ՀՀ օրենսդրությունը անձանց չի պաշտպանում ատելության խոսքից՝ ներառյալ խտրականության հրահրումից․ Եվրոպական դատարան
2025 թ-ի հուվարի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ ճանաչելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումը։
Գործը վերաբերում է «Իրավունք» թերթի կողմից դեռևս 17.05.2014 թ. «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածի և դրան հաջորդող նույնաբովանդակ հոդվածների հրապարակմանը, որով թերթը «սև ցուցակում» ներառած անձանց մեղադրում է «համասեռամոլության քարոզչության» մեջ, հորդորում է ցուցաբերել զրո հանդուրժողականություն և սահմանափակել նրանց հնարավորությունները` իրենց գործունեության և այլ շրջանակներում:
Թերթի կողմից հրապարակման հիմքը «Եվրատեսիլ 2014»-ի` Հայաստանի կողմից ներկայացված մասնակիցներ Ինգա և Անուշ Արշակյանների հարցազրույցն էր, ինչի ընթացքում վերջիններս, արտահայտելով իրենց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անձանց, մասնավորապես՝ նշյալ երգի մրցույթին Ավստրիան ներկայացնող տրանսգենդեր Կոնչիտա Վյուրսթի նկատմամբ, նշել էին․ «… ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները»:
Թերթի հրապարակումներում եղել է զուգահեռաբար թիրախավորված անձանց անձնական տվյալները՝ նրանց խտրականության ենթարկելու և անհանդուրժողականության կոչերով։
14 դիմումատուները, չգտնելով արդյունավետ իրավական պաշտպանություն Հայաստանի դատական ատյաններում, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Հայաստանը խախտել է դիմումատուների մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝ զուգորդված խտրականությունից զերծ լինելու բացարձակ իրավունքի հետ։ Դատարանը շեշտել է, որ խտրականության սահմանադրական արգելքը և վիրավորանքն արգելող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բավարար չեն պաշտպանելու անձանց հոմոֆոբ ատելության խոսքից։ Այսինքն, ըստ Դատարանի, հրապարակումների թիրախ դարձած անձանց հոգեկան ամբողջականությանը, արժանապատվությանը և պատվին հասցվել է այնպիսի վնաս, որը չի կարող պաշտպանվել ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ։ Պետության կողմից ևս չի ներկայացվել հիմնավորում առ այն, որ այս կարգավորումները գործնականում կիրառվում են արդյունավետ կերպով։
Այսպիսով, պետությունը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել գործնականում ապահովելու համար ատելության խոսքից՝ ներառյալ խտրականության հրահրումից արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն ողջունում է Եվրոպական դատարանի դիրքորոշումը և ձեռնամուխ կլինի վճռի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացմանը։