Sexuality

Այս տեղեկատվական նյութը մարդու մարմնի ու անհատականության կարևոր մասի՝ սեռականության վերաբերյալ տեղեկատվության աղբյուր է։ Այստեղ ներառված է հիմնարար տեղեկատվություն սեռականության կարևոր բաղադրիչների մասին: Գրքույկը գիտելիք է տալիս այն մասին, թե ինչպիսին ես դու, ինչպիսին են քեզ շրջապատող մարդիկ և ինչպիսին կարող է լինել անհատը սեռականության տեսանկյունից: Այն հնարավորություն կտա նախ և առաջ բացահայտել ինքդ քեզ որպես սեռային և սեռական, իսկ հետո որպես սոցիալական էակ։

Սեռականությունը, այդ թվում` սեռական վարքագիծը, մարդու անհատականության կարևոր մասն են, և կարևոր է մեր մարմնի մասին հիմնարար գիտելիք ունենալը. «Ծանիր զքեզ» («Ճանաչիր ինքդ քեզ»), ճանաչիր սեփական մարմինդ: Ինչո՞ւ պետք է ամաչենք մեր մարմնից, բոլորիս կյանք պարգևող օրգաններից, ինչու՞ չխոսենք դրանց մասին, չիմանանք դրական և բացասական, օգտակար և վնասակար երևույթների ու փաստերի մասին:

Եկեք խոսենք այն թեմաներից, որոնց մասին հաճախ լռում ենք, քանի որ լռությունը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների` գիտելիքի պակաս, գենդերային անհավասարություն, անհիմն վերաբերմունք ու վարքագիծ սեփական մարմնի ու այլոց նկատմամբ, ինչպես նաև սեփական մարմնի նկատմամբ բնական անվերահսկելիության հետևանքով առաջացող ինքնավստահության պակաս: Գիտելիքը զորություն է:

Մեզանից յուրաքանչյուրն օժտված է սեռականությամբ և կրում է դրա բոլոր հիմնական բաղադրիչները: Կենսաբանական սեռը մեր կարգավիճակն է որպես արական, իգական կամ ինտերսեքս։ Մենք կառուցում ենք մեր սեռի ներքին ընկալումը՝ սեռային ինքնությունը։ Ինչ-որ տարիքում անցնում ենք սեռահասունացման բարդ ճանապարհը և հիմնականում հարմարվում մեր մարմնի ու ինքնընկալման փոփոխություններին կամ, որոշ դեպքերում, չենք կարողանում հարմարվել մեր կենսաբանական սեռին ու դրա առանձնահատկություններին (բնորոշ է տրանս*1 անձանց): Մեր ողջ կյանքի ընթացքում մենք դրսևորում ենք այս կամ այն տեսակի սեռական վարքագիծ ու ստեղծում ինտիմ հարաբերություններ: Բոլորիս բնորոշ է որևէ տեսակի սեռական կողմնորոշումը (տարասեռական, նույնասեռական, երկսեռական և այլն), և կյանքում ինչ-որ պահի հասկանում ենք մեր սեռական կողմնորոշման ներքին ընկալումը` սեռական ինքնությունը: Գենդերային դերերն ու կարծրատիպերն ի սկզբանե առկա են ցանկացած հասարակության ներսում՝ կապված մշակութային, քաղաքական, պատմական, տարածաշրջանային, գիտական առաջընթացի և շատ այլ հանգամանքների հետ։ Այդ գենդերային դերերին համապատասխան մենք սկսում ենք կարգավորել մեր վարքն այս կամ այն կերպ՝ հիմնականում նպատակ ունենալով հարմարվել այն հասարակությանը, որում ապրում ենք։ Չնայած գենդերի մասին հասարակությունում առկա պատկերացումներին՝ մենք ունենք նաև սեփական պատկերացումները, թե ինչպես ենք ընկալում սեփական գենդերը և ինչ անհատական փորձ ունենք դրա հետ կապված․ դա մեր գենդերային ինքնությունն է։ Մեր գենդերային ինքնությունը հիմնականում համապատասխանում է մեր մշակույթում սահմանված գենդերային դերերին, սակայն երբեմն դրանց միջև լինում է անհամապատասխանություն (բնորոշ է տրանս անձանց): Սակայն մեզանից յուրաքանչյուրը, կրելով սեռականության նույն բաղկացուցիչները, տարբեր կերպ է դրանք հասկանում: Հետևաբար, տարբեր կերպ ենք արտահայտում մեր սեռականության բաղադրիչները և տարբեր կերպ ընկալում ու հասկանում ուրիշների սեռականության դրսևորումները: Մենք բոլորս տարբեր ենք որպես սեռականություն կրող անհատներ, իսկ տարբերվելը բնական է. այն անհատականության և յուրատիպության ցուցանիշ է։

