խիստ բացասական են վերաբերվում նույնասեռականներին, քան նրանց մոտ, ովքեր ընդունում են հոմոսեքսուալ հարաբերությունները:

Այդպես է ցույց տալիս սեպտեմբերի 8-ին «The Journal of Sexual Medicine»-ում հրապարակված հետազոտությունը, հայտնում է «Livescience» գիտական պարբերականը:

Սա չի նշանակում, որ Հոմոֆոբ մարդիկ պսիխոտիկ են. Պսիխոտիզմն ավելի շուտ այլոց հանդեպ թշնամանքով, զայրույթով և ագրեսիայով պայմանավորված բնավորության գիծ է, բայց հետազոտությունը պարզել է, որ հոմոֆոբ հայացքներով մարդիկ հոգեբանական խնդիրներ ունեն, բացատրել է հետազտության ղեկավար, Հռոմի Տոռ Վերգատա համալսարանի էնդոկրինոլոգ և բժշկական սեքսոլոգ Էմանուել Ջանինին:

«Այս աշխատությունը նոր հետազոտությունների ասպարեզ է բացում, որտեղ հոմոֆոբիան է ուսումնասիրվում որպես իրական հիվանդություն», – ասել է Ջանինին պարբերականին տված հարցազրույցում:

Հետազոտությանը մասնակցել են իտալական համալսարանի 18-30 տարեկան 551 ուսանող, որոնք հարցաթերթիկներում լրացրել են, թե ինչ մակարդակի հոմոֆոբ հայացքներ ունեն, ինչպես նաև պատասխանել են իրենց փսիխոպաթոլոգիայի վերաբերող հարցերին, այդ թվում` դեպրեսիայի, տագնապայնության և պսիխոտիզմի:

Հետազոտության մասնակիցները 5 բալանոց սանդղակով գնահատել են 25 արտահայտություններ, ինչպիսիք են` գեյերն ինձ նյարդայնացնում են; կարծում եմ գեյերը չպետք է աշխատեն երեխաների հետ; ես ձեռք եմ առնում գեյերին; ինձ համար կարևոր չէ իմ ընկերները գեյ են, թե հետերոսեքսուալ:

Ուսանողները նաև պատասխանել են հարաբերություններում իրենց կապվածության ձևին վերաբերող հարցերին: «Առողջ» ձև է համարվում անվտանգ կապվածությունը, երբ մարդիկ իրենց հարմարավետ են զգում` ուրիշներին մոտ լինելով և մոտ թողնելով: Մարդիկ, որոնց կապվածությունը անվտանգ չէ, հաճախ խուսափում են ինտիմ հարաբերություններից, սակայն դառնում են չափազանց կառչող ու մտերմություն են տենչում, բայց միևնույն ժամանակ ուրիշներին վստահելու հարցում անհարմարավետ են զգում:

Վերջին հարցաշարը վերաբերում է ուսանողների քոփինգ ռազմավարությանը, թե ինչ պաշտպանական մեխանիզմներ է նրանց մոտ գործում, երբ նրանք բախվում են տհաճ և վախենալու իրավիճակների: Պաշտպանական մեխանիզմը կարող է լինել «առողջ» («հասուն») կամ «անառողջ» («ոչ հասուն»): Հասուն է այն մեխանիզմը, որն իր մեջ, օրինակ, պարունակում է էմոցիաների կառավարումը և ուրիշների վրա չի բարդում իր անհաջողությունը:

Ոչ հասուն մեխանիզմն իր մեջ պարունակում է ներքին մղման (իմպուլսիվ) գործողությունները, պասիվ ագրեսիան կամ խնդիրների բացասումը:

Այսպիսով, հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեպես ավելի առողջ են նրանք, ովքեր ավելի քիչ են հակված հոմոֆոբ վարքին: Մարդիկ, որոնք անհարմարավետ են զգում իրենց մտերմիկ հարաբերություններում, զգալիորեն ավելի հոմոֆոբ են, քան նրանք, ովքեր ապահով են իրենց զգում այդ հարաբերություններում: Գիտնականները պարզել են նաև, որ այն մարդիկ, որոնց ոչ հասուն պաշտպանական մեխանիզմն ավելի բարձր մակարդակ ունի, ավելի հոմոֆոբ են, քան հասուն պաշտպանական մեխանիզմ ունեցողները:

Թշնամանքի ու զայրույթի բարձր մակարդակը, որոնցով չափվում է փսիխոտիզմը, նույնպես հոմոֆոբ վարք ունեցող մարդկանց մոտ է նկատվել:

Հետազոտողներն այժմ ընդլայնում են ուսումնասիրությունը: Նրանք պատրաստվում են այն անցկացնել Ալբանիայի ուսանողների հետ, նաև ուսումնասիրում են, թե «բավարար տղամարդ» չլինելու վախը, ինչպես է ազդում հոմոֆոբ վարքի վրա: