Լրամփոփ | մարտ 2025

31-03-2025

Նշանավոր օրեր և միջոցառումներ Փինքում

Մարտին նշեցինք Կանանց միջազգային օրն ու Տրանս անձանց տեսանելիության օրը։ Փինքում կազմակերպված միջոցառումները նվիրված էին այս երկու թեմաներին՝ քննարկումների և գրքի ընթերցանություն ձևաչափով։

Մարտի 8 – Կանանց միջազգային օր․ Կանայք ձևավորում են մեր հասարակությունները, խթանում են առաջընթացը և արժանի են հավասար հնարավորությունների կյանքի բոլոր բնագավառներում: Մենք պետք է ճանաչենք կանանց ազդեցությունն ու ներդրումը տարբեր ոլորտներում: Եկեք տոնենք Կանանց իրավունքներն ամեն օր։

Մարտի 31 – Տրանս անձանց տեսանելիության օր․ Տրանս անձանց տեսանելիության օրը հնարավորություն բարձրաձայնելու տրանս մարդկանց մասին, արժևորելու գենդերային բազմանանությունը։ Այն նաև հիշեցնում է հանուն հավասարության տարվող պայքարի մասին, հատկապես Հայաստանում գենդերի իրավական ճանաչման անհրաժեշտության համար։

Փաստաթղթերում առանց գենդերային նշումը փոխելու հնարավորության՝ տրանս մարդիկ ամեն օր բախվում են խտրականության՝ աշխատանքի, առողջապահության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Տրանս ինքնությունների իրավական ճանաչումը սոսկ ֆորմալ պահանջ չէ. այն արժանապատվության, անվտանգության և մարդու իրավունքների հարց է։ Գենդերի իրավական ճանաչումը կարևոր է հավասարության համար։

Անվճար բժշկական ծառայություն

Մարտի 26-ին Փինքի գրասենյակում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մասնագիտական թիմը իրականացրեց Հեպատիտ B, Հեպատիտ C, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի անվճար թեստավորում։ Այցելուները ստացան նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն, հնարավորություն ունեցան անցնելու հետազոտություն և տեղեկանալ իրենց առողջական վիճակի մասին։

Ծառայություններն ապահովեցին փորձառու բժիշկ, բուժքույր և խորհրդատու, որոնք գործեցին բարձր մասնագիտական մակարդակով՝ ապահովելով որակյալ և անվտանգ միջավայր։

Հաշվի առնելով համագործակցության հաջողությունն ու այցելուների մեծ հետաքրքրությունը, նախատեսվում է առաջիկայում կրկին կազմակերպել նմանատիպ թեստավորման հնարավորություն։

Պատրաստվելով հպարտության ամսվան

Վերջերս հայտարարեցինք երկու կարևոր միջոցառումների մասին, որոնք տեղի են ունենալու հունիսին՝ Հպարտության ամսին։

10 տարիների ընթացքում Ծիածան ֆորումը դարձել է ավելին, քան պարզապես միջոցառում․ այն շատերիս համար վերածվել է ինքնաարտահայտման, ծանոթությունների ու կապվածության ապահով տարածքի։ Փինքի կողմից կազմակերպվող այս ամենամյա ֆորումը վերաճել է Հայաստանում ԼԳԲՏ+ շարժման և համերաշխության խորհրդանիշի։

Ու հիմա, 10-րդ հոբելյանական ֆորումը մոտենում է։

Հունիսի 19-21-ը պատրաստվեք համախմբվելու՝ առավել տոկուն, առավել հպարտ, առավել բարձրաձայն, որպեսզի տոնենք անցած ճանապարհը և լիցքավորվենք նոր ուժերով՝ պայքարելու արժանի ապագայի համար։ Իսկ մասնակցության մանրամասները կհրապարակենք շուտով։

Մեզ սպասում են ոգեշնչող քննարկումներ, զորեղացնող աշխատարաններ, սրտառուչ պատմություններ և անկոտրում շարժման զգացողությունը, որոնք ֆորումը դարձնում են այդքան յուրահատուկ։

Տոկունության տասնամյակ։
Տեսանելիության տասնամյակ։
Առաջընթացի տասնամյակ։

Նշե՛ք Ձեր օրացույցներում․ 10-րդ «Ծիածան» ֆորումն անմոռանալի է լինելու։


Փինքը հունիսի 28-30-ը կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած 5-րդ Հպարտության ճամբարը։

Խարույկի շուրջ քննարկումները, մասնագետների հետ հանդիպումները, խաղերը, ֆիլմերն ու խմբային աշխատանքները ավելի են հետաքրքրացնելու, ուրախ ու տպավորիչ դարձնելու օրերը, որոնք ճամբարի մասնակիցները կանցկացնեն միասին։

Լրացրեք մանակցության հայտը և մեզնից սպասեք պատասխանի հունիսի 1-ից հետո։