ԼԳԲՏ+ շարժման պատմությունը

Հայաստանում ԼԳԲՏ+ շարժման պատմության սկիզբը նշում ենք 1998-ին Լոս Անջելեսում առաջին հայկական կազմակերպության՝ Գալասի հիմնադրմամբ, որը նաև խորհրդանշում է շարժման ինստիտուցիոնալիզացումը։ Իսկ 2003 թվականին Հայաստանում նույնասեռական անձանց սեռական հարաբերությունների ապաքրեականացումն առաջին նշանակալի իրադարձությունն էր ու իրավունքների պաշտպանության պայքարի հիմնաքարը։
Ներկայացնում ենք այն անկյունաքարային իրադարձությունները, որոնք նպաստել են Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի լսելի դառնալուն և իրավունքների պաշտպանության առաջընթացին, ինչպես նաև ավելի ազդեցիկ են եղել շարժման կայացման գործում։ Բնականաբար, առանձնացված այս իրադարձությունները ԼԳԲՏ+ շարժման միայն մի մասն են կազմում և դրանցով չեն սահմանափակվում։
1998 թվականին Լոս Անջելեսում բնակվող քվիր հայերի մի խումբ հասկացավ, որ անհրաժեշտ է հիմնել մի կազմակերպություն, որը կզարգացնի և կհամախմբի ԼԳԲՏ+ համայնքը, կաջակցի մարդկանց և կստեղծի ապահով տարածք բոլորի համար: Այդ ժամանակ շատ ԼԳԲՏ+ հայեր հեռացել էին իրենց ընտանիքներից, ընկերներից և անգամ նաև հայ համայնքից: Սկզբում պարզապես ստեղծվեց սոցիալական շփման հարթակ, սակայն այն արագ վերածվեց մեծ կազմակերպության, որը կոչվեց «Գալաս»։ Ստեղծման օրվանից ի վեր հայկական ԼԳԲՏ+ համայնքի համար այն դարձել է առաջատար ձայն Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում:
Գրեթե նույն ժամանակ Նյու Յորքում ստեղծվել է նաև Ագլա Նյու Յորքը, որն ակտիվ աշխատել է մինչև 2018 թ․։ Իսկ Փարիզում 2001-2007 թթ․ գործել է Ագլա Ֆրանսը, որը ակտիվ հարթակ է եղել ոչ միայն ֆրանսիահայերի համար, այլև հայկական տեղեկատվության, քննարկումների և ծանոթությունների կայքեր է հիմնել Հայաստանում և սփյուռքում ապրող ԼԳԲՏ+ համայնքի և շարժումը զորեղացնելու համար։ Փինք ՀԿ-ի ստեղծման վերաբերյալ քննարկումները ևս տեղի են ունեցել Ագլա Ֆրանսի հարթակներում։
Մինչև 2003 թվականը Հայաստանը եղել է այն երկրների ցուցակում, որոնք քրեականացնում էին նույն սեռի անձանց միջև սեռական հարաբերությունները։ 1920-1991 թվականներին, լինելով Խորհրդային Միության կազմում, Հայաստանի օրենսդրությունը հետևում էր նախկին Խորհրդային Միության Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածին։ 1936 թվականին ընդունված 116 հոդվածը սահմանում էր առավելագույնը հինգ տարի ազատազրկում։ Այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ Նույնասեռական անձանց դեմ օրենքի վերացումը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելու նախընտրական պայմաններից էր: 2002 թվականի դեկտեմբերին Ազգային Ժողովը հաստատեց նոր քրեական օրենսգիրքը, որում նույնասեռական անձանց դեմ հոդվածը հանվել էր։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահը վավերացրել է այն՝ այսպիսով Հայաստանը դարձնելով Եվրոպայի խորհրդի վերջին անդամ երկիրը, որտեղ ապաքրեականացվել է նույն սեռի անձանց միջև սեռական հարաբերությունները։
2001 թվականին տեղական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն իր կայքում հրապարակեց 20-ամյա երիտասարդի պատմությունը։ 1999 թվականին երիտասարդը երեք ամսվա ազատազրկման է դատապարտվել մեկ այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Նա վերջինն էր, ով դատապարտվեց 116-րդ հոդվածի համաձայն: Իր ցուցմունքում նա դատապարտեց բանտապահների կողմից բռնություններն ու վատ վերաբերմունքը:
Վերջին քրեական հետապնդումները եղել են 1996-ին՝ յոթ քրեական հետապնդում, 1997-ին՝ չորսը` համաձայն օրենքի, և ևս չորսը` 1999-ին։
Հայաստանում առաջին ԼԳԲՏ+ նախաձեռնող խումբը՝ Գլագը (հապավումն անգլերենից թարգմանաբար նշանակում է գեյերի և լեսբիների հայկական խումբ), հիմնադրվել է 2003 թվականին։ Այն Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի իրավունքների ջատագովությամբ զբաղվելու միտմամբ առաջին նախաձեռնությունն էր, չնայած սոցիալական խարանին և օրինական դաշտում առկա խոչընդոտներին, որոնք կային այդ ժամանակ։ Խումբը հիմնականում կենտրոնանում էր ապահով ցանցի ստեղծման և ԼԳԲՏ+ համայնքի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վրա։
Գլագի ստեղծումը նշանակալի քայլ էր համայնքի զորեղացման և ԼԳԲՏ+ անձանց համար մարդու իրավունքների պաշտպանության ուղիների քննարկման և կազմակերպման համար հարթակ տրամադրելու հարցում։ Խումբը վճռորոշ դեր խաղաց շարժումը ձևավորելու հարցում և օգնեց Հայաստանում նույնասեռականության շուրջ լռության պատնեշը քանդելուն, չնայած ավելի լայն հասարակական ընդունումը դեռ շատ հեռու էր իրականությունից։ Այդ շրջանում ԼԳԲՏ+ անձանց մեծ մասը քողարկում էին իրենց սեռական ինքնությունը՝ խուսափելու համար խտրականացումից, ոտնձգություններից և ոստիկանական հետապնդումից։
Չնայած Գլագի ջանքերն այս հարցում ի սկզբանե համեստ էին և բախվեցին զգալի մարտահրավերների, այն անկյունաքարային դեր խաղաց Հայաստանում ԼԳԲՏ+ ակտիվիզմի զարգացման գործում՝ ազդելով ավելի ուշ ձևավորված կազմակերպությունների վրա, որոնցից է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն, որը շարունակում է հավասարության համար պայքարը։
2004 թվականի նոյեմբերին Երևանի սրտում բացվեց Մելինես բարը, որն առաջին և միակ գեյ բարն էր Երևանում, որի հաճախորդները ԼԳԲՏ+ անձինք էին և համախոհները։ Նրանք ստեղծել էին ապահով և ջերմ տարածք, որտեղ այցելուները կարող էին հաճելի ժամանակ անցկացնել, պարել և շփվել միմյանց հետ։ Բարի հաճախորդներն էին ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի այցելուները։ Այնտեղ հնարավոր էր հանդիպել նաև հայնտի երգիչների, լրագրողների, դերասանների և այլ արվեստագտների։
Բացի տարբերվող երաժշտությունից, ջերմ միջավայրին ու հետաքրքիր կոկտեյլներից, բարը նաև հայտնի էր իր դրեգ շուներով, որը մշակութային նոր շունչ էր թե՛ Հայաստանի և թե՛ քվիր համայնքի համար։
2007 թվականի հունիսի 12-ին Մելինես բարի վեբկայքում տեղադրվեց հայտարարություն բարի փակման վերաբերյալ, նշելով, որ շոուները կշարունակվեն այլ ակումբներում։
Հետագայում բարը կրկին վերաբացվում է այլ անձանց կողմից, բայց արդեն ուրիշ ձևաչափերով։ Չնայած այն փաստին, Արամի 30-ում գտնվող այդ շենքն այսօր այլևս գոյություն չունի՝ Մելինես բարը մինչև այսօր մնացել է շատերի ջերմ հիշողություններում։
2006 թվականին Էջմիածնի մայր տաճարում տեղի ունեցավ երկու տղամարդկանց խորհրդանշական ամուսնական արարողությունը։ Զույգը՝ Հարութը և Միշան, եկեղեցում փոխանակեցին մատանիներ։
Նրանք հատուկ Փարիզից Էջմիածին էին ժամանել, որպեսզի տոնեին իրենց ամուսնությունը։ Եկեղեցում ամուսնանալը Հարութի գաղափարն էր․ «Ես հայ եմ և ուզում եմ Հայաստանում ամուսնանալ, և ինչպես իմ ընտանիքն է ինձ սովորեցրել, ուզում եմ արարողությունը տեղի ուենենա եկեղեցում»։
Եվ այսպիսով նրանք որոշեցին ամուսնանալ։ Հարութը ինքն էր պատրաստել ամուսնական մատանիները, որոնց ներսում գրված էր «սեր և հավատարմություն»։ Հայկական մի թերթ տպագրել էր նրանց ամուսնության մասին հոդված։ Հոդվածի հրապարակումը վրդովմունք առաջացրեց հասարակության և եկեղոցու շրջանում։ Դրա հետ կապված Միշան ասել է․ «Հոգ չէ՝ արդյոք եկեղեցին կամ հասարակությունը հավանություն կտան մեր ամուսնությանը։ Ինձ համար կարևորն այն է, որ մենք որոշեցինք նշել մեր սերը խորհրդանշական ձևով, խորհրդանշական վայրում: Եվ մենք դա արեցինք։ Մենք դա արեցինք առաջին հերթին մեզ համար»:
2007 թվականին Հայաստանում հիմնվեց Փինքը՝ որպես ԼԳԲՏ+ համայնքահեն հասարակական կազմակերպություն։ Այն սկզբում հանդես է եկել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվամբ, որը անգլերեն հապավմամբ ստացվում է PINK և 2019-ից վերանվանվել «Փինք» իրավապաշտպան ՀԿ։ Տարիների ընթացքում Փինքը փոքր տեղական կազմակերպությունից վերաճել է միջազգայնորեն ճանաչված և վստահելի կազմակերպության։
Փինքը ստեղծվել է քվիր անձանց կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել հասնել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը և օրենքի առաջ հավասարությանը։
