Կոնվերսիոն պրակտիկաների և թերապիաների իրականցման մասին ուսումնասիրություն Հայաստանում

26-05-2020

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ոլորտային մասնագետների ներգրավմամբ «Ռեյնբոու Ադվոքասի Փրոգրամ» (“Rainbow Advocacy Program”) ծրագրի շրջանակներում 2019թ.-ին իրականացվել է ոչ ստանդարտ և պիլոտային հետազոտություն։ Հետազոտության նպատակն էր դուրս բերել և հավաքել առաջնային տեղեկություն Հայաստանում կոնվերսիոն պրակտիկաների և կոնվերսիոն թերապիաների մասին՝ իրադրության հասկացման և հետագա քայլերի պլանավորման համար։ Վերջինիս արդյունքները ուղենիշային են խնդրի հետագա ուսումնասիրության և բարձրաձայնման համար։

Սույն հետազոտության շրջանակներում օգտագործվել են կոնվերսիոն պրակտիկայի և թերապիայի հետևյալ սահմանումները․ Կոնվերսիոն պրակտիկան ցանկացած գործողություն է այլ մարդկանց կողմից, որոնք ուղղված են մարդու սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության փոփոխությանը՝ ոչ հետերոսեքսուալից դեպի հետերոսեքսուալ, ոչ հետերոնորմատիվ գենդերային ինքնությունից և արտահայտումից դեպի հետերոնորմատիվ։ Իսկ կոնվերսիոն թերապիան նույն նպատակին ծառայող մասնագիտական միջամտություններն են հոգեբանական կամ բժշկական ոլորտի մասնագետների կողմից (հոգեբան, հոգեբույժ, սեքսապաթոլոգ սեքսոլոգ կամ այլ մասնագետ)։

Հետազոտությունն իրականացվել է չորս հիմնական ուղղություններով՝ տարբեր աղբյուրներից տեղեկություն հավաքագրելու համար։ Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել է առանձին մեթոդաբանություն։ Հետազոտության արդյունքներն ամփոփված են առանձին մասերով։ Բացառություն է կազմում 4-րդ մասը, որի դեպքում հավաքագրված 16 դեպքերը բավարար չեն եղել վերլուծություն իրականացնելու համար։

Մաս 1․ Կոնվերսիոն պրակտիկաների ու կոնվերսիոն թերապիաների իրավական ու մասնագիտական տեղական ու միջազգային կարգավորումների իրավական վերլուծություն,

Մաս 2․ Մասնագետների կողմից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության փոփոխման փորձերի (կոնվերսիոն թերապիա) վերաբերյալ հրապարակային նյութերի և ելույթների բովանդակային վերլուծություն,

Մաս 3․ Բժիշկ և հոգեբան մասնագետների դիրքորոշումները և փորձը սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության փոփոխման պրակտիկաների (կոնվերսիոն պրակտիկա և կոնվերսիոն թերապիա) վերաբերյալ որակական վերլուծություն,

Մաս 4․ ԼԳԲՏ անձանց կյանքում տեղի ունեցած կոնվերսիոն պրակտիկաների (ներառյալ՝ կոնվերսիոն թերապիա) դեպքերի հավաքագրում։

Հետազոտության արդյունքներից հնարավոր է եղել դուրս բերել որոշ օրինաչափություններ Հայաստանում կոնվերսիոն դիսկուրսի վերաբերյալ։

Համաձայն միջազգային իրավական կարգավորումների ու քաղաքականությունների՝ կոնվերսիոն պրակտիկաների կարգավորումն իրականացվում է պետական կամ ազգային միավորումների կողմից։ Ինչևէ, Հայաստանում կոնվերսիոն պրակտիկաների կարգավորում դեռևս առկա չէ։ Հայաստանյան իրավական և մասնագիտական դաշտերը չունեն կարգավորումներ, որոնք կկարողանան կանխարգելել կոնվերսիոն պրակտիկաները երկրում։ Ավելին, հոգեբանական աջակցության ոլորտը կարգավորված չէ օրենքով, ինչպես նաև՝ բժշկական ոլորտի մասնագետների մասնավոր պրակտիկան։ Տեղական մասնագիտական միավորումները նույնպես չունեն կարգավորումներ, որոնք կկանխարգելեն ոլորտի մասնագետների կողմից հակաէթիկական և խտրական պրակտիկաների իրականացումը՝ ներառյալ կոնվերսիոն պրակտիկաները։ Գոյություն չունի նաև որևէ կարգավորում, որը վերաբերում է մասնագիտական հանրույթ ներկայացնող մասնագետների հանրային խոսքին։

