Մամուլի ազատության համաշխարհային օր
Արդեն 21 տարի է, որ մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում: 1993 թվականի հռչակագրի ընդունումից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։ Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրն է, որին միացել են ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում էլ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է «Մամուլի ազատության» զեկույցը, որում երկրներն, ըստ մաուլի ազատության կարգավիճակի, բաժանված են 5 խմբերի՝ վտանգավոր վիճակ, բարդ վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բավարար վիճակ, լավ վիճակ։ Մամուլի ազատության ցուցանիշով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, վատագույնը՝ Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը: 2014 թվականի տվյալներով Հայաստանը 180 երրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ:
Մամուլի ազատության օրը առիթ է տեղեկացնելու քաղաքացիներին մամուլի ազատության նկատմամբ բռնությունների մասին, հիշեցում, որ աշխարհի տասնյակ երկրներում հրատարակությունները գրաքննվում, տուգանվում, կասեցվում և փակվում են, իսկ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները հալածվում են, հարձակման են ենթարկվում, կալանավորվում և նույնիսկ սպանվում են: Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս:
Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ամեն տարի տրվում է լրագրողական եվրոպական մրցանակը, որը օրվա միջոցառումների մասն է կազմում: Միջազգային անկախ լրագրողների ժյուրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլյերմո Կանո մամուլի ազատության 2014 թվականի մրցանակակիր է ճանաչել թուրք հետաքննող լրագրող Ահմետ Շիկին: Շիկը խոսքի ազատության եռանդուն պաշտպան է և իր աշխատանքը նվիրել է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարումների դատապարմանը:
Ամեն տարի մամուլի ազատության օրվա համար ընտրվում է որոշակի թեմա: 2014 թվականին Մամուլի ազատության օրվա թեման է «Մամուլի ազատությունը ավելի լավ ապագայի համար. ձևավորելով 2015-ի զարգացման օրակարգը»:
[:]