Կազմակերպությունը ստեղծել է կայուն և շարունակական ծառայությունների փաթեթ ԼԳԲՏ+ անձնանց համար, որոնց իրավունքները ոտնահարվել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ գենդերային արտահայտման հիմքով։ Փինքը մեծ դեր է խաղում նաև ԼԳԲՏ+ անձանց կարիքների բարձրաձայնման և խնդիրները ավելի լսելի դարձնելու գործում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։
2008 թվականի դեկտեմբերին Հայաստանը դարձավ տարածաշրջանում առաջին երկիրներից մեկը, որը ստորագրեց ՄԱԿ-ի՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ հայտարարությունը։
Հայտարարությունը վերաբերում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդու իրավունքների ոտնահարումներին՝ ներառյալ բռնությունը, քրեական հետապնդումները, խոշտանգումները, իրավապաշտպանների դեմ սպառնալիքները և խտրականությունը տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հիմքով, ներառյալ առողջության իրավունքի հասանելիությունը:
Թեև փաստաթուղթը պարտավորեցնող չէ անդամ երկրների համար, սակայն հայտարարությունը ՄԱԿ-ի համար ունի խորհրդանշական մեծ արժեք։ Ստորագրող պետությունները վերահաստատում են խտրականության բացառման սկզբունքը, որը պահանջում է, որ մարդու իրավունքները հավասարապես կիրառվեն յուրաքանչյուր մարդու նկատմամբ՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից:
Հայաստանը մինչև այժմ չունի համապարփակ և արդյունավետ հակախտրականության օրենսդրություն, և տարիներ շարունակ խտրականության ենթարկված անձինք զրկված են արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից, խտրականության դեպքերը մնացել են անպատիժ:
Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի համար կարևոր իրադարձություն էր Փինքի համայնքային կենտրոնի պաշտոնական բացումը Երևանում, որը տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերին։ Համայնքի համար չափազանց կարևոր էր Երևանի կենտրոնում ապահով տարածք ունենալը։
Բացման միջոցառման ընթացքում Փինքի նախագահը խոսեց ստեղծված կենտրոնի կարևորության մասին և ներկաայցրեց ծրագրերը։ Այդ ընթացքում Փինքն արդեն իսկ համագործակցում էր տեղական և միջազգային ոլորտային ՀԿ-ների հետ, ինչպես նաև Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ։
Համայնքային կենտրոնը գործում է մինչև հիմա և այն համալրված է գրականությամբ, կրթական ֆիլմերով և տեղեկատվական նյութերով։ Ի սկզբանե, կենտրոնում հնարավորություն է եղել մասնակցել տարատեսակ դասընթացների, ֆիլմի դիտումների և այլ միջոցառումների, օգտվել գրադարանից և ստանալ խորհրդատվություն։ Կենտրոնը նաև հարթակ է ստեղծել համայնքային նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացման համար։
Փինքի համայնքային կենտրոնի ստեղծումը նշանակալի սկիզբ էր ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության, իրազեկվածության բարձրացման և համայնքի բարօրությանն ուղղված աշխատանքների համար։
2010 թվականի մայիսի 17-ին առաջին անգամ հանրային միջոցառում կազմակերպվեց «Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը» (IDAHOBIT) նշելու համար։
Այդ օրը կազմակերպվեց «Ծիածան» ֆլեշմոբ, որը նաև բազմաթիվ այլ երկրներում էր անցկացվում։ Ֆլեշմոբի նպատակն էր տոնել բազմազանությունը, տեսանելի դարձնել համայնքը և պայքարել խտրականության դեմ:
Փինքն իր գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ Երևանի կենտրոնում գունավոր փուչիկներով ֆլեշմոբ էր կազմակերպել։ Անձրևոտ օրն ավելի գեղեցիկ դարձավ, երբ երկինքը լցվեց բազմագույն փուչիկներով։ Փուչիկները թռչում էին Երևանի երկնքում՝ խորհրդանշելով ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում։
2011 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ԼԳԲՏ+ պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը։ Հենց այդ օրը, Ծաղկաձորում՝ Քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ առաջին անգամ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և Փինքը ստորագրեցին պատմական հուշագիր ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս հուշագիրը առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որտեղ նշված էր հայերենում ընդունելի` գեյ, լեսբի, բիսեքսուալ և տրանսգենդեր տերմինները: Փաստաթղթում նշվում էր, որ համագործակցության ընթացքում կքննարկվեն ՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկներն ու իրականացված հետազոտությունները, և անհրաժեշտության դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարցերի վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ կկատարի կառավարությանը:
