ՌԱ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները ՀՀ իշխանություններին. զեկույց
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հոկտեմբերի 4-ին հրապարակած 5-րդ զեկույցում, անդրադառնալով Հայասանում ԼԳԲՏ մարդկանց դեմ տարածված ատելության խոսքին, բռնություններին, խտրականությանը, սեռական կողմնորոշման կամ գենդերային հիմքով հանցագործություններին, Հայաստանի իշխանություններին մի շարք առաջարկություններ է արել այդ երևույթների դեմ պայքարելու համար:
ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հստակորեն ավելացվեն Հայաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում (ազգային, ռասայական, կրոնական թշնամանքի հարուցման մասին) արգելվող հիմքերի ցանկում:
Ավելին, ՌԱԵՀ-ն նաև առաջարկում է, որպեսզի քր. oրենսգրքում դրույթ ավելացվի, որը հստակորեն կամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։
ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ նրանց ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով, կամ նրանց իրավապաշտպանների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, սպառնալիքների դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն։ 55
ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի Հայաստանի իշխանությունները հրապարակային հայտարարություն անեն՝ դատապարտելով հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքը և բռնությունները։ Այն նաև առաջարկում է, որ քաղաքական կուսակցությունները կոշտ դիրքորոշում որդեգրեն հոմոֆոբ/տրանսֆոբ տրամադրությունների դեմ, հատկապես, երբ դրանում ներգրավված են իրենց անդամները։
ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի Խորհրդարանում հնարավորինս շուտ ներկայացվի վարքի այնպիսի կանոնագիրք, որը, ի թիվս այլնի, պատժամիջոցներ է ենթադրում ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ արտահայտությունների համար։
ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է իշխանություններին առանց լրատվամիջոցների անկախությունը վնասելու սերտ համագործակցել նրանց հետ՝ ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ ձևակերպված դրույթներով լրատվական էթիկայի կանոնագիրք ընդունելու, բոլոր լրատվամիջոցների կողմից այդ փաստաթղթի նկատմամբ հավատարմությունը խթանելու և լրատվական ոլորտի մասնագետների համար համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ։
ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է, որպեսզի քրեական իրավունքն արդյունավետորեն կիրառվի ռասիստական հողի վրա կատարված բռնությունների և դրանց հրահրման բոլոր դեպքերում, այդ թվում և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի միջադեպերի հետ կապված, մասնավորապես՝ ուշադրությունը բևեռելով իրավապահների կողմից օրենքի նկատմամբ հարգանքին։ Ավելին, իշխանությունները պետք է ամենասկզբից բռնի միջադեպերի քննության և դրանց հետևող բոլոր դատական վարույթների ժամանակ ենթադրյալ ռասիստական և/կամ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը դարձնեն քննության բաղկացուցիչ մասը։
ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի իշխանություններն ուսումնասիրություն իրականացնեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) օրենսդրության համապատասխանության վերաբերյալ՝ նոր կամ նախընտրած գենդերի ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության հնարավորության առնչությամբ։ Այն նաև առաջարկում է անհրաժեշտության դեպքում փոփոխել բոլոր համապատասխան օրենքները։
ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի կառավարությունը համապատասխան մարմնին հանձնարարի մշակել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի ԼԳԲՏ անձանց իրավունքների և նրանց կենսապայմանների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման, ԼԳԲՏ անձանց ընկալման խթանման, հավասար վերաբերմունքի նրանց իրավունքն իրականություն դարձնելու, ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենսդրության սահմանման և նախորդ կետերում նկարագրված՝ առավել հրատապ հարցերի լուծման նպատակներ։