ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զուգընկերների շրջանում բռնության վերաբերյալ հետազոտության ներկայացում

13-12-2023

«ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զուգընկերների շրջանում բռնության դեպքերն ու դրանց միտումները Հայաստանում» հետազոտության ներկայացումը և դրա քննարկումը տեղի ունեցավ 2023թ․ դեկտեմբերի 13-ին։ Միջոցառումը իրականացվեց «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ ՄԱԿ-ի կանանց աջակցման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը ներկայացվեց հետազոտությունը, որի հիմնական նպատակն էր տարբեր կողմերից ուսումնասիրել լեսբի, բիսեքսուալ կանանց ու տրանս+ մարդկանց (ԼԲՏ+) նկատմամբ և զուգընկերների միջև բռնության դրսևորումները հենց Հայաստանյան համատեքստում։ Այն ամփոփում էր Հայաստանում առկա իրավակարգավորումների և ԼԲՏ+ կանանց նկատմամբ ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքերի ամփոփ զեկույցը, աջակցող օղակի շրջանակներում օրինաչափությունների դուրսբերմանն ուղղված ուսումնասիրությունը և դրա արդյունքները։ 

Միջոցառմանը ներկա էին ԼԳԲՏ+ անձինք, մասնագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ։ Հետազոտությանը հաջորդեց քննարկումը, որտեղ մասնակիցներն անդրադարձան ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության և նույնասեռ զույգերի շրջանում բռնության դեպքերի դրսևորումներին ու օրինաչափություններին։ Մասնակիցները փոխանակվեցին մտքերով ու առաջարկություններով՝ ուղղված բռնության կանխմանը և առկայության դեպքում առկա պաշտպանության ու աջակցության մեխանիզմների դիմելիության ապահովմանը։ 

Հետազոտության մասին 

«ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զուգընկերների շրջանում բռնության դեպքերն ու դրանց միտումները Հայաստանում» հետազոտությունն իրականացվել է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի համագործակցությամբ՝ «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։  

Հետազոտության հիմնական նպատակն է տարբեր կողմերից ուսումնասիրել ԼԲՏ+ կանանց և զուգընկերների միջև բռնության դրսևորումները հենց Հայաստանյան համատեքստում։ Այն բաղկացած է երկու հիմնական մասից։ Առաջին մասում ամփոփված է հիմնախնդրի հետ կապված միջազգային փորձի և առկա սակավ տվյալների հիման վրա տեղական փորձի դիտարկումը՝ հնարավորություն ընձեռելու ավելի համապարփակ սահմանել հիմնախնդրի շրջանակը և առանձնահատկությունները։ Վերջինս նպատակ ունի նաև տեղեկատվական նյութ հանդիսանալ այն հետաքրքրված անձանց համար, որոնք առաջին անգամ են ուսումնասիրում թեման կամ կարիք ունեն ծանոթանալու թեմայի համատեքստին։ 

Երկրորդ մասում ներկայացված հետազոտական հատվածը նպատակ ունի դիտարկել ԼԲՏ+ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության և նույնասեռ զույգերի շրջանում առկա բռնության դեպքերը ու միտումները Հայաստանում՝ հավաքագրելով հնարավորության սահմաններում բազմակողմանի ու հասանելի առաջնային տեղեկություն։ Քանի որ Հայաստանում բացակայում են ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության և նույնասեռ զույգերի շրջանում բռնության պաշտոնական տվյալներ կամ համակարգված հետազոտություններ, ապա սույն հետազոտությունը պիլոտային է՝ հասկանալու կարգավորման իրավական դաշտի շրջանակը, արձանագրված դեպքերի առկայությունը, աջակցություն տրամադրող հասարակական կամ մասնագիտական դաշտի փորձառությունն այս հարցերում։ Այն կարևոր է նաև սահմանելու հետագա հետազոտությունների և կարիքների դուրսբերման շրջանակը։ 

Հետազոտական այս հատվածն իրականացվել է հետևյալ ուղղություններով՝ 

  • Ներպետական օրենսդրական և իրավական կարգավորումների վերլուծություն, արձանագրված դեպքերի ուսումնասիրություն և ամփոփում 

Բովանդակային վերլուծության միջոցով ուսումնասիրվել են ներպետական օրենսդրությունը և իրավակարգավորումները, որոնք վերաբերում են երկրում առկա իրավական պաշտպանության կարգավորումներին՝ վերաբերելի նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության կամ արտահայտման հիմքին։ Մասնավորապես, վերլուծվել են նաև երկրում առկա ընտանեկան բռնությանը և զուգընկերների շրջանում բռնությանը վերաբերելի իրավակարգավորումները։ Իսկ արձանագրվող դեպքերն առնչվում են ԼԲՏ+ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությանը և նույնասեռ զույգերի շրջանում բռնությանը՝ փաստագրված նախորդ տարվա ընթացքում՝ 2022թ.-ին ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների իրադրությանը վերաբերելի զեկույցներում կամ արձանագրված հասարակական կազմակերպությունների կողմից։  