Այս համագործակցությունը հիմք դրեց շարունակական երկխոսության և քվիր անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Հուշագիրը հուսադրող երաշխիք էր հավասարության և մարդու իրավունքների շարունակվող պայքարի համար:
2012 թվականի մայիսի 8-ի DIY ակումբի վրա կատարված հարձակումը ևս մեկ անգամ արտացոլեց Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի հանդեպ տածած ատելությունը։ Երիտասարդները, որոնք հետո նույնականացան որպես ծայրահեղականներ, կոտրելով դուռը՝ բենզինով շիշ են գցել ներս և պայթեցրել ակումբը։
Ակումբը Երևանի այն ջերմ անկյուններից էր, որտեղ հավաքվում էին ամենատարբեր մարդիկ, այդ թվում նաև ԼԳԲՏ+ անձինք։
Ակումբը մեծ վնաս էր կրել, սակայն, ոչ ոք ֆիզիկապես չէր տուժել։ Ոստիկանները դեպքից 12 ժամ հետո են ժամանել և հետախուզություն սկսել։ Հարձակվողները շուտով ձերբակալվեցին և բացահայտորեն խոստովանեցին, որ արարքը պայմանավորված էր ԼԳԲՏ+ համայնքի հանդեպ ատելությամբ:
2013 թվականին կայանում է եղբայրների արագացված դատավարությունը։ Դատարանը մեղադրական վճիռ է կայացրել միայն գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրանք դատարանի դահլիճից ազատ են արձակվել համաներմամբ։
2022 թ․ մայիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ Հայաստանը ձախողել է դեպքի պատշաճ քննությունը և տուժողին չի պաշտպանել սեռական կողմնորոշմամբ պայմանավորված հարձակումից։
Բազմազանության երթը, որը կազմակերպվել էր՝ ցույց տալու Հայաստանում մշակութային, ազգային, մարդկային բազմազանությունը և դրա կարևորությունը, խափանվեց ծայրահեղական խմբերի կողմից, որոնք բռնություն գործադրելու փորձեր արեցին մասնակիցների հանդեպ։ Երթը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 21-ին։ Ագրեսիվ խմբերը հետապնդում էին երթի մասնակիցներին՝ ատելության և բռնության կոչեր հնչեցնելով։ Երթի մասնակիցները ստիպված եղան կանգ առնել Նկարիչների միության շենքում, որտեղ նաև պետք է կայանար «(ան)նման» ցուցահանդեսը։ Ոստիկանությունը ուղեկցությամբ՝ մասնակիցները ստիպված եղանլ լքել տարածքը շենքի ետնամուտքից։
Բռնարարներին պատասխանատվության ենթարկելու համար դատախազությունը գործին ընթացք չտվեց։ Լրատվամիջոցներն էլ իրենց հերթին ապատեղեկատվական նյութերով էլ ավելի խորացրեցին խտրականությունը և ատելությունը։
2013 թվականին տպագրվեց Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» ֆոտոգիրքը, որը լույս էր սփռում Հայաստանում ապրող և սեռական ծառայություններ տրամադրող տրանս կանանց փորձառությունների վրա։
Նազիկ Արմենակյանը իր օբյեկտիվի միջոցով ֆիքսել է տրանս կանանց խոցելիությունն ու տոկունությունը սոցիալական մերժման, խտրականության և տնտեսական դժվարությունների ֆոնին։ Գրքում տեղ գտած լուսանկարները հնարավորություն են տալիս տեսնել տրանս կանանց աշխարհը. նրանք ներկայանում են իրենց տներում, փողոցներում և խորասուզված իրենց մտքերում։ Լուսանկարներն արտացոլում են նրանց պայքարը, տխրությունն ու անսասան ոգին։ Արմենակյանի զգայուն և նրբանկատ մոտեցումը մասնակիցներին հնարավորություն է տվել պատմել իրենց պատմությունները՝ իրենց ուզած ձևով։
«Մենակության շտամպն» պարզապես լուսանկարների հավաքածու չէ, այն հզոր սոցիալական մեկնաբանություն է։ Այս ֆոտոպատմությունները մարտահրավեր նետեցին տրանս կանանց հետ կապված պատկերացումներին և կարծրատիպերին՝ նպատակ ունենալով իրազեկել այն խնդիրների մասին, որոնց բախվում են տրանս անձինք, և ներկայացնել նրանց պատմությունները առաջին դեմքով։
