Արտագաղթում են ԼԳԲՏ անձիք, տուժում է պետությունը. զեկույցի քննարկում
Ինչպե՞ս ցույց տալ, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձիք հասարակության մի մասն են և իրենց ինքնությունն ամենևին չի նվազեցնում պետությանն օգտակար լինելու հանգամանքը: Միջոցներից մեկը` կատարել սոցիալ-տնտեսական հետազոտություն` պարզելու, թե իրենց աշխատուժով ինչ օգուտներ կարող են տալ ու մեկուսացման դեպքում, ինչ կորուստներ կկրի պետությունը: ԼԳԲՏ անձանց ճնշելու պատճառով կրած նյութական վնասները կհամոզի՞ իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումը խոցելի այդ խմբի նկատմամբ:
2011-2013թ. կտրվածքով Հայաստանի բյուջեն մոտ 20 միլիոն դոլար է կորցրել ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով, իսկ մոտակա 12 տարիներին ԼԳԲՏ մարդկանց Հայաստանը լքելու հետևանքով երկրի բյուջեն 370 միլիոն դոլարի կորուստ կունենա:
Այդ մասին է փաստում «Հանրային տեղեկատվության և գետիլիքի կարիք» և ««Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների իրականացրած հետազոտությունը:
Փետրվարի 13-ին ուսումնասիրության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը գրող Արմեն Օհանյանը կասկած հայտնեց, թե իշխանություններին կհետաքրքրի այս զեկույցը.
«Կասեն` 20 միլիոն պակասում է, թող պակասի, բայց, հո, գենը մաքուր կմնա», – հեգնանքով նկատում է նա:
Հետազոտությանը մասնակցած սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը, պատասխանելով այդ դիտարկմանն, ասում է, որ այստեղ կարևոր է, որպեսզի ԼԳԲՏ մարդկանց խնդիրը հասարակությունից անջատ չդիտարկվի, այլ մտածողություն ձևավորվի` եթե ինչ-որ խումբ խնդիր է ունենում, այն անդրադառնում է բոլորի վրա:
Հետազոտության համաձայն, ԼԳԲՏ մարդկանց արտագաղթի հետևանքով Հայաստանը նաև կորուստներ է կրել նրանց կրթության վրա ներդրումներ անելու արդյունքում: Այսպես` 2011-2013թթ. այդ գծով պետությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար:
Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի կարծիքով, ԼԳԲՏ առնչվող խնդիրները պետք է հենց իրենք բարձրացնեն, քանի որ մարդը չի կարող մի հարցի մասին խոսել, որի իրականությունն ինքը չի զգացել:
Համաձայնելով Ահարոնյանի հետ` Օհանյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանում չկա կարծիք ստեղծող կամ հասարակության մեջ հեղինակություն վայելող մի մարդ, որը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. «Աձնական անվտանգության հարցը լուծված չէ, որ դրա մասին բացահայտ խոսել լինի», – ասում է նա:
Հարցումները ցույց են տալիս, որ ի տաբերություն մյուս արտագաղթողների, որոնց երկիրը լքելու հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, ԼԳԲՏ անձիք հեռանում են իրենց նկատմամբ խտրականությունների պատճառով: Ուսումնասիրության հիման վրա ՀՀ իշխանություններին առաջարկություն է արված հակախտրական օրենսդրություն ընդունել: