ԼԳԲՏ անձանց նկատմամբ արձանագրված իրավախախտումները 2021 թ․ ընթացքում

24-11-2021

Ամեն տարի Փինք իրավապաշտպան ՀԿ-ն իրականացնում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) նկատմամբ խտրականությամբ զուգորդված իրավունքների խախտումների արձանագրում։

2020 թվականի ընթացքում կազմակերպության կողմից տրամադրվել է 371 իրավաբանական խորհրդատվություն, որոնցից 40-ը ՍԿԳԻ հիմքով իրավախախտումներ են հանդիսացել։

2021 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 308 իրավական խորհրդատվություն և արձանագրվել է անձանց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով 29 իրավախախտումներ։

Իրավախախտները ծեծել են տուժածներին, սպառնացել են զենքով, բացի այդ՝ հոգեբանական ճնշում են գործադրել, վիրավորել և նվաստացրել նրանց։

Արձանագրվել են ԼԳԲՏ անձանց ՍԿԳԻ վերաբերյալ տվյալների բացահայտման դեպքեր, ընդ որում՝ ոչ միայն անհատների, այլ նաև պետական մարմինների կողմից։ Արձանագրվել են դեպքեր, երբ իրավախախտները գումար են շորթել տուժածներից՝ նրանց անձնական տվյալներն ընտանիքի անդամներին չբացահայտելու դիմաց։

Որոշ դեպքերում ԼԳԲՏ անձանց թույլ չեն տվել օգտվել որոշակի հանրային ծառայություններից․ արգելել են նրանց մուտքը ժամանցի վայրեր, հրաժարվել են սպասարկել սննդի խանութներում։

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ընտանիքում բռնության թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։ Արձանագրված 29 դեպքերից 13-ը ընտանեկան բռնության դեպքեր են։ ԼԳԲՏ անձինք իրենց ընտանիքի անդամների, հարազատների կողմից ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնության։

Չնայած իրենց նկատմամբ ոտնձգությունների ծանրությանը՝ ԼԳԲՏ անձինք խուսափում են դիմել իրավապահ մարմիններին իրենց իրավունքները վերականգնելու համար։ Արձանագրված դեպքերից ընդամենը 8-ով է դիմում ներկայացվել իրավապահ մարմիններին (դրանցից 3-ը ընտանեկան բռնության վերաբերյալ դիմումներ են, 5-ը՝ հանցագործության մասին հաղորդումներ)։ Հարկ է նշել, որ իրավապահ մարմիններին դիմելիության ցածր մակարդակը պայմանավորված է վերջիններիս նկատմամբ անվստահությամբ․ ԼԳԲՏ անձինք կարծում են, որ իրենց բողոքը, միևնույն է, ընթացք չի ստանալու, հանցավորները չեն պատժվելու։ Ավելին, հնարավոր է դա առաջացնի հանցավորների զայրույթը և վերջիններս փորձեն հաշվեհարդար տեսնել իրենց հետ։ Իրավապահ մարմինների չդիմելու մյուս պատճառներից է այն, որ ԼԳԲՏ անձինք հանդիպում են նրանց խտրական և ոչ զգայուն վերաբերմունքին։ Պետք է արձանագրել, որ հաճախ ԼԳԲՏ անձանց մտահոգությունները տեղին են․ հանցագործության մասին 5 հաղորդումներից 3-ը ընթացք չեն ստացել կամ քրեական գործերը կարճվել են, իսկ 1-ի մասին կազմակերպությունը տեղեկատվություն չունի։ Իսկ ընտանեկան բռնության մասին 3 դիմումներից 2-ով բռնարարին միայն նախազգուշացում է տրվել։ Ներկայացված հաղորդումներից միայն մեկով է վարույթն իրականացնող մարմինը մեղադրական եզրակացություն կայացրել, այնուամենայնիվ գործը դեռևս դատաքննության փուլ չի անցել, բացի այդ հանցագործությունը ՍԿԳԻ նկատմամբ ատելության շարժառիթով կատարելու հիմքը քրեական գործով քննության առարկա չի դարձվել։

ԼԳԲՏ անձինք իրենց պաշտպանված չեն զգում, մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են, իսկ իրավապահների նկատմամբ անվստահության պատճառով ԼԳԲՏ անձինք չեն դիմում համապատասխան մարմիններին իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ անձինք չեն ենթարկվի տարբերակված վերաբերմունքի կախված իրենց որևէ հատկանիշից, ներառյալ անձի սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։