2013 թվականին Հայաստանում սկսվեցին քննարկումներ հակա-ԼԳԲՏ օրենսդրական առաջարկների շուրջ։ Սա լուրջ մտահոգություն առաջացրեց իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների շրջանում։ Օրինագիծը ներկայացրել էր ոստիկանությունը՝ հիմնվելով այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նմանատիպ օրենքի վրա, և առաջարկվում էր իբր «հայկական ավանդական ընտանիքի մոդելը» պաշտպանելու նպատակով։
Սակայն օրինագծի հրապարակումից մի քանի օր անց Հայաստանի ոստիկանությունը դադարեցրեց դրա ընդունման գործընթացը։ Պատճառները կարող էին լինել ոչ միայն ներքին հասարակական ճնշումը, այլև արևմտյան երկրների և իրավապաշտպան խմբի արձագանքը։
Օրինագծի դեմ ծավալվող քննադատությանը ի պատասխան՝ Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր ստորագրեցին հայտարարություն՝ արտահայտելով իրենց աջակցությունը Հայաստանի ԼԳԲՏ+ համայնքին։ Նրանց թվում էին բանաստեղծ Դիանա Տեր-Հովհաննիսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը։
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվեցին՝ դատապարտելու իշխող կարգերը, Պուտինի այցը Հայաստան և նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը։ Ակտիվիստները ձեռքում պահում էին պաստառներ, որոնց վրա գրված էին «Պուտին, գնա տուն», «Ինքնիշխան Հայաստան» և այլ կարգախոսներ։ Արդյունքում, բազմաթիվ ցուցարարներ ապօրինաբար ձերբակալվեցին։
Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդ ակտիվիստներ էին, որոնց ձեռքում Հայաստանի և Ուկրաինայի պետական դրոշներն էին՝ ի նշան Ուկրաինայի քաղաքացիների պայքարի և համերաշխության։
Ակցիայի ընթացքում Լալա Ասլիկյանը ծածանեց նաև ԼԳԲՏ+ շարժման ծիածան դրոշը՝ որպես բողոքի նշան Պուտինի հակա-ԼԳԲՏ դիրքորոշման դեմ։ Այդ պատճառով ակցիայի ժամանակ մի խումբ ծայրահեղականներ հարձակվեցին Ասլիկյանի վրա, փորձեցին խլել դրոշը և պահանջեցին հեռացնել այն։ Ակցիայից հետո ոստիկանները հետևեցին Լալա Ասլիկյանին և Սևակ Կիրակոսյանին՝ բերման ենթարկելով նրանց մյուս ակտիվիստների հետ միասին։
2015 թվականի հոկտեմբերին, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ծիածան ֆորումը, որը բեկումնային իրադարձություն էր ԼԳԲՏ+ շարժման կայացման համար։
Ֆորումի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնեց Փինքը: Քվիր անձինք և համախոհները հավաքվել էին մեկ վայրում՝ քննարկելու համայնքին առնչվող տարբեր հարցեր։ Ֆորումի այդ երկու օրերի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ատելության և խտրականության դեմ պայքարի հարցերին՝ միաժամանակ ուսումնասիրելով, թե ինչպես կարելի է կառուցել կայուն ԼԳԲՏ+ շարժում Հայաստանում:
Հանրային նկարի հրապարակումից հետո ատելություն տարածող լրատվամիջոցներն ու հակագենդերային խմբերը տևական ժամանակ թիրախավորեցին մասնակիցներին և կազմակերպությունը, սակայն դա չխանգարեց հաջորդ ֆորումի կազմակերպմանն ու հետագա աշխատանքների պլանավորմանը։
Այն, ինչ սկսվեց որպես մեկանգամյա միջոցառում, արդեն դարձել է ամենամյա հայկական ամենամեծ և կարևոր քվիր-ակտիվիստական իրադարձությունը, որի մասնակցությունը տարեցտարի աճում է, արտացոլելով ԼԳԲՏ+ շարժման աճող ուժն ու տոկունությունը Հայաստանում:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն առաջին տրանս կազմակերպությունն է Հայաստանում, որը պաշտպանում է տրանս անձանց և սեռական ծառայություն տրամադրող անձանց իրավունքները, օգնում համայնքին հաղթահարել առկա խնդիրները և ապահովում արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություններ։
«Իրավունքի կողմը» հիմնադրվել է 2016 թվականին՝ տրանս ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանի շնորհիվ։ Կազմակերպությունը նաև ստեղծել է համայնքային կենտրոն Երևանում, որտեղ այցելուները կարող են մասնակցել սոցիալական ու կրթական միջոցառումների և ստանալ բազմազան ծառայություններ։ Կազմակերպությունը շարունակական ջանքեր է ներդնում գենդերի իրավական ճանաչման, ինչպես նաև տրանս անձանց առողջության և այլ իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը ներկայացնում է Հայաստանի ԼԳԲՏ+ համայնքի պայքարը և այն իրականությունը, որին ստիպված են առերեսվել քվիր անձինք՝ ապրելով խտրական հասարակության մեջ: Ֆիլմում տասը ԼԳԲՏ+ անհատներ կիսվում են իրենց անձնական փորձառություններով՝ լույս սփռելով իրենց մանկության, ինքնության և ընտանեկան հարաբերությունների վրա՝ մարտահրավեր նետելով ԼԳԲՏ+ անձանց մասին բացասական պատկերացումներին։
Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որից հետո այն ցուցադրվել է տարբեր երկրներում և մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը գրաքննեց «Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը և չեղարկեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագիրը՝ այս և մեկ այլ քվիր ֆիլմի պատճառով։ Հետագայում ֆիլմն ընտրվեց սփյուռքում մեծ հեղինակություն վայելող Արփա միջազգային ֆիլմի փառատոնի (ԱՄՆ) և Նուռ ֆիլմի փառատոնի (Կանադա) ծրագրերում։
2017 թվականի մայիսի 17-ին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դարձավ առաջին կառույցը, որ բարձրացրեց ծիածան դրոշը՝ նշելու Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այս քայլը, որը արտահայտում էր համերաշխություն ԼԳԲՏ+ համայնքի հետ, արժանացավ քվիր ակտիվիստների և համայնքի բարձր գնահատանքին։ Չնայած դրոշը բարձրացվել էր օտարերկրյա դեսպանատան կողմից, այնուամենայնիվ, սա աննախադեպ և խորհրդանշական պահ էր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։
Չնայած որոշ խմբերի համար դրոշի բարձրացումն ընկալվեց որպես «ազգային ավանդական արժեքների» դեմ ուղղված քայլ, բայց այս իրադարձությունն ընդգծեց այն երկարատև ճանապարհը, որ պետք է անցնել, որպեսզի մի օր ծիածան դրոշն ազատորեն ծածանվի Հայաստանում՝ առանց որևէ խոչընդոտի։
2017 թվականի մայիսի 25-ին Փինքը պատվիրել է 3 սոցիալական գովազդների տեղադրումը Երևանի կենտրոնում գտնվող գովազդային վահանակներին՝ ԼԳԲՏ+ թեմայով:
Մայիսի 27-ին, սոցիալական մեդիայում մի քանի ծայրահեղականների առաջացրած աղմուկից հետո, Երևանի քաղաքապետարանի հրահանգով գովազդները հեռացվեցին: Փինքը դատական հայց ներկայացրեց քաղաքապետարանի դեմ՝ խտրականության և խոսքի ազատության սահմանափակման մեղադրանքներով՝ պահանջելով վերատեղադրել գովազդները:
Փինքը նաև դիմեց Մշակույթի նախարարությանը՝ խնդրանքով, որ պաստառները ճանաչվեն որպես հանդուրժողականություն խթանող սոցիալական գովազդներ: Նախարարությունը մերժեց առաջարկը՝ պնդելով, որ հանրությունն արդեն տեղյակ է ԼԳԲՏ անձանց գոյության մասին և գովազդները հանրային իրազեկման որևէ նոր տարր չեն պարունակում: Սա ևս հիմք հանդիսացավ նոր դատական հայց ներկայացնելու նախարարության դեմ։
Երկու դատական գործերն էլ տարիներ շարունակ ձգվում են՝ առանց հստակ արդյունքի և առանց ակնհայտ խտրականության մասին որոշման։
2018 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկվեցին 9 երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ ակտիվիստներ: Հարձակման ընթացքում հնչել են վիրավորանքներ և ատելության խոսք, ինչը վկայում է ատելության հիմքով հանցագործության մասին։
Հարձակմանը մասնակցել են ավելի քան 30 մարդ, և դաժան ծեծի արդյունքում երկու երիտասարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, մնացածի վնասվածքները համեմատաբար թեթև էին:
Ոստիկանությունը և բժշկական օգնությունը դեպքին արձագանքել են բավական ուշ, երբ արյունոտված երիտասարդները կարողացել են փախչել բռնարարների ճիրաններից և կիլոմետրեր անցել դեպի Գորիս տանող ճանապարհով։ Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես վիճաբանություն:
Տարիներ շարունակ իրավապահ համակարգի անգործությունից և դատական քաշքշուկներից հիասթափված՝ երիտասարդներն այլևս չեն հավատում արդարադատությանը, իսկ նրանցից երկուսը իրենց անվտանգության համար ստիպված են եղել ապաստան հայցել այլ երկրում։
Լիլիթ Մարտիրոսյանի համար մեծ քաջություն պահանջվեց՝ խորհրդարանի դահլիճ մտնել, կանգնել պատգամավորների առջև և ելույթ ունենալ տրանս անձանց իրավունքների պաշտպանության համար՝ կերտելով պատմություն։ Տրանս ակտիվիստի ելույթը երկրի խորհրդարանում աննախադեպ իրադարձություն էր։