Մեր ողջ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերում սեռականության մասին գիտելիքներ և որոշակի տեղեկատվություն, ինչը կարևոր է մեր ֆիզիկական, սեռական ու հոգեկան առողջության համար: Երբ մենք չունենք բավարար տեղեկատվություն մեր և ուրիշների սեռականության մասին, սկսում ենք կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել թե՛ ինքներս մեր, թե՛ ուրիշների նկատմամբ, ինչը, ցավոք, հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների` անինքնավստահություն և սեփական անձի մերժում, անհանդուրժող և չընդունող վերաբերմունք մարդկանց նկատմամբ, ագրեսիվ ու բռնի վարքի դրսևորում, խտրականություն, ատելություն և այլն: Հետևաբար, մեր և ուրիշների սեռականության մասին գիտելիքների ու տեղեկատվության շարունակական համալրումը կարևոր է ոչ միայն մեր ֆիզիկական, սեռական և հոգեկան առողջության ու ներդաշնակության, այլև մեր ու այլոց բարօրության և համերաշխության համար:

Շատերը «սեռականություն» բառն ասոցացնում են սեռական հարաբերություններ ունենալու և սեռական կյանք վարելու հետ: Իրականում սեռական հարաբերություն և սեռականություն հասկացությունները նույն իմաստը չեն արտահայտում:

Սեռականությունը յուրաքանչյուր անձի կենսաբանական, մտավոր, վարքագծային և սոցիալական բնութագրիչների ամբողջությունն է, որը սահմանում է մարդու ինքնությունը, վարքագիծը, կերպարն ու դերը որպես անհատ և որպես հասարակության անդամ:

Սեռականությունն ուսումնասիրության լայն դաշտ է, որը վերաբերում է անհատի սեռին, գենդերային ինքնությանը և դրա արտահայտմանը, սեռական կողմնորոշմանը և ինքնությանը, նախապաշարումներին և խտրականության հետևանքներին, սեռական առողջությանը: Այն նաև ներառում է վերոնշյալ բնութագրիչների վրա հիմնված նախապաշարմունքների և խտրականության հետևանքների ուսումնասիրությունը:

Նախքան շարունակելը անհրաժեշտ է իրարից տարբերել երկու հասկացություն` սեռային և սեռական.

  • սեռային տերմինով բնորոշում ենք այն ամենը, ինչ վերաբերում է անհատի կենսաբանական սեռին և անատոմիային,
  • սեռական տերմինով բնորոշում ենք այն ամենը, ինչը վերաբերում է զգացմունքներին, հույզերին, զգայականությանը, ինքնագիտակցությանն ու ինքնությանը, ինչպես նաև սեռական բնույթի գործողություններին, սեռական հարաբերությանն ու սեռական ակտին:

Յուրաքանչյուր անհատ օժտված է սեռականությամբ։ Հետևաբար, մեր սեռականության մասին գիտելիքի պակասը մի երևույթ է, որը հանգեցնում է բացասական հետևանքների։ Դեռ միջնադարից սեռականության մասին գիտելիքը խիստ սահմանափակ է եղել: Բացի լռություն պահպանելու դարերով եկած ավանդույթներից, խորհրդային դարաշրջանից սկսած՝ ոլորտում գործում էր նաև պետական խիստ սահմանափակող քաղաքականություն և լռության քարոզչություն: Նույն մոտեցումը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, և ծնողներն ու ուսուցիչները գերադասում էին չանդրադառնալ տվյալ թեմաներին ո´չ տանը, ո´չ դպրոցներում:

Սեռականության բովանդակությունը հասկանալու համար կարևոր է առանձնացնել և սահմանել որոշ բաղադրիչներ։ Այդ բաղադրիչներին կարող եք ծանոթանալ ստորև (սեղմելով ներքևում նշված հղումներին)։