ՏՎԽ կարծիքը Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչների գործի վերաբերյալ

16-12-2014

idcarmՏեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է կարծիք` Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչ ընդդեմ «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի գործի վերաբերյալ:

Գործի հանգամանքները

17.05.2014թ-ին www.Iravunk.com առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված , որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը: Մի խումբ քաղաքացիներ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել են դատարան ընդդեմ լրատվամիջոցի և լրագրողի, գտնելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող բնույթի էին, այլ նաև ատելության խոսքի դրսևորումներ էին։ Խնդրել են դատարանից պատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել (տեքստի հրապարակումով) և որպես փոխհատուցում բռնագանձել հինգ միլիոն ՀՀ դրամ:

30/10/2014թ-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է հայցը։ Իր որոշումը դատարանը հիմնավորել է այն եզրահանգմամբ, որ թեև հոդվածում օգտագործվել են որոշ չափազանցություններ, որոնք կարող էին ցնցել ու անհանգստություն պատճառել հայցվորներին, սակայն ընդհանուր առմամբ հոդվածագրի կողմից ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում։ Սրա հիման վրա դատարանը գտել է, որ հոդվածը «ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին» և որ հոդվածը «իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով»:

Եզրահանգում

Խորհուրդը գտնում է, որ հոդվածում հնչեցվել են արտահայտություններ ու կոչեր, որոնք ծայրահեղականության, ատելության խոսքի դրսևորումներ են: Մինչդեռ դատարանն այդ հանգամանքը քննության առարկա չի դարձրել, թեև հայցվորներն այդ հարցը հստակորեն բարձրացրել էին իրենց հայցում:

Անկասկած է, որ նշված հոդվածով հոդվածագիրն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը։ Այդուհանդերձ, ազատ խոսքի պաշտպանության ոչ մի կառուցակարգ չի տարածվում ատելության խոսքի վրա: Անհրաժեշտ է տարբերակել ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ սադրող բնույթի քննադատական խոսքը այնպիսի խոսքից, որը ծայրահեղականության դրսևորում է և որպես այդպիսին սերմանում ու քարոզում է ատելություն։ Առաջինը պաշտպանված է ազատխոսքով, իսկերկրորդը՝ ոչ: Քաղաքակիրթ ազգերի կողմից ատելության խոսքը բացառվում է իսպառ՝ առանց որևէ բացառության։ Այս մոտեցումն է ամրագրված նաև միջազգային իրավունքում, որը ատելության խոսքն աստիճանաբար ճանաչում է որպես միջազգային իրավունքի սովորույթային նորմ:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ապա վերջինս ատելության խոսքն արգելում է երկու նյութաիրավական հիմքերով՝ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով (իրավունքների չարաշահման արգելում), ըստ որի ատելության խոսքը ժխտում է Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքները, ևԿոնվենցիայի 10 կամ 11-րդ հոդվածների երկրորդ մասերի հիմքով (պետական անվտանգություն, հասարակական անվտանգություն, այլոց իրավունքներ և այլն): Այնպիսի արտահայտություն, ինչպիսին է «զրո հանդուրժողականությունը», ինչպես նաև հոդվածի ողջ համատեքստը, որով կոչ է արվում լիակատար անհանդուրժողականություն դրսևորել կոնկրետ անձանց նկատմամբ, ընդhուպ նրանց լիակատար սեգրեգացիան հասարակությունից, անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների, «իրավունքի գերակայության» և «քաղաքացիական համերաշխության» գաղափարների հետ, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում:

Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը ոչ թե տրամադրել է հարթակ ատելության խոսքի տարածման համար, այլ հենց ինքն է նման խոսքի հեղինակ։ Առավել խնդրահարույց է, որ լրագրողը միևնույն ժամանակ տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը մշակող անձ է, որի ուժով վերջինս ոչ միայն ստանձնում է առավել լայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ Սահմանադրությանը, օրենքներին և լրագրողական վարքագծի նորմերին իր գործունեությունը համապատասխանեցնելու հարցում:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան- Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր