Լրամփոփ | մայիս 2025

02-06-2025

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույց

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մայիսի 15-ին հրապարակեց 2024 թվականի ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Զեկույցը փաստագրում է ինչպես իրավական ու սոցիալական աջակցություն ստացած անձանց խնդիրները, այնպես էլ հանրային տիրույթում տարածված ատելության խոսքի դեպքերը՝ ընդգծելով Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց առջև ծառացած համակարգային խնդիրները։

Այս զեկույցը վկայում է այն մասին, որ Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրները շարունակում են մնալ թե՛ իրավական, թե՛ սոցիալ-մշակութային մակարդակներում չլուծված։ Կազմակերպությունը կոչ է անում ինչպես պետական մարմիններին, այնպես էլ քաղաքացիական հասարակության դերակատարներին՝ համատեղ ջանքերով կառուցել ներառական և արժանապատվություն հարգող հասարակություն։

Այստեղ կարող եք կարդալ զեկույցի մասին և ներբեռնել զեկույցի ամբողջական տարբերակը։

Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր (IDAHOBIT)

Օրվան ընդառաջ Փինք իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպեց քննարկում, որտեղ և ներկայացվեց ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը։

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկան Փինք ՀԿ-ի գործադիր տնօրենը, Շվեդիայի փոխդեսպանը, Եվրոպական միության դեսպանը, Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։

Միջոցառման երկրորդ մասում Փինք ՀԿ-ի մասնագետները ներկայացրին զեկույցը՝ վիճակագրությունից մինչև անհատական դեպքերի վերլուծություն։ Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում և հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները բարձրացրին բազմաթիվ թեմաներ՝ ԼԲՔ կանանց հանդեպ խտրականությունից մինչև համակարգային փոփոխություններ և ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթաց։

Իլգա Եվրոպայի Ծիածան քարտեզը

Իլգա Եվրոպան հրապարակեց իր 2025 թվականի Ծիածան քարտեզը, որից էլ երևում է այն անհանգստացնող փաստը, որ Հայաստանի դիրքը մնում է անփոփոխ։ Եվրոպայի 49 երկրներից Հայաստանը շարունակում է դասվել ամենավատ դիրքերում, ինչը վկայում է մարդու իրավունքների ոլորտում մշտապես առկա խնդրի մասին։

2003 թվականին նույնասեռականությունն ապաքրեականացնելուց ի վեր, Հայաստանը շատ քիչ առաջընթաց է գրանցել ԼԳԲՏԻ անձանց պաշտպանության գործում։ Երկիրը չունի համապարփակ հակախտրական օրենսդրություն, ինչի հետևանքով ԼԳԲՏԻ անձինք մնում են համակարգային խտրականության և բռնության առաջ խոցելի։ Թեև Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հակախտրական օրենքի նախագիծ, այն չի ներառում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն իբրև պաշտպանված հիմքեր, ինչի հետևանքով էլ հնարավոր չի լինելու լուծել ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած խնդիրները։

Առանց վճռական գործողությունների, Հայաստանը վտանգում է խորացնել խտրականությունն ու մեկուսանալ այն լայն եվրոպական համայնքից, որը նվիրված է հավասարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։

ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման հիմնական առաջարկությունները ԼԳԲՏ+ անձանց վերաբերյալ

Հայաստանի՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) չորրորդ ցիկլի ընթացքում բազմաթիվ պետություններ կոչ արեցին երկրին վճռական քայլեր ձեռնարկել՝ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։ Առաջարկությունների հիմնական շեշտադրումը վերաբերում էր համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունմանը, որը հստակ կերաշխավորի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանությունը։ Սա արտահայտում է միջազգային աճող սոլիդարությունը նրա շուրջ, որ ԼԳԲՏ+ անձանց իրավունքները պետք է լիարժեքորեն ներառված լինեն Հայաստանի մարդու իրավունքների ընդհանուր օրակարգում։

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ամեն հաջորդ շրջափուլի ընթացքում ավելի շատ առաջարկներ են հնչում ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած բազմաթիվ օրենսդրական փոփոխություններին և քաղաքականությունների ընդունմանը, ԼԳԲՏ+ անձանց իրավունքները շարունակում են մնալ լուսանցքում։