Կարդա ինձ․ Ամեն տեղ գրում էի նրա անունը

15-05-2017

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում ԼԳԲՏ անձանց խնդրել ենք նամակներ գրել ու պատմել իրենց կյանքից որևէ դրվագ։ Մայիսի 15-21-ը ամեն օր հրապարակելու ենք այդ նամակներից մեկը։ Ահա առաջին նամակը։

Ես գեյ եմ ու քո դասարանցին եմ:

Ես գեյ եմ ու քո ընկերն եմ:

Բարև, ես Տիգրանն եմ, ուզում եմ մի փոքր կիսվել իմ պատմությամբ, սիրելի´ ընթերցող։
Ես 18 տարեկան եմ, ապրում եմ Հայաստանում:

Փոքր ժամանակ, երբ դեռ դպրոցական էի,  սիրահարվել էի մեր դասարանից մի տղայի։ Դրսում քայլելուց, տնից դուրս գալուց և վերադառնալուց,  ձեռքիս տակ եղած իրով, որով կարելի էր գրել կամ փորագրել, ես պատերին գրում էի նրա անունը` առանց հասկանալու, թե ինչու։

Մեր մուտքի պատերին, բարեկամների մուտքի պատերին և անգամ մեր տան  պատերին գրում էի նրա անունը,  դեռ մի քանի տեղ մնացել է։ Այդ ժամանակ ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում դա։

Որոշ ժամանակ անց հենց այդ նույն տղան մի օր առաջարկեց, որպեսզի մենք գնանք մեզ մոտ գտնվող ռազմական օդանավակայանի տարածք, պատրոններ հավաքելու, որ հետո շղթա պատրաստենք։

16 տարեկանում ես առաջին անգամ համբուրվեցի տղայի հետ, որը իմ կյանքի քիչ երազանքներից մեկն էր։
Դրանից հետո ես էի փնտրում ծանոթություններ և շփումներ գեյ անձանց հետ։

Դրանից 6-7 ամիս հետո ես ունեի ընկեր, որին շատ-շատ էի սիրում, անգամ ընտանիքիցս շատ։ Ես ապրում էի նրանով։Մեր բաժանումից հետո իմ կյանքը միանգամից փոխվեց,  բոլորը իմ մասին վատն էին խոսում, անգամ օպերայի գլխավոր մուտքի մոտ մի քանի տղա ինձ խայտառակ են արել,  բարձր ասելով, թե «էս Տիկոն գոմիկ ա, ու մենք էսքան ժամանակ չենք իմացել դրա մասին ու շփվել ենք իրա հետ»։ Ես թողեցի ու փախա էդտեղից։

Նեղվեցի շատ, անգամ լաց եղա, բայց հասկացա, որ ես կապված եմ ինքս ինձ հետ,  ես չպետք է հիասթափվեմ ինձնից և շարունակեցի ապրել նենց ոնց ես կամ՝  չամաչելով ինձնից և իմ էությունից:

Հետո ես ընդունվեցի քոլեջ։ Ընդամենը մեկ շաբաթ հետո բոլորը խոսում էին, որ գեյ եմ։ Մինչ այսօր ես չեմ ասել նրանց, որ, հա, դուք ճիշտ եք, և չեմ էլ վախենում ասելուց․ դա միայն իմ կյանքն է։ Ամեն օր քոլեջի հետևում ինձ հետ կռիվներ են արել,  բայց ես չեմ ընկել, քանի որ ես կամ և ես ապրում եմ։ Հիմա ունեմ շատ ընկերներ,  որոնց հետ ես ինձ զգում եմ շատ ապահով ու հանգիստ։

Շնորհակալ եմ քեզնից, որ կարդացիր մինչև վերջ շատ փոքր պատմությունը իմ կյանքից։