Կոնտենտ վերլուծության արդյունքում դուրս է բերվել, որ ոլորտային մասնագետները հանրային հասանելի հարթակներում խրախուսում են կոնվերսիոն պրակտիկաները, կիսում են կոնվերսիոն պրակտիկաների հաջողված դեպքեր և տրամադրում են սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության/արտահայտման (ՍԿԳԻ) մասին տեղեկություն, որը հաճախ չի համապատասխանում ՍԿԳԻ-ի փոփոխության փորձերի վերաբերյալ միջազգային մասնագիտական կարգավորումներին և դիրքորոշումներին։ Սեռականության և ՍԿԳԻ մասին քննարկումները մասնագիտական դաշտերում հասանելի չեն, որը դրսևորվում է թեմայի հետ կապված մասնագետների՝ միմյանցից տարբերվող տեղեկությունների տրամադրմամբ։ Ավելին, որոշ ոլորտային մասնագետներ հանրային հասանելի հարթակներում կիսում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց խտրական մոտեցումները և խոսում են ԼԳԲՏ հարցերի մասին՝ սովորաբար հղում չանելով որևէ մասնագիտական հիմնավորման կամ գիտական տվյալների։ Օգտագործելով երկրում առկա քաղաքական իրավիճակը և ԼԳԲՏ հարցերի մասսայական շահարկումները՝ որոշ մասնագետներ նաև օգտագործում են մեդիա հարթակները լսարան ձեռք բերելու կամ քաղաքական նպատակներով։

Մասնագետների և ԼԳԲՏ անձանց շրջանում իրականացված հարցազրույցները դուրս են բերել այն պատկերը, որ չեն արձանագրվում կոնվերսիոն թերապիաների առանձին դեպքեր։ Հիմնական խնդիրները կապված են մասնագիտական դաշտերի չկարգավորվածության հետևանքների հետ, որը հնարավորություն է ստեղծում տարբեր մասնագետների համար պրակտիկայում կիրառել տարբեր մոտեցումներ՝ ներառյալ խտրական և ոչ գիտահեն պրակտիկաներ։ Որոշ ոլորտային մասնագետներ իրականացնում են ՍԿԳԻ-ի փոփոխության փորձեր օգտագործելով գիտականորեն և մասնագիտորեն չհաստատված մեթոդներ (օր․, ամոթանք, մեղադրանք և այլն)՝ տեղյակ չլինելով կոնվերսիոն պրակտիկաների ու թերապիաների գոյության մասին։ Մասնագետների մեկ այլ խումբ էլ չի հետևում սեռականության և ՍԿԳԻ-ի մասին մասնագիտական կարգավորումներին և գիտական տվյալներին՝ ներկայացնելով նույնասեռականությունը և տրանսգենդեր գենդերային ինքնությունը որպես խանգարում, որն ենթադրում է մասնագիտական միջամտություն, կամ ներկայացնելով առկա կարգավորումների սուբյեկտիվ մեկնաբանություններ։ Մասնագետների մի մասն էլ տեղյակ են մասնագիտական կարգավորումներից և էթիկական սկզբունքներից։ Սակայն միևնույն ժամանակ իրենց մի մասը հանրային հարթակներով տրամադրում է տեղեկություն, որ ՍԿԳԻ-ի փոփոխությունը հնարավոր է անհատի ցանկությամբ և կամքով, և որոշները նույնիսկ իրականացնում են այն (օր․, վարքաբանական թերապիա)։ Նաև կան մասնագետներ, որոնք հետևում են մասնագիտական կարգավորումներին և էթիկական սկզբունքներին և քննադատում են կոնվերսիոն պրակտիկաների ու թերապիաների իրականացումը։