Կարդա ինձ․ Պարզապես ապրում եմ իմ կյանքը
Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում ԼԳԲՏ անձանց խնդրել ենք նամակներ գրել ու պատմել իրենց կյանքից որևէ դրվագ։ Մայիսի 15-21-ը ամեն օր հրապարակելու ենք այդ նամակներից մեկը։ Ահա երրորդ նամակը։
Ես բիսեքսուալ եմ ու քո հարազատն եմ:
Ես բիսեքսուալ եմ ու գիտնական եմ:
«Օրերից մի օր ես ծնվեցի: Հիշում եմ… ցուրտ էր ու վախենալի, բացի դրանից աչքերս ու պորտս էին ցավում: Հետո ինձ ինչ-որ բարի կին տաքացրեց (հետո հասկացա, որ մայրս է) ու կրծքից ինչ-որ համով բան տվեց, որ ուտեմ: Լավ էր: Հետո հիշում եմ… հարազատներիս՝ «դեմքերը ծամածռած», ինձ էին նայում. «էլի տղա չի, անունը կարաս մի բան դնես»:
Հիշում եմ… ավելի շուտ սկսեցի խոսել, քան քայլել: «Ծամածռված դեմքեր»-ը նայում էին, բայց դեռ բան չէին ասում: Հիշում եմ… դեռ դպրոց չէի գնացել, արդեն գրել ու կարդալ ինքս սովորել էի: «Ծամածռված դեմքեր»-ին զարմանքի նշույլներ էին երևում. «էս եթե սենց սկսել ա, մի բանի հասնելու ա»: Հիշում եմ… գնացի դպրոց, սիրում էի սովորել, հիմնականում բարձր գնահատականներ էի ստանում ու հաճույքով գրքեր էի կարդում: «Ծամածռված դեմքերը» ասում էին. «դե մեր էրեխեն ա, պետք էր որ խելացի լիներ»:
Հիշում եմ… առաջին անգամ լուրջ սիրահարվեցի: Հավես տղա էր, իրար հետ շատ էինք ծիծաղում ու կատակներ անում: «Ծամածռված դեմքեր»-ը ասում էին. « դեռ ջահել է, թող շփվի մարդկանց հետ»: Հիշում եմ… դպրոցն ավարտեցի, ընտրեցի մասնագիտությունս ու համալսարան ընդունվեցի: «Դեմքեր»-ը հարթվել էին, անգամ ժպտում էին. «ապրես բալես, շատ խելացի ես ու անվճար սովորում ես, հաստատ լավ մասնագետ ես դառնալու»:
Հիշում եմ… համալսարանում մի անգամ էլ լուրջ սիրահարվեցի. համակուրսեցիս էր: Ոչ մեկի չէի ուզում ասել, վախենում էի, անգամ ինքս ինձնից էի վախենում: Պատուհանի գոգին կանգնած մտածում էի, որ վերջս եկել է: Անգամ չէի էլ ուզում պատկերացնել, թե հարթված դեմքերը ոնց են նորից «ծամածռվելու»: Սարսափելի էր… Հետո անցավ, հաղթահարեցի, անգամ համակուրսեցուս ասեցի, շատ ջերմությամբ ու հասկացումով վերաբերվեց ինձ. շատ լավ աղջիկ էր:
Հիշում եմ… համալսարանս էլ ավարտեցի ու մագիստրատուրա ընդունվեցի: Ժպիտով դեմքերը հպարատանում էին. «մեր աղջիկն ա»: Հիշում եմ… ստեղ շատ լուրջ սիրեցի, ամուսնության պլաններ էինք կազմում, բալիկների անուններ մտածում: Հարազատներիս դեմքերը նորից «ծամածռվեցին». «լավ տղա ա, բայց քեզ համապատասխան չի. հարուստ չի, կայացած չի ու տենց»: «Ծամածռված դեմքերին» սովորել էի արդեն, մեծ նշանակություն չէի տալիս, բայց ցավոք չստացվեց սիրելիիս հետ:
Հիշում եմ… մագիստրատուրաս էլ ավարտեցի, մասնագիտությամբ սկսեցի աշխատել: Կյանքս հավես առաջ էր գնում: Ու այստեղ էլ սիրեցի: Սիրածիս հետ չէինք թաքցնում զգացմունքերը, սիրում էի իրեն գրկել, ձեռքը բռնել: Էս անգամ արդեն անծանոթ մարդկանց դեմքերն էին «ծամածռվում». «չեք ամաչում, օրը ցերեկով քայլում եք, բա մեր կյանքը, բա մեր էրեխեքը»: Տենց էլ չհասկացա, թե իմ սերն ու զգացմունքները, որոնք այդքան ուժեղ ու գեղեցիկ էին, ի՞նչ պետք է անեին ուրիշներին: Որոշեցի ուսումնասիրել ու հասկանալ, բայց հիմնավորված բան չգտա, չեմ գտնում ու երևի չեմ էլ գտնի…
Հիշում եմ… ասպիրանտուրա էլ ընդունվեցի, սիրում եմ գիտությունը, որը մեր երկրի ու աշխարհի զարգացման համար է, սիրում եմ ուսումնասիրել ու բացահայտել «մարդկանց ծամածռությունները»: Սրա հետ կապված անծանոթների դեմքերին անգամ «ծամածռության» նշույլ չես նկատի: Բայց մտքովդ հաճախ կանցնի, հա. «եթե ընկերուհուս հետ հանկարծ ինձ տեսնեն, հաստատ անհիմն «ծամածռվելու» են»:
Սովորել եմ դեմքերի՝ անհիմն ու անտրամաբանական «ծամածռություններին», պարզապես ապրում եմ իմ կյանքը, ինչպես որ բոլորս ենք ապրում: Բայց մի բան կա, որ մարդկանց մտքով հաճախ չի անցնում. մարդու դեմքի ծամածռությունները փոխելու են ո´չ ինչ-որ մեկի կին լինելը, ո´չ էլ բիսեքսուալ լինելը: Միակ բանը, որ կարող են փոխել. մարդու դեմքի ժամանակավրեպ բազում նոր «կնճիռներն» են, որոնք ոչ թե մեր իմաստության ու կյանքի փորձի արտացոլումն են, այլ հազարավոր անհիմն ու անտրամաբանական «ծամածռությունների» հետքերը…</font size>