Մարդու իրավունքների տան տարեկան զեկույցը

2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախորդած և հաջորդած մի շարք կարևոր իրադարձություններով։ «Մարդու իրավունքների տուն Երևան» հասարակական կազմակերպությունը դեռևս 2018 թ. դեկտեմբերի 7-ին հանդես եկավ «Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում» հատուկ զեկույցով, որի նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ հեղափոխական գործընթացներին՝ դրանք դիտարկելով իրավապաշտպանների, ակտիվիստների, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող լրագրողների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության, հեղափոխության օրերին և հետհեղափոխական ժամանակահատվածում նրանց իրավունքները ոտնահարելու և գործունեությունը խոչընդոտելու դեպքերին։
Ի լրումն Հատուկ զեկույցում արված վերլուծությունների ու մշտադիտարկման արդյունքների՝ սույն տարեկան զեկույցն անդրադառնում է հատկապես հետհեղափոխական ժամանակահատվածում մարդու իրավունքների առանձին ոլորտներում արձանագրված առավել բացասական զարգացումներին։ Նման իրավիճակ արձանագրվել է հատկապես ԼԳԲՏ մարդկանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների, ակտիվիստ-կանանց, հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անցնող անձանց իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանների և բնապահպանների առնչությամբ։
ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների իրավունքների սահմանափակումներն ու գործունեությունը խոչընդոտելու դեպքերը
Ապրիլ-մայիս ամիսներին Երևանում տեղի ունեցած հեղափոխական շարժման ընթացքում ԼԳԲՏ ցուցարարները ոստիկանության կողմից արժանացել են տարբերակված, կանխակալ վերաբերմունքի։ Մասնավորապես, դեպքեր են եղել, երբ նրանց բերման են ենթարկել իրենց ենթադրյալ սեռական կողմնորոշման պատճառով։ Եղել են դեպքեր, երբ ոստիկանները մարդկանց արտաքինի վերաբերյալ ոչ պատշաճ մեկնաբանություններ են արել։ Հասարակության կողմից ևս ԼԳԲՏ ցուցարները վատ վերաբերմունքի են արժանացել։
Հեղափոխությունից հետո Հանրապետական խմբակցությունը, Ծառուկյան դաշինքը, ինչպես նաև հոգևորականներն ու հասարակության «հակագեյ» տրամադրված որոշ հատվածներ ակտիվորեն շահարկել են ԼԳԲՏ մարդկանց թեման՝ այն օգտագործելով նոր իշխանությունների դեմ։ Օրինակ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետրոսյանն էլ ատելության խոսք ու հանցագործության կոչ պարունակող մի քանի գրառումներ է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, բացի այդ նման հայտարարություններով հանդես է եկել զանգվածային լրատվության միջոցներով։ Նա, մասնավորապես, հորդորել է «չհանդուրժել և վտարել ԼԳԲՏ անձանց Հայաստանից»։
Զեկույցը նաև անդրադառնում է Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքին և հետագա զարգացումներին։