Չեչնիայում գեյ և բիսեքսուալ տղամարդկանց իրավունքների հանդեպ կոպիտ խախտումները պետք է հետաքննվեն

25-04-2017

ԼԳԲՏ հավասարության արևելյան կոալցիան խորապես մտահոգված է Չեչնիայում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Մենք նաև մտահոգված ենք իշխանությունների արձագանքի բացակայությամբ, լրագրողների և մարդու իրավունքներ պաշտպանությամբ զբաղվող անձանց հանդեպ սպառնալիքներով, ովքեր անձնական ռիսկերի գնով հավաքագրել են ապացույցներ և աշխարհին տեղեկացրել Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում տեղի ունեցող դաժանությունների վերաբերյալ։

Ապրիլի 1-ին ռուսական «Նովայա գազետան» հրապարակել էր հոդված՝ ընդգծելով վերջին շրջանում Չեչնիայում տեղի ունեցող «պատվի սպանությունները», զանգվածային ձերբակալումները և խոշտանգումները նույնասեռական տղամարդկանց նկատմամբ։ Թերթը, իր աղբյուրների համաձայն, հաղորդել էր երեք սպանությունների մասին, սակայն հիմքեր կան կասկածելու, որ զոհերի թիվն ավելի մեծ է։ Շաբաթվա վերջում Ռուսական ԼԳԲՏ ցանցը հայտարարեց, որ իրենք մարտի 29-ից սկսած ստացել են օգնության ահազանգեր չեչենական գեյ համայնքից, որից հետո հիմնվել է թեժ գիծ՝ հավաքելու ապացույցներ և օգնելու ռիսկի տակ գտնվողներին։

Սկզբնական զեկույցից հետո ավելի շատ ապացույցներ ի հայտ եկան։ Մենք այս պահին գիտենք, որ ի թիվս երեք տղամարդկանց հաղորդված սպանությունների, հարյուրից ավելի տղամարդիկ, ովքեր կասկածվել են գեյ լինելու մեջ, առևանգվել են, խոշտանգվել և անգամ սպանվել հարավային Ռուսաստանի Չեչնիայի Հանրապետությունում՝ համաձայն երկրի ներսում վստահելի աղբյուրների։ Մենք նաև գիտենք զանգվածային ձերբակալությունների առնվազն երկու վայր, որտեղ գեյ տղամարդիկ ենթարկվել են հատկապես անմարդկային և դաժան վերաբերմունքի։

Չնայած լրագրողների և իրավապաշտպանների կողմից հավաքված բոլոր ապացույցներին և գործելու տեղական և միջազգային բազմաթիվ կոչերին՝ Ռուսատանի և Չեչնիայի Հանրապետության իշխանությունները շարունակում են ժխտել պնդումները և հրաժարվում են հետաքննելուց։

Ավելին՝ հաղորդվել էր, որ ապրիլի 3-ին չեչեն ամենաբարձր կրոնական իշխանությունների ժողով է տեղի ունեցել՝ քննարկելու իրավիճակը։ Կրոնական և քաղաքական իշխանությունները մեղադրել էին «Նովայա գազետային» «ստեր տարածելու» մեջ։ Ժողովի արդյունքում ընդունված որոշման մեջ ասվում է.

«Վիրավորվել է չեչեն հասարակության դարավոր հիմքերը, չեչեն տղամարդկանց արժանապատվությունը և մեր հավատը։ Ուստի՝ մենք խոստանում ենք, որ հաշվեհարդարն անսպասելի տեղի կունենա իրական սադրիչների նկատմամբ, ովքեր էլ որ լինեն և որտեղ էլ գտնվեն՝ առանց վաղեմության ժամկետի»։

Մենք՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ԼԳԲՏ/Ի կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում

Ռուսաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել այս դաժան հանցագործությունները, արդարադատության առաջ կանգնեցել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Չեչնիայում գեյ տղամարդկանց ձերբակալությունների, խոշտանգումների և սպանությունների համար, ապահովել լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ սպառնալինքերի դեպքերով պատշաճ հետաքննություն, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և պաշտպանությունը ցանկացած հետապնդումից և բռնությունից,

– միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին, ՄԱԿ-ի և ԵՄ՝ մարդու իրավունքների պորտֆել ունեցող կառույցներին 1) շարունակել ճնշումները Ռուսաստանի իշխանությունների վրա՝ ձեռնարկելու քայլեր, վերջ դնելու Չեչնիայում տեղի ունեցող դաժանություններին, արդյունավետ հետաքննելու մարդու իրավունքների խախտումները, գեյ տղամարդկանց սպանությունները, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքները, որոնք աշխատում են տեղեկացնել աշխարհին իրավիճակի մասին և օգնում զոհերին և պոտենցիալ զոհերին, 2) կապի մեջ լինել մարդու իրավունքների կազմակերպությունների հետո, որոնք աշխատում են Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից տարհանել զոհերին և պոտենցիալ զոհերին, և ապահովել նրանց անհրաժեշտ ռեսուրսներով,

– քաղաքացիական հասարակությանը և ԼԳԲՏԻ համայնքներին շարունակել համայնքում իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների տարածումը, և իրազեկել, որ Չեչնիայի Հանրապետությունում և ընդհանրապես Հյուսիսային Կովկասում ատելության հիմքով հանցագործությունների զոհերի կամ պոտենցիալ զոհերի մասին տեղեկություններ ունեցող անձինք կարող են կապ հաստատել Ռուսական ԼԳԲՏ ցանցի թեժ գծի հետ kavkaz@lgbtnet.org-ի կամ 8 800 555 73 74-ի միջոցով։