«Ես հանդես եմ գալիս Հայաստանի խոշտանգված, բռնաբարված, այրված, դանակահարված, սպանված, արտաքսված, խտրականության ենթարկված, աղքատ և գործազուրկ տրանսգենդեր անձանց անունից»,- 2019 թվականի ապրիլի 5-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստի ժամանակ ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։
Կանխատեսելի էր, որ ուղերձը որոշ պատգամավորների և ծայրահեղական խմբերի զայրույթը կառաջացնի, ինչը հետագայում պատճառ դարձավ Մարտիրոսյանի դեմ սպառնալիքների և հետապնդումների։
Նա իր աշխատանքի ամենադժվար մասը համարում է Հայաստանում տրանս անձանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և հասարակության վերաբերմունքի փոփոխությունը։ Նրա ելույթի շնորհիվ Հայաստանում տրանս անձանց մասին իրազեկվածությունն, այնուամենայնիվ, մեծացել է, սակայնտրանս անձանց կյանքը Հայաստանում դեռ չափազանց դժվար է։
Մել Դալուզյանը Հայաստանի նշանավոր և սիրված մարզիկներից մեկն էր։ Լինելով Եվրոպայի ծանրամարտի առաջնության եռակի չեմպիոն՝ նա հպարտորեն բարձրացրել է հայկական դրոշը միջազգային հարթակներում։ Սակայն հասարակության արձագանքը նրա նկատմամբ փոխվում է, երբ հայտնի է դառնում նրա տրանս ինքնության մասին։ Մելի անունը սկսում է ավելի բուռն քննարկման առարկա դառնալ այն բանից հետո, երբ սկսվում է ֆիլմի նկարահանումը նրա անցած ճանապարհի մասին, և 2019 թվականին Հայաստանը որոշում է ֆինանսավորում տրամադրել։ Մարդիկ մեղադրում էին իշխանությանը «եվրոպական արժեքներ քարոզելու» և ԼԳԲՏ+ անձանց աջակցելու համար։ ՀՀ վարչապետն իր ելույթում նշել էր, որ համաձայն է ֆինանսավորման գաղափարին և որ Մել Դալուզյանը գտնվում է իր պաշտպանության ներքո։
«Մել» վավերագրական ֆիլմը, որը հրապարակվեց 2022-ին, պատմում է հայտնի հայ ծանրամարտիկ Մել Դալուզյանի կյանքի մասին, ով ոչ միայն դարձել է Հայաստանի սպորտի պատմության լավագույն մարզիկներից մեկը, այլև անցկացրել է լարված անձնական պայքար՝ կապված իր գենդերային ինքնության հետ։ Ֆիլմը պատմում է նրա կյանքի, կարիերայի, ինքնաճանաչման ու ինքնաարտահայտման պայքարի մասին։ Ռեժիսորներն են Փոլ Քոենը և Իննա Սահակյանը։
2020 թվականին Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որոշեց նշանավորել ԼԳԲՏ+ անձանց իրավահավասարության համար տասնամյակներ շարունակվող պայքարը՝ հռչակելով օգոստոսի 3-ը որպես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր։ Սակայն որոշ քննարկումներից հետո 2023 թվականին որոշվեց վերանվանել և հաստատել այն որպես ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր:
Այս օրը պատահական չի ընտրվել․ 2018 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ատելության հիմքով հանցագործություն է տեղի ունեցել, երբ մի քանի տասնյակ անձինք հարձակվել են ինը երիտասարդների վրա՝ վերջիններիս փաստացի կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով։
Ազգային օրը խորհրդանշում է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության դեմ երկարաժամկետ պայքարը։ Այն հանդիսանում է հիշեցում, որ պետությունը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները՝ սահմանելով խտրականությունը կանխող և արգելող քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվություն, որը կպաշտպանի անձի իրավունքները և անվտանգությունը:
«Princess Diaries»-ի երեկույթները Հայաստանում անցկացվող ամենահայտնի և իրենց տեսակի մեջ եզակի քվիր երաժշտական միջոցառումներից էին, որ մեծ սեր էին վայելում ԼԳԲՏ+ համայնքի շրջանում։
Միջոցառման անցկացման հիմնականում վայրը եղել է Պոլիգրաֆ ակումբը։ Միջոցառումը ստեղծում էր ապահով հարթակ, որտեղ քվիր մարդիկ իրենց անձի և արվեստի արտահայտման հնարավորություն էին ստանում։ Առաջին «Princess Diaries» երեկույթն անցկացվել է 2021 թվականի հունվարի 7֊ին։ Միջոցառումների շարքը նաև լայն հնարավորություն է ստեղծել մի շարք դիջեյների, դրեգ արտիստների և այլ արվեստագետների համար, որոնց ստեղծագործական առաջընթացի համար ապահով տարածք ունենալը էական նշանակություն է ունեցել։ «Princess Diaries»-ի համար համերաշխ միջավայր ստեղծելը եղել է կազմակերպիչների հիմնական նպատակը` բացառելով և արգելելով ցանկացած տեսակի խտրականություն, որպեսզի յուրաքանչյուր անձ կարողանա լիարժեք ինքնաարտահայտվել և վայելել միջոցառումը։
Պոլիգրաֆ ակումբի փակվելուց հետո «Princess Diaries»-ը ևս դադարեց գործունեությունը, սակայն այլ ձևաչափերով և անվանումներով շարունակվում են նմանատիպ քվիր միջոցառումները։
2022 թ․ դեկտեմբերին Հայաստանում դրեգ շոուի վերադարձը նշանակալից պահ էր հայկական քվիր համայնքի համար։ Փինք ՀԿ-ի 15-ամյակին նվիրված միջոցառման ամենացնցող նորությունը դարձավ արտիստների անմոռանալի շոուն, որով սկիզբ դրվեց այս մշակույթի զարգացմանը Հայաստանում։
Փինքի համայնքային կենտրոնում արտիստներից մեկի՝ Ռեմիի նախաձեռնությամբ կազմակերպված ամենշաբաթյա հանդիպումները անհրաժեշտ հարթակ ստեղծեցին ինքնարտահայտման և դրեգի մշակույթի առաջընթացի համար: Չնայած դժվար էր ելույթների համար ապահով տարածքներ գտնելը, սակայն Ջիջի Էրիսին, Լեոնային, Լեդի Դային, Ռեմի Ջելատոյին և մյուս արտիստներին չխանգարեց ստեղծել բարենպաստ միջավայր և ոգեշնչել քվիր համայնքին ու համախոհներին։
Կարճ ժամանակ անց նրանք փայլեցին նաև միջազգային միջոցառումներում։ 2023 թվականին Ռեմին գլխավոր մրցանակի արժանացավ, ինչպես նաև հայկական դրեգի մասին մեդիայում տարաբնույթ հրապարակումներ ստեղծվեցին: Իսկ 2024 թվականի հոկտեմբերին, ԼԳԲՏ+ պատմության ամսվա շրջանակներում կազմակերպվող հայկական մրցանակաբաշխությանը, Ջիջին արժանացավ «ԼԳԲՏ+ շարժման ոգի» մրցանակին։
Այս իրադարձությունները ոչ միայն ընդգծեցին հայ արտիստների տաղանդը, այլև դարձան քվիր համայնքի զորեղացման աղբյուրը՝ ցույց տալով, որ, չնայած խոչընդոտներին, համայնքը կարող է տեսանելիության և ընդունված լինելու տարածքներ ստեղծել:
2012 թվականին DIY ակումբի վրա հարձակումից հետո՝ տեղական ատյաններում դատական գործընթացները սպառելուց հետո, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), այն բանի համար, որ հարձակումից հետո իշխանությունները չեն կարողացել պաշտպանել ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովային և արդյունավետ կերպով չեն հետաքննել բողոքները:
2022 թ․ մայիսի 17-ին՝ ակումբի պայթեցումից 10 տարի անց, ՄԻԵԴ-ը վճռեց, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Արմինե Օգանեզովայի իրավունքների պաշտպանությունը։ Եվրադատարանը, մասնավորապես, գտավ, որ պետությունը, հաշվի չառնելով Արմինե Օգանեզովայի պնդումները հանցագործների հոմոֆոբ շարժառիթի վերաբերյալ, ձախողել է դեպքի պատշաճ քննությունը և տուժողին չի պաշտպանել սեռական կողմնորոշմամբ պայմանավորված հարձակումից։
Հարկ է նշել, որ սա սեռական կողմնորոշման հիմքով իրավախախտման առաջին դեպքն է, երբ ՄԻԵԴ-ը ճանաչել է Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների խախտում։
2023 թվականի ապրիլի 23-ին ոստիկանությունը ներխուժել է Պոլիգրաֆ ակումբ և անօրինական կերպով խուզարկություն իրականացրել։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, երբ ակումբում կային նաև այցելուներ։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը խուզարկության համար որևէ իրավական հիմք չի ներկայացրել։
Խուզարկության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձանց պառկեցրել են հատակին, այնուհետև բռնի ուժով տեղափոխել ոստիկանական բաժին։ Աշխատակիցներն ու այցելուները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացումների։ Ոստիկանության բաժնում ոմանց ստիպել են մերկանալ խուզարկվելու համար, օգտագործել են սեքսիստական, հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտություններ։ Այս ամենը ծանր հոգեբանական ազդեցություն է ունեցել ակումբի մարդկանց վրա։ Արդյունքում՝ տարածքի դռները փակվել են և կնքվել։ Ոստիկանական բռնություններից մի քանի օր անց Պոլիգրաֆը հայտարարեց իր վերաբացման մասին, սակայն պետական կառույցների և քաղաքային իշխանությունների շարունակական ճնշումների հետևանքով ակումբը վերջնականապես փակեց իր դռները 2024 թվականի հունվարին։
Գործունեության 5 տարիների ընթացքում ակումբն առանձնանում էր իր ստեղծարարությամբ, բազմազանությամբ և ներառականությամբ՝ դառնալով շատերի համար ինքնաարտահայտման ապահով տարածք։