Որպես դիտարկման արդյունք երկրում առկա իրավակարգավորումները բավարար չափով չեն ապահովում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության կամ արտահայտման հիմքով խտրականությունից, ատելության հիմքով հանցագործություններից  և այլ իրավախախտումներից ԼԳԲՏ+ անձանց պաշտպանությունը։ Չնայած 2022թ․ նոր քրեական օրենսգրքով նախատեսված փոփոխություններին, որը հնարավորություն է ընձեռում օրենսդրական առումով ունենալ պաշտպանություն, դեռևս բացակայում են փաստերը վերջինիս պատշաճ կիրառելիության մասին, որը կարող է տեսանելի լինել միայն տարիներ անց։  

Մյուս կողմից, ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դեպքերին արձագանքին ուղղված իրավակարգավորումները և դրանց կիրառումը բավարար չափով չեն կարողանում ապահովել ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ՝ ներառյալ ԼԲՏ+ կանանց նկատմամբ ընտանիքի անդամների կողմից շարունակական բռնության դեպքերից պաշտպանությունը՝ առկա մեխանիզմների ոչ պատճաշ իրականացման և ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության պայմաններում։ Ավելին, նույնասեռ զուգընկերների կողմից իրականացվող բռնության դեպքերը ոչ միայն չեն հասնում իրավապահ մարմիններին և արձանագրվում իրավական բացի առկայության պայմաններում, այլև հաճախ հասանելի չեն լինում հասարակական ու մասնագիտական օղակներին՝ չդիտարկվելով խնդիր հենց նույնասեռ զուգընկերների կողմից։

  • Հասարակական ու մասնագիտական դաշտերում նույնասեռ զույգերի շրջանում բռնության դեպքերի հետ աշխատանքի փորձառության, պատկերացումների և միտումների ուսումնասիրում 

Իրականացվել են անհատական փորձագիտական հարցազրույցներ ԼԳԲՏ+ անձանց մասնագիտական և ոչ մասնագիտական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետների կամ աշխատակիցների հետ։ Մասնավորապես, հարցազրույցներն իրականացվել են իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող մասնագետների, հավասարը հավասարին խորհրդատուների ու համայնքային աշխատակիցների հետ։ Հարցազրույցները նպատակ ունեին դուրս բերել փորձագետների պատկերացումները նույնասեռ զույգերի շրջանում բռնության մասին ու հասարակության կողմից ազդեցությունները, իրենց փորձառությունը դեպքերի հետ աշխատանքում և միտումների մասին դիտարկումները, ինչպես նաև՝ զուգընկերների շրջանում բռնության կանխմանն ուղղված հնարավոր տարբերակները և լուծումները։ 

Որպես դիտարկման արդյունք կարող ենք նշել, որ ընտանիքի կողմից բռնության դեպքերում ԼԳԲՏ+ անձինք՝ ներառյալ ԼԲՏ+ կանայք, խուսափում են դիմել իրավապահ մարմիններին՝ կրկնազոհացումից խուսափելու համար և համոզված չլինելով, որ առկա մեխանիզմները կկանխեն բռնության հետագա դրսևորումները։ Վերջինս վկայում է այն մասին, որ չնայած ընտանեկան բռնության օրենսդրական ու իրավական պաշտպանության մեխանիզմներն առկա են, սակայն դրանց կիրառումը ոչ միշտ է հասանելի ԼԳԲՏ+ անձանց համար։ Եթե ընտանիքի անդամների կողմից բռնության առկայությունը ԼԳԲՏ+ անձանց՝ ներառյալ ԼԲՏ+ կանանց շրջանում հասկանալի ու գիտակցելի է մարդկանց համար, ապա նույնասեռ զույգերի դեպքում բռնության առկայությունը գրեթե չի ընկալվում այդպիսին, ինչի մասին վկայում են աջակցման հասարակական օղակին այդ հարցով դիմելիության բացերը։ Ավելին, նույնիսկ ԼԳԲՏ+ անձանց՝ ներառյալ ԼԲՏ+ կանանց աջակցություն տրամադրող հասարակական ու մասնագիտական դաշտերի ներկայացուցիչները կարող են չպատկերացնել բռնության առկայությունը նույնասեռ զույգում։ Վերջինս հաճախ պայմանավորված է լինում հասարակությունում առկա կարծրատիպերով և նույնասեռ հարաբերությունների մասին թյուր պատկերացումներով։ 

Հետազոտությունն ամփոփվում է առաջարկություններով՝ ուղղված ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության կանխարգելմանը, առկա դեպքերին պատշաճ արձագանքմանը և բռնությունը վերապրած անձանց աջակցության տրամադրմանը։ Առաջարկություններն ուղղված են տարբեր շահագրգիռ կողմերին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին և անհատ ակտիվիստներին, պետական մարմիններին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին։