Ատելության խոսքի առկա իրավակարգավորումներն ու բացերը

17-04-2019

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից նախաձեռնված քննարկումը՝ ատելության խոսքի առկա իրավակարգավորումների ու բացերի վերաբերյալ։ Հանդիպման բանախոսներն էին Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի իրավաբան՝ Նվարդ Փիլիպոսյանը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ՝ Սրբուհի Գալյանը և «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը։

Նախևառաջ բանախոսները արձանագրեցին, որ ոլորտը համապարփակ իրավական կարգավորման ենթարկված չէ․ ՀՀ քրեական օրենսգրքում սահմանված չեն ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների սահմանումները, պատժի և պատասխանատվության առանձնահատկությունները։

Քննարկման բանախոսներից Նվարդ Փիլիպոսյանը ներկայացրեց ատելության խոսքի միջազգային իրավակարգավորումները, Հայաստանի կողմից վավերացված մի շարք իրավական փաստաթղթեր և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  դիրքորոշումներ։ Հատկանշվեց այն փաստը, որ արտահայտման ազատությունը սահմանափակվում է ատելության խոսքի համատեքստում։

Սրբուհի Գալյանը ներկայացրեց ներպետական իրավակարգավորումները։ Նա անդրադարձավ քաղաքացիական օրենսգրքով սահմանված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին, մասնավորապես՝  վիրավորանքին և զրպարտությանը, ինչպես նաև՝ քրեական օրենսգրքով սահմանված այն դրույթներին, որոնք  նախատեսում են բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքին, ապա՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն։

Հասմիկը Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանում ատելության խոսքի դրսևորումներից մի շարք ակնառու դեպքեր, մասնավորապես՝ նշելով «DIY» ակումբի պայթեցումից կամ Շուռնուխում բռնության դեպքից հետո ԼԳԲՏ անձանց նկատմամբ ուղղված ատելության խոսքի և անհանդուրժողականության մեծ մթնոլորտի մասին։ Նա մատնանշեց, որ շատ դեպքերում մի շարք պետական պաշտոնյաներ կամ հասարակական գործիչներ արդարացնում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ ուղղված ատելության խոսքերը, վիրավորանք, թշնամանք պարունակող արտահայտությունները, և անգամ գործադրվող բռնությունը կամ բռնության կոչերը, հատկապես՝ առանձնացնելով Էդուարդ Շարմազանովի կողմից տարիներ շարունակ հնչող ատելության խոսքերը և խտրական վերաբերմունք պարունակող արտահայությունները։ Նա, հիմնվելով բազմաթիվ միջազգային և ներպետական հետազոտությունների և ուսումնասիրություններ վրա, փաստեց, որ պետական, քաղաքական, հասարակական գործիչները կամ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները հեղինակություն են վայելում հասարակության շրջանում, ուստի նրանց կողմից արված հայտարարությունները կամ հնչեցրած խոսքերը ազդեցիկ նշանակություն կարող են ունենալ մարդկանց կարծիքի, դիրքորոշման, վերաբերմունքի ձևավորման գործում։ Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ նրանց կողմից սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված ատելություն, թշնամանք, խտրական վերաբերմունք պարունակող արտահայտություններն ավելի է կրկնապատկում ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականությունը Հայաստանում։ Վերջինս նաև առաջարկեց վերոհիշյալ պաշտպանված հատկանիշները ներառել ՀՀ քրեական օրենսգրքում։

https://www.facebook.com/havasar.coalition/videos/567